Վերջերս Արցախում տեղի ունեցավ ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարի, Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարարի եւ, ինչպես պաշտոնական լրահոսում էր ձեւակերպված, մտավորականների հետ հանդիպումը: Armlur.am-ը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց` այն մտավորականներին, որոնք ներկայացել էին հանդիպմանը, ինքն էր ընտրե՞լ, թե՞ նախագահը, ի՞նչ սկզբունքով էր որոշվել` ում հրավիրել եւ ում` ոչ:
«Ես էի ընտրել եւ կարծում եմ` լավ ընտրություն էր: Գիտե՞ք` հաջորդ հանդիպմանը կարող են լրիվ այլ մարդիկ հրավիրվել, որովհետեւ ես ուզում եմ ներգրավել ամբողջ դաշտը` հասկանալով, թե ինչ խնդիրներ կան: Ես այս միտումով եմ կազմել այդ մարդկանց ցանկը: Որովհետեւ եթե նկատեցիք, այնտեղ ներկա էին մարդիկ, որոնք ունեին հրատապ խնդիրներ, մտահոգություններ` մշակութային դաշտի հետ կապված: Այնպես որ` որեւէ միտում մի փնտրեք այս ամենի մեջ:
Դա միայն հանդիպում չէր հանրապետության նախագահի հետ: Հանդիպումը նաեւ առիթ դարձավ, որ մեր մտավորականները ծանոթանան Լեռնային Ղարաբաղում գործող մշակութային տարբեր կառույցների, հասկանան, թե ինչ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ տեղում ստեղծվեցին համագործակցության ծրագրեր, առնվազն 4 նոր նախագիծ, ինչի համար ես շատ ուրախ եմ»,-ասել է նախարարը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Աննա Բաբաջանյան, Նարեկ Սարգսյան