ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մ.Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննության տվյալներով՝ 1948թ. ծնված Զվարթ Վարդումյանը 1991 թվականից աշխատել է որպես Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Մ.Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ 2013 թվականից՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Զ.Վարդումյանը պաշտոնատար անձի կնոջը 2009 թ.-ի հոկտեմբերի 1-ին ձևակերպել է որպես աշխատանքի ուսուցման ուսուցչուհի և հատկացրել 7 դասաժամ։ Իրականում վերջինս աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա փոխարեն այդ դասաժամերն անցկացրել է մեկ այլ ուսուցչուհի։
Այդուհանդերձ, դպրոցի տնօրենը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Իրինդ համայնքի Մ.Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցի 2009-2013թթ. տարիֆիկացիոն ցուցակներում կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել՝ պաշտոնատար անձի կնոջ աշխատանքի ներկայանալու վերաբերյալ և հաստատել դրանք: Ըստ քննության տվյալների՝ դուրս գրված աշխատավարձերն ստացել է այն ուսուցչուհու ամուսինը, ով իրականում անցկացրել է դասաժամերը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Զ.Վարդումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ։
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին