ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 0.6 տոկոս, ինչը վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել:
Մինչ այս տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը արձանագրվել էր 2009-ի աշնանը: Մասնավորապես այդ տարի նույն 11 ամիսների արդյունքներով արձանագրվել էր 16 տոկոսի անկում: Իսկ հաջորդ` 2010 թվականին արդեն հունվար-նոյեմբերի ժամանակահատվածում 2.6 տոկոսի տնտեսական աճ էր արձանագրվել: 2011 թվականի տնտեսական աճի ցուցանիշը նույնպես կազմել էր 2.4 տոկոս, 2012-ին տնտեսական աճի ցուցանիշը եղել էր 7.1 տոկոս, 2013-ին` 3.1, 2014-ին` 3.8, իսկ արդեն 2015-ին` ընդամենը 2.9 տոկոս:
Հաջորդ աննախադեպ անկումը, որն այս 11 ամիսների արդյունքներով արձանագրվել է, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների նվազումն է. այն կազմել է 6.1 տոկոս: Սա նշանակում է, որ այս տարվա 11 ամիսներին Հայաստանում ավելի քիչ գյուղմթերք է աճեցվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Եթե նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ են գյուղմթերքի արտադրության ծավալները նվազել, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում:
Արդյունաբերական արտադրանքի ծավալները 11 ամիսների կտրվածքով աճել են 6.8 տոկոսով: Սակայն, եթե արդյունաբերության տվյալներից հանվեն հանքարդյունաբերության, կամ ավելի կոնկրետ՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները, որոնք հունվար-նոյեմբերին 30 տոկոսով աճել են, ապա արդյունաբերությունում եւս շատ տխուր պատկեր կստացվի:
Ինչ վերաբերում է տնտեսության մեկ այլ կարեւոր ճյուղին՝ շինարարությանը, ապա այստեղ ծավալները գնալով ավելի են նվազում: Այս տարվա 11 ամիսների արդյունքներով շինարարության ծավալները, անցած տարվա համեմատ, նվազել են 10.9 տոկոսով: Մինչդեռ 2015 թվականի տասնմեկ ամիսներին շինարարության ծավալները նվազել էին 3.1 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն այս տարվա հունվար-նոյեմբերին 0.3 տոկոսով աճ է արձանագրել:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ 11 ամիսների արդյունքներով՝ էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները, անցած տարվա համեմատ, նվազել են 6.4 տոկոսով: Հենվելով պաշտոնական տվյալների վրա՝ հերթական անգամ կարող ենք փաստել, որ Հայաստանում գնալով ավելի քիչ էլեկտրական էներգիա է սպառվում: Հասկանալի է, չէ, որ եթե արդյունաբերությունն աճում է, այդ ոլորտի կողմից էլէներգիայի սպառումն ավելանում է, եթե բնակչությունը հարստանում է, ու տեխնիկայի քանակն ավելանում է, ապա կրկին էլէներգիայի սպառումն ավելանում է: Իսկ երբ էլէներգիայի սպառումն անկում է ապրում, դա ուղղակի խոսում է այն մասին, որ երկրի տնտեսությունը եւս անկում է ապրում, անկախ նրանից, թե պաշտոնական վիճակագիրները որքան են ջանում՝ գոնե չնչին աճ «նկարելու» համար:
Ի դեպ, այս տարվա 11 ամիսներին, անցած տարվա համեմատ, արտահանման ծավալներն աճել են, այս անգամ այդ ցուցանիշը կազմել է 21.2 տոկոս: Հիշեցնենք, որ արտահանման ծավալների՝ այս տարի արձանագրված աճը պայմանավորված է անցած տարվա անկմամբ: Անցած տարվա սկզբից հատկապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կտրուկ նվազել էին, սակայն տարվա վերջից սկսած այդ ցուցանիշը վերականգնվեց, ինչով պայմանավորված էլ այս տարի արտահանման երկնիշ աճ է արձանագրվում:
Իսկ ներմուծման ծավալները վերոնշյալ ժամանակահատվածում 2 տոկոսով են աճել:
Նկատենք, որ այս տարվա 11 ամիսների վիճակագրական արդյունքները գործնականում արտացոլում են ոչ միայն նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի, այլեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ-ին ներկայացրած ծրագրով խոստանում էր ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ: Մի բան, որ տեղի չունեցավ: Կարեն Կարապետյանի կառավարությունը թեեւ այդքան հստակ չէ իր խոստումներում, սակայն այս կառավարության եռամսյա աշխատանքի արդյունքները եւս առայժմ տեսանելի չեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ