240 մլն դոլար ներդրում անող ընկերությունը սնանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ անցած տարվա դեկտեմբերին «Ալյոտիգ» ընկերությունը, որը պետք է զբաղվեր ՀՀ-ում 3՝ Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ, ժամանակավորապես սնանկ է ճանաչվել, ապա կարճ ժամանակ անց առողջացել:

Պատճառը պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորություններն են, որոնք կազմել են 13 մլն 436 հազար դրամ: Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պարտքերը մարվել են, իսկ ընկերությունը արագ ոտքի է կանգնել: Հիշեցնենք, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն կոչված էր դառնալու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (ԶՊՄԿ) պատկանող Ողջիի եւ Փխրուտի կոնսերվացված, իսկ կոնսերվացումից հետո նաեւ Արծվանիկի պոչամբարների սեփականատերը եւ վերամշակել այդ պոչամբարների պոչերը:

Այս մասին նշված է «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծում, որը դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Ի դեպ, հուշագիրը կնքվել է ՀՀ կառավարության, ԶՊՄԿ ՓԲԸ-ի 60 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության, ԶՊՄԿ ՓԲԸ-ի, VSEI ձեռնարկությունների խմբի եւ «Ալյոտիգ» ՍՊԸ-ի միջեւ: Իսկ «Ալյոտիգ» ընկերությունը նախնական փուլով պետք է կատարեր ներդրումներ 240 մլն դոլարի չափով: Ըստ այդ հուշագրի՝ բացվելու էր 1800 աշխատատեղ:

Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչպես է 240 մլն դոլար ներդրում անող ընկերությունը պարտքեր կուտակել, մի քանի օրով սնանկացել, ապա առողջացել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս