Արփին` ժողովրդական երգերի նոր մշակումների և Ամանորը ընտանիքից հեռու անցկացնելու մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արփին (Արփի Շահնուբարյան), ով վերջերս ԱՄՆ-ում կայացած «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխության շրջանակում արժանացավ «Տարվա լավագույն ժողովրդական մշակում» մրցանակին` «Թամզարա» երգի համար, մտադիր է շարունակել հանդես գալ նոր մշակումներով:


Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հաճելիորեն զարմացել է` պարզելով, թե որքան մեծ է նորովի մատուցված ժողովրդական երգերի պահանջը, հատկապես երիտասարդների շրջանում: Արփին հույս հայտնեց, որ արդեն 2017-ին հանդես կգա նաեւ նոր տեսահոլովակներով:

Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 31-ին, երգչուհին հրավիրված է Կանադայի Տորոնտո քաղաք` մասնակցություն ունենալու տեղի հայ համայնքի համար կազմակերպվելիք համերգին. «Տոնական օրերին 5 օրով կբացակայեմ երկրից: Իհարկե, դժվար է Ամանորին ընտանիքից հեռու լինելը, բայց, դե, աշխատանքս է այդպիսին… Ընտանիքում փորձում ենք մեկս մյուսիս ընդառաջ գնալ»,-ասաց նա: Վերադառնալով 2017-ի հետ կապված գործնական ծրագրերին` Արփին տեղեկացրեց, որ մտադիր է երկրպագուներին ներկայանալ փոքրիկ մենահամերգով, որի ընթացքում կհնչի ֆոլկ երաժշտություն:

Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ ինքն էլ է երգեր հեղինակում եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի դրանք հանդիսատեսին ներկայացնելու առիթներ կունենա. «Ես գրում եմ երգերի թե՛ երաժշտությունը, թե՛ խոսքերը: Թե ինչ կստացվի արդյունքում, մեծապես կախված է նաեւ գործիքավորումից: Հուսամ` մնայուն երգեր կծնվեն»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս