Սեյրան Օհանյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: Եվ այս կապակցությամբ սկզբունքային դիրքորոշումս ուզում եմ ներկայացնել հստակ և առանց երկիմաստությունների:
1. Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձև իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս նպատակի համար պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։ 10–միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են մեր կշիռը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային ասպարեզում: Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, և, իհարկե, կան մարդիկ և շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել։
2. Խաղաղության գինն ամենալավը գիտենք զինվորական ու մարտական ճանապարհ անցածներս: Մենք ամենաշատն ենք ուզում խաղաղություն:
Երկրի զարգացման և արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձև ՝ հաշվի առնելով մշտական արտաքին վտանգի գործոնը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների տարատեսակ շահերը և այդ շահերի բախումը, մեր տարածաշրջանի երկրների՝ անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու մոտեցումները: Այսպիսով՝ պետք է զգոն լինել, քանզի մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը սուր են լինելու դեռ երկար ժամանակ:
3. Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։
Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով և արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ սա համահայկական հարց է, ուստի, պատկերավոր ասած, չի կարելի մի եղբոր հաշվին լուծել մյուս եղբոր խնդիրը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դժվարությամբ և արյան գնով ձեռք բերված հաղթանակին ու անկախությանը։
4. Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք։
5. ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, միջազգային հանրությունը իրականացնում են կարևորագույն միջնորդական առաքելություն՝ փորձելով գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին, ըստ իս, գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, որոնք Բաքվի հետ պետք է համաձայնության տարբերակ գտնեն: ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, պետք է հասնի իր սուբյեկտայնության միջազգային ճանաչմանը:
6. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և արժանապատիվ խաղաղությունը ապահովվելու են ոչ միայն միջպետական համաձայնագրերով, այլ հակամարտող կողմերի միջև առկա ուժերի հաշվեկշռով։ Անվտանգության հարցերում ապավինելով սեփական ուժերին՝ պետք է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների և գործընկերների հետ, ինչը հնարավոր է միայն սեփական երկրի կշիռն ու վարկանիշը բարձրացնելով։
7. Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։
Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։
8. Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր զինվորներն ու սպաներն են՝ հայոց բանակը։ Բանակը չի կարող դիտարկվել որպես պետության ու մեր քաղաքացիների վրա դրված ծանր բեռ։ Պետության քաղաքական, տնտեսական վերնախավի կարևորագույն պարտականությունն է շարունակել նաև բանակահենք տնտեսության զարգացման ուղին՝ կառուցված բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից գիտելիքների վրա:
Հայկական զինված ուժերը 1994 թվականին պարտադրել են հրադադար և հետագայում պարբերաբար իրականացրել այդ գործառույթը, սակայն ուզում եմ հատուկ նշել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում այլ կարևորագույն գործոններից միայն մեկն է։ Տնտեսական, դիվանագիտական և այլ համակարգերի աշխատանքը ոչ պակաս կարևոր է ու կատարում է կանխարգելիչ և հակառակորդի ախորժակը զսպող դեր։
9. Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մինչև հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ չձևավորվի, դժվար է բանակցային գործընթացում առարկայական առաջընթաց արձանագրելը:
Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտական գնահատականների վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը նշանակում է տրվել ինքնախաբեության:
Արցախի ներկա սահմանները ձևավորվել են ադրբեջանական երկու ագրեսիաների դիմակայելու արդյունքում՝ արցախահայության անվտանգության երաշխավորման համար անհրաժեշտ պաշտպանության խորություն ապահովելու նկատառումներից ելնելով: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները:
Հարկավոր է հաշվի առնել այն, որ հակամարտության կողմերը տարբեր եղանակով են տեսնում լուծումը: Փոխհամաձայնությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվի ագրեսիվ-ծավալապաշտական նկրտումներից՝ ընդունելով արցախահայության ինքնորոշման արդյունքը՝ Արցախ պետության գոյությունը: Սա՛ է մեր երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության բանաձևը:
10. Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»: