Տարվա մեծագույն ձեռքբերումը` ըստ մշակույթի գործիչների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականը` իր մատուցած անակնկալներով, փորձություններով, մտահոգիչ, ցավալի իրադարձություններով ու ոգեւորիչ պահերով, ընդամենը մի քանի օրից կմնա անցյալում: Տեղին կլինի, եթե փորձենք հետադարձ հայացք նետել եւ ամփոփել 2016-ը` համապատասխան դասեր քաղելով գալիք տարվա համար:  «Ժողովուրդ»-ը զրուցել է մշակույթի գործիչներից մի քանիսի` երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի եւ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի հետ:

-Ո՞րն եք համարում Ձեր ոլորտի այս տարվա մեծագույն ձեռքբերումը:

Էդուարդ Զորիկյան-Հայ հեղինակային երգի ոլորտում նոր հեղինակ-կատարողների բացահայտումը: Շուտով հանրությանը կներկայացվի հեղինակային երգերի երրորդ ժողովածուն, որը նաեւ «Հուսո առագաստ» համահայկական փառատոնի ծնունդն է. ժողովածուում ընդգրկված են ավելի քան 40 հեղինակների գործեր:

Հովիկ Չարխչյան-Գրական ոլորտի տարվա ամենամեծ ձեռքբերումն առնչվում է ոչ թե անհատական կամ կոնկրետ ստեղծագործական խնդրի, այլ այն հանգամանքին, որ հնարավոր եղավ պահել գրական ընդհանուր լավ միջավայր եւ փոխանցել այն 2017-ին: Ցավոք, այդպես էլ չարժանացանք շատ լուրջ գրական ստեղծագործությունների, որոնց մասին կարելի է բարձր կարծիք արտահայտել, բայց ընդհանուր միջավայրը հուշում է, որ մոտ ապագայում դրա ականատեսը կլինենք:

Էդուարդ Թոփչյան-Մեր նվագախումբը ողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն աշխատեց, ունեցավ լավ համերգներ եւ հյուրախաղեր, արժանացավ բարձր գնահատականների, ընդհուպ մինչեւ Վալերի Գերգիեւի կողմից:

Երվանդ Երզնկյան-Արմեն Ամիրյանի` մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելը:




Լրահոս