Որքան գումար է անհրաժեշտ Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում նշելու համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի գիշերը Հայաստանում գործող ռեստորանային համալիրները բազմապիսի առաջարկներ են ներկայացնում, գումարները ևս բազմապիսի են`  կախված պատվերից, նստելու վայրից, մատուցվող ծառայություններից: Եվ այսպես, Armlur.am-ը ներկայացնում է, թե դեկտեմբերի 31-ի գիշերը որ ժամանցի վայրն ինչ առաջարկներ է ներկայացնում:

ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին փաստացի պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տոնական համերգի մեկնարկը կլինի ժամը 22:00-ից: Երեկոյի ընթացքում կլինի շոու ծրագիր, ելույթ կունենա «Փարավոն» համույթը, երգիչ Մհերը` քույրիկի հետ, իսկ երեկոյի հյուրը լինելու է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Ռետորանային համալիրից մեզ հայտնեցին, որ դեռ սահմանափակ քանակությամբ ազատ տեղեր կան, սրահի 80 տոկոսը գրեթե զբաղված է,  իսկ գնային առումով երկու արժեք է գործում` մեկ անձի համար 48 հազար դրամ (անկյունային հատված) կամ 55 հազար դրամ (կենտրոնական հատված):

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին փաստացի պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում մի փոքր ավելի մատչելի տարբերակներ են առկա: Այստեղ Ամանորի գիշերը մուտքն արժե 12 հազար դրամ, որով կարող եք միայն ուկնդրել երաժշտություն. սննդի համար պետք է առանձին վճարել: Այդ օրը ռեստորանում ելույթ կունենան Սպիտակցի Հայկոն, Սարոն, Ապարանցի Դավոն և այլք:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանին փաստացի պատկանող «Բելաջիո» ռեստորանում մեկ անձի վճարը կազմում է 40 հազար դրամ: Այն ներառում է նաև ուտելիք: Ռետորանում կլինի շոու ծրագիր, հանդես են գալու երգիչ-երգչուհիներ:

Jose համալիրի SHOW CLUB-ում մուտքը մեկ անձի համար կազմում է 20 հազար դրամ, որի մեջ մտնում է միրգ, շամպայն: Լաունջ բարում մեկ անձի մուտքի արժեքը կազմում է 15 հազար դրամ, այստեղ մինչ լույս կլինի նաև դիջեյ: Իսկ արդեն ռեստորանում մեկ անձի արժեքը կազմում է 35 հազար դրամ, կլինի շոու ծրագիր:

«Յանս» համալիրում ամանորա շոու ծրագիրը կմեկնարկի 23:00-ից: Մուտքի արժեքը տարբեր է` կախված նաև մատուցվող ծառայություններից: Գործում են հետևյալ արժեքները`  15, 20 և 25 հազար դրամ: Բոլոր արժեքների դեպքում էլ գործում է հյուրասիրություն` մրգի, կոնֆետի կամ շամպայնի տեսքով:

«Հավանա» ռեստորանային համալիրում ևս տարբեր ծառայություններ և արժեքներ են գործում: Ամանորյա ծրագիրը կմեկնարկի 23:00-ից, իսկ 00:00-ից կմեկնարկի «Հավանա շոու» բալետը: 1 անձի համար արժեքը տարբեր է. 1-ին հարկում 29 հազար, երկրորդում` 26 հազար, իսկ երրորդում`  20 հազար դրամ: Արժեքի մեջ մտնում է հյուրասիրություն, գազավորված հյութեր, ալկոհոլային խմիչքներ: Իսկ դասական սրահում մեծ անձի մուտքի արժեքը կազմում է 18 հազար դրամ:

«Ֆլորենս» ռեստորանային համալիրում 1 անձի մուտքի արժեքը կազմում  է 20 հազար դրամ, որի մեջ մտնում է միայն շոու ծրագիրը: Երեկոյանը ծրագիրը մեկնարկելու է 23:00-ից:

Կազմեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս