Թբիլիսին Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու հույս է հայտնել: Նման կերպ Վրաստանում արձագանքել են երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մեծ մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը:
«Բացառված չէ, որ Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ կգործի: Դրա համար հիմքեր կան, առավել ևս, որ մենք տեսնում ենք որոշակի ազդանշաններ Վրաստանում առանձին իշխող կառույցներից»,-ասել էր Պուտինը:
«Վրաստանը պատրաստ է լուծել բոլոր խնդիրներն ու շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը Ժնևի խորհրդակցությունների միջազգային ֆորմատի շրջանակներում»,-ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն:
Նա նաև հիշեցրել է, որ Վրաստանը միջազգային հանրության կողմից անվտանգ երկիր է ճանաչվել, և այդ իսկ պատճառով մի շարք պետություններ չեղարկել են Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: