ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների սաները հաշվետու համերգով ելույթ ունեցան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաները դեկտեմբերի 26-ին հաշվետու համերգով ելույթ ունեցան Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Արդեն չորրորդ տարին է, ինչ ծրագրում ընդգրկված երիտասարդ կատարողները, ավանդույթի համաձայն, տարեվերջին հանդես են գալիս համատեղ գալա համերգով:

Ի դեպ` հաշվի առնելով երիտասարդ կատարողների ունակություններն ու պատրաստվածությունը, գալա համերգը անցկացվում է երկու օր: Այս տարի ներկայացվեց ավելի բարդ և հագեցված համերգային ծրագիր: Ի ուրախություն բոլորիս` դահլիճը լիքն էր: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ էր ընդունում յուրաքանչյուր կատարողին: Չնայած երիտասարդ տարիքին, ծրագրում ընդգրկված երաժիշտները փայլուն ելույթ ունեցան, ինչի վկայությունը չդադարող ծափերն էին և հանդիսատեսի, այդ թվում` մասնագետների կարծիքները։ Վառ, արտիստիկ և տաղանդավոր այս պատանիները դրականորեն զարմացրեցին հանդիսատեսին և ապացուցեցին, որ կարող են Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային բեմերում:

Ընթացիկ տարվա արդյունքները միջազգային ասպարեզում արդեն իսկ տպավորիչ են: Ծրագրում ընդգրկված կատարողները դարձել են մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների և փառատոնների դափնեկիրներ: 11-ամյա Անի Աթայանը /դաշնամուր/ Հայաստանը ներկայացրեց «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Դիաննա Ադամյանը /ջութակ/ Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացավ 2-րդ, իսկ Անդրանիկ Աղաջանյանը` հատուկ մրցանակի:

Անդրեյ Կուբերտը /դաշնամուր/ հատուկ մրցանակ ստացավ «Gina Bachauer» միջազգային մրցույթում, Անահիտ Առուշանյանը /դաշնամուր/ արժանացավ Grand Prix-ի «Baltik» միջազգային մրցույթում: Խաչիկ Անդրեասյանը /դաշնամուր/ մենահամերգով հանդես եկավ Արամ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնում, Անի Բոստանջյանը «Վերածնունդ» միջազգային մրցույթում արժանացավ 1-ին մրցանակին: Ռուսաստանում կայացած Դելփյան խաղերում Վարդան Գյոդակյանն արժանացավ 3-րդ մրցանակի և բրոնզե մեդալի:

ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Լավագույն մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաև վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից:

Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն և տարբեր դպրոցների փորձի փոխանակում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը: Դաշնակահար Արմեն Բաբախանյանի անունը ճանաչելի է նաև արտերկրում:

Նա մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների /Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին/ դափնեկիր է: Մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի ազգային սիմֆոնիկ, Թագավորական սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` Վալերի Գերգիևի գլխավորությամբ:

Այսօր Արմեն Բաբախանյանը ստեղծագործական և մանկավարժական գործունեության հետ համատեղ՝ ղեկավարում է պատանի երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագիրը: Նրա ավանդը պատանի երաժիշտների կայացման գործում իրոք մեծ է, կատարված աշխատանքը` տպավորիչ: Անգամ ոչ մասնագետի համար ակնհայտ է այն զգալի առաջխաղացումը, որն ունեցել են նրա սաները մեկ տարվա ընթացքում: Եվ կրկնակի ուրախալի է, որ ծրագիրն իր ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Նախարար Արմեն Ամիրյանն անձամբ ներկա էր պատանի երաժիշտների գալա համերգին և բարձր գնահատեց նման ծրագրի հետագա զարգացումն ու ընդլայնումը:
Ի դեպ` Ամանորի նախաշեմին, ծրագրի մասնակիցների համար նախարությունը պատրաստել էր հաճելի անակնկալ. այսուհետ ծրագրի բոլոր սաներին կտրամադրվի կրթաթոշակ:

Անի Ստեփանյան




Լրահոս