2017 թվականի հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը, հաղորդում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ռիչարդ Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006 թվականներին, ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011 թվականներին և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում 2011-13 թվականներին: Վերջին շրջանում Հոգլանդը ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները և զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ վերոհիշյալ նշանակումները նա ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը և եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:
«Դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տևական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել կողմերին հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները և հորդորում վերադառնալ կարգավորման շուրջ բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը», – ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Ուորլիքը պատրաստվում է գործընկեր դառնալ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ռուսական իրավաբանական ընկերությունում: