Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի շախմատի դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը, որով էլ ամբողջությամբ ավարտվեց մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը: Թիվ 157 դպրոցի տարիներ շարունակ չօգտագործվող տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվել ու հարմարեցվել է շախմատի դասընթացների կազմակերպման համար, որը շուրջ 220 շախմատասեր մանուկների հնարավորություն կընձեռի ստանալու շախմատային անվճար կրթություն: Պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նորաբաց դպրոցում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին: Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին շախմատի զարգացման նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, նաև առանձնակի կարևորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը՝ պատասխանատուները նկատել են, որ մարզական այս օջախների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:
Հարկ է նշել, որ դեռևս 2013 թվականից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ ավարտվեց և, ինչպես խոստացել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի բոլոր վարչական շրջաններն այսօր ապահովված են շախմատի հարմարավետ դպրոցներով: Ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 4000 երեխաներ շախմատային անվճար կրթություն ստանալու հնարավորություն ունեն: