ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հանրապետությունը: Ըստ նախնական վարկածի՝ մայրը սեփական ձեռքերով խեղդամահ է արել երկու մանկահաս երեխաներին՝ 5 եւ 7-ամյա դուստրերին, ապա կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Ոստիկանությունում քաղաքացու ինքնասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին՝ աստիճաններից կախված վիճակում, մտնելով տուն՝ անկողինների մեջ՝ իրար կողքի, հայտնաբերել էին նաեւ քույրերին՝ խեղդամահ եղած:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 45-ամյա կինը մանկավարժ էր, աշխատում էր Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի: Չճշտված տեղեկություններով՝ նաեւ տներ է մաքրել, երեխաներին պահել: Դեպքի վայր ժամանած «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ արդեն բնակարանը բերված էր տոնական տեսքի, զարդարված ու կոկիկ: Հատկանշական է, որ դեպքի վայր այդպես էլ հարազատներից ու ծանոթներից ոչ ոք ժամեր շարունակ չէր այցելել, չնայած որ լուրը ցնցել էր ողջ հանրապետությունը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ կնոջ ամուսինը Սպիտակ քաղաքում է բնակվում, սակայն նա եւս դեպքի վայրում չի եղել, մինչ ուշ երեկո նաեւ ոստիկանություն չի այցելել:
Երեկ լուրեր շրջանառվեցին, թե կինը հոգեպես անառողջ է եղել, սակայն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կինը երբեւէ գրանցված չի եղել հոգեբուժարանում եւ չի բուժվել:
Մարինե Հովհաննիսյանը ծնունդով Շիրակի մարզի Կրասար գյուղից է, ամուսնացել էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում, ապա չորս տարի առաջ ամուսնալուծվելուց հետո աշխատանքի էր անցել Սարալանջի դպրոցում:
Ի դեպ, մահացած կնոջ մայրն էլ դեռեւս 1990-ական թվականներին ինքնասպան է եղել՝ կրկին կախվելու միջոցով, ավելի ուշ նրա մորաքրոջ որդին է նույն քայլին դիմել: Դեպքի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սարալանջի դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի հետ, ում խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանը դպրոցում աշխատանքի է անցել ընթացիկ տարվա օգոստոսին՝ մրցույթով: Տնօրենի խոսքով՝ կինը բարեհամբույր էր, սիրում էր երեխաներին եւ իր աշխատանքը, ու նրա պահվածքում աշխատակազմից որեւէ մեկը տարօրինակ ոչինչ չի նկատել. «Բոլորս շոկի մեջ ենք: Չենք կարողանում հավատալ նման բանի»:
Տնօրենի մեկնաբանությունից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք կինն է եղել իր երեխաներին խեղդամահ անողը, եթե այո, ապա ինչպես են հոգեպես անառողջ կնոջը վստահել դպրոցահասակ երեխաների դաստիարակությունն ու կրթությունը հանրակրթական դպրոցում, ինչպես եւ ինչ չափանիշներով են անցկացվում մրցույթները:
Եվ ահա, այս հարցերի ֆոնին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մահճակալին մահացած հայտնաբերված երկու մանկահասակ աղջիկ երեխաների պարանոցին բռնության հետքեր են հայտնաբերվել: «Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, եւ նրանց պարանոցների շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Սահմռկեցուցիչ դեպքի շուրջ տարածված տեղեկություններն այսքանով չեն ավարտվում:
Մինչ գործընկերները կնոջը մարդկային բարձր որակներով են գնահատում, տեղեկություններ են տարածվում այն մասին, որ 45-ամյա մանկավարժն ամուսնալուծվել է ամուսնու առողջական խնդիրների պատճառով: Ըստ այդմ, խոսվում է այն մասին, որ տղամարդը հոգեպես անառողջ է եղել: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն՝ երեխաների եւ կնոջ սպանության մեղավորն ամուսինն է: Ըստ այդ տեղեկությունների՝ երեխաներին խեղդամահ արած հայրը սպանել եւ կախել է նաեւ կնոջը:
Այս վարկածը, սակայն, մեր տեղեկություններով՝ պաշտոնապես դեռեւս չի քննարկվել:
Կրկին անդրադառնալով առաջին վարկածին՝ հարց է առաջանում, ինչը կարող էր մանկավարժ կնոջը դրդել սպանել հարազատ երեխաներին: Ըստ տեղեկությունների՝ կինը սոցիալապես անապահով վիճակում էր գտնվում, ապրում էր վարձակալության հիմունքներով: Բայց արդյոք սա հիմնավոր պատճառ է՝ նման քայլի դիմելու համար:
Մնում է հուսալ, որ քննությունն իրականում կպարզի բոլոր հանգամանքները:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ «ԿԻՍՎԵԼ» ԵՆ
2015 թվականին իրավապահների կողմից բացահայտված «Գեոպրոմայնին Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ոսկու հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հետաքրքիր երանգներ է ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աղմկահարույց գործով անցնում են ընկերության պաշտոնատար անձինք, որոնց գործողությունների մասին տեղյակ են եղել ոստիկանության աշխատակիցները, սակայն աչք են փակել: Մեղադրյալների թիվը հասնում է 20-ի:
Եվ այսպես՝ պարզվում է, որ այս գործով հանցավոր մի ողջ մեխանիզմ է գործի դրվել: Ըստ այդմ, «Գեոպրոմայնին Գոլդ» ՍՊԸ-ի ճաշարանի վարիչ, Արարատ գյուղի բնակիչ Լեւոն Սարգսյանը եւ որդին` Վոլոդյա Սարգսյանը, համաձայնության գալով նույն կազմակերպության արտադրության տնօրեն, Արարատ քաղաքի բնակիչ Արտակ Գալստյանի, արտադրամասի աշխատակիցներ Բագրատ Ավետիսյանի եւ Արթուր Խանոյանի հետ, ստեղծելով հանցավոր խումբ, վերամշակման արտադրամասից գողացել են առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ, այն տեղափոխել Քաջիկ Մարգարյանին պատկանող լճեր: Այնուհետեւ՝ հունիսի 2-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Լեւոն եւ Վոլոդյա Սարգսյանները, նախապես պայմանավորվելով Երեւանի բնակիչներ Արկադի Եսայանի եւ Վահան Սիմոնյանի հետ, ոսկին իրացնելու նպատակով ժամանել են մայրաքաղաքի «Ոսկու աշխարհ» տոնավաճառ:
Այս աղմկահարույց գործով քննությունը արդեն տեւական ժամանակ է, ինչ հատուկ քննչական ծառայությունում քննվում է: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ գործը ավարտական փուլում է: Առաջիկայում այն կուղարկվի դատարան: Իսկ ինչ էին պարզել ՀՔԾ քննիչները. գործել է հանցավոր խումբ, շուրջ 20 անձ ներգրավվել է որպես մեղադրալ, որոնց մեջ են եղել ինչպես ընկերության պաշտոնատար անձինք, այնպես էլ շարքային աշխատակիցներ: Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, վերոնշյալ անձինք առանց համապատասխան «դաբրոյի» չէին կարող այդքան ոսկին իրացնել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաեւ ոստիկանության աշխատակիցներ, որոնք, ըստ էության, աչք են փակել վերոնշյալ անձանց գործողությունների վրա եւ դեռ ավելին՝ մի բան էլ հափշտակված գողոնից «փայ են ունեցել»:
Այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ մինչ իրավապահները քննում էին աղմկահարույց դեպքը, գործով անցնողներից մեկը՝ Արտակ Գալստյանը, հունվարի 30-ին Կիեւյան կամրջից նետվելու միջոցով ինքնասպանություն գործեց:
Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը աշխատում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում որպես արտադրամասի պետ, իսկ նրա եղբայրը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանն է:
Երեկ մեզ տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ում հիմնավորվել է Արտակ Գալստյանի մեղքի բաժինը, բայց քանի որ նա մահացած է, քրեական հետապնդումը դադարեցվել է: Մեր տեղեկություններով՝ հափշտակված ոսկին կազմել է մոտ 300 միլիոն դրամ, որն էլ վարույթ իրականացնող մարմնի ջանքերով վերականգնվել է:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԱՎԵԼԻ ՈՒՇ ԿՈՐՈՇԵՆ
Դեկտեմբերի 17-ին «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը, որի ընթացքում քննարկվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ «Նոր ժամանակներ» կուսակցության դիրքորոշման հարցը: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից վերլուծության ենթարկելով ներկայիս ներքաղաքական պրոցեսների առանձնահատկությունները՝ համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխող վարչախումբը պատրաստվում է գալիք ընտրություններն էլ անցկացնել ՏԻՄ ընտրությունների սցենարով: Արձանագրվել է, որ ծրագրվող սցենարով անցկացվելիք ընտրություններն էլ ավելի են վատթարացնելու Հայաստանի վիճակը բոլոր ուղղություններով եւ չեն նպաստելու երկրի զարգացմանը: Ակտիվի ժողովը վերահաստատել է, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն: Նկատի ունենալով քաղաքական դաշտում գնացող հստակեցման պրոցեսները, ստեղծվող նախընտրական դաշինքների ծրագրերը՝ ակտիվի ժողովը նպատակահարմար է գտել 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՆԺԿ մասնակցության հարցը քննարկել ավելի ուշ:

 

 

ԽԱԲՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ
Գյումրու 221, 223, 228, 233 տնակային թաղամասերի բնակիչներն իրենց խաբված են համարում: Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ին՝ Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել եւ ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը: Բնակիչները Armtimes.com-ին ասել են, որ հանդիպմանը ներկա գտնվելու համար ԲՀԿ-ի՝ Գյումրու գրասենյակից իրենց գումար են խոստացել: «Զանգին ինձ, ասեցին՝ Ձեզ համար անակնկալ ունենք, տիկի՛ն Սուսաննա: Ծառուկյանը գալու է Գյումրի, Դուք անպայման պտի մասնակցեք, որ 20 հազար դրամ տանք: Ես էլ հաճույքով գնացի, որ իմացա գումար են տալու: Դե, մի քիչ մազերս կարգավորեցի, ասի՝ մեր Գագո Ծառուկյանին կոկիկ դիմավորեմ: Ծառուկյանը գնաց, մեզի մոռացան: Գնացի իրանց օֆիս՝ կոպիտ դուրս էրեցին: Էն համարով էլ կզանգեմ, չեն պատասխանե: Իրանց մարդ էր պետք, մեզի խաբին, տարան: Ինչ անակնկալ եղավ ընձի: Գրիպ, սոված, անոթի, ծարավ էլա գնացի: Հազար հինգ հարյուր հոգու խաբին տարան»,- ասել է 228 տնակային ավանի բնակչուհի տիկին Սուսաննան: «Խոսք են տվե, ըսել են` արեք, գրանցվեք, փող կուդանք, հմի էլ չեն տա: Էկել ենք, որ իմանանք` ի՞նչ էղավ մեր փողերը»,- ասել են ԲՀԿ գրասենյակի մոտ հավաքված անձինք:

 

 

500 ԿՐԱԿՈՑ
Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից /շուրջ 500 կրակոց/ եւ դիպուկահար հրացաններից /34 կրակոց/ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /մոտ 35 անգամ/:

 

 

14 ՄԻԼԻԱՐԴԻ ԶԵՆՔ
2016 թվականին Ռուսաստանը շուրջ 14 միլիարդ դոլարի զենք եւ ռազմական տեխնիկա է վաճառել: Այս մասին հայտարարել է ռազմա-տեխնիկական հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը: Նա, սակայն, չի նշել այն երկրների անունները, որոնց Ռուսաստանը զենք է վաճառել անցնող տարվա ընթացքում:




Լրահոս