Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ակնհայտորեն խախտում է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները. ՀՀ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող եւ մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաեւ ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ակնհայտորեն խախտում է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները: Խիստ դատապարտման է ենթակա եւ անթույլատրելի մարդուն, այդ թվում՝ զինվորական ծառայողին կյանքից զրկելն այն պայմաններում, երբ բացակայում է հարձակման որեւէ հավանականություն: Խիստ դատապարտելի է ռազմական գործողություն նախաձեռնելը բնակելի գյուղի մոտակայքում եւ այն էլ առավոտյան ու ցերեկային ժամերի, ինչը իրական է դարձնում գյուղի բնակիչներին վնաս պատճառելու հնարավորությունը եւ ադրբեջանական զինված ուժերի այդպիսի մտադրությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անհապաղ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման հանգամանքները եւ կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ:

Փաստահավաք աշխատանքների կատարման արդյունքների հիման վրա կտրվեն հիմնավորված գնահատականներ՝ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայ զինվորների ծանր կորստյան համար իր ցավակցությունն է հայտնում նրանց հարազատներին»:




Լրահոս