ԹՈՂ ՄԻ ԿՈԱԼԻՑԻԱ ԷԼ ԻՐԵՆՔ ԿԱԶՄԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հետ: -Պարո՛ն Պետրոսյան, որպես իրավաբան ի՞նչ կասեք «Ժառանգության» դեմարշի վերաբերյալ: -Ես որքան գիտեմ, նրանք իրենց մանդատները վայր չեն դնում, ուղղակի բոյկոտեցին նիստերը ցույց տալու համար իրենց դժգոհությունը: Բայց էդ դժգոհության կապակցությամբ էլ ասեմ, որ ոչ մեկը իրավունք չունի այդպիսի հարց դնելու, թե դուք ինչո՞ւ եք կոալիցիա կազմել: Դա ոչ մի օրենքով` ո՛չ միջազգային, ո՛չ մեր  Սահմանադրությամբ,  արգելված չէ: Խնդրեմ, գոյություն ունեն բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ. ՀԱԿ-ն է, «Դաշնակցություն»-ն է, Տիգրան Կարապետիչի էսօրվա կուսակցությունն է, թող «Ժառանգություն»-ն էլ նրանց հետ կոալիցիա կազմի: Բայց  ամեն անգամ`  ամեն ընտրություններից առաջ, նրանք էս գլխից սկսում են հայտարարել, որ ընտրությունները պետք է անցնեն կեղծիքով: -Բայց Դուք ի՞նչ գիտեք 2012-ի ընտրությունների արդյունքների մասին, որ արդեն որոշում եք, թե  2013-ին պաշտպանելու եք միասնական թեկնածուի` գործող նախագահին:- Սա ուղղակի հուշագիր է, որեւէ պարտադիր ուժ կամ իրավական հետեւանքներ առաջացնող համաձայնություն չի: Հուշագիր է, որի իրավունքը կուսակցություններն ունեն: Մենք մի կողմից խոսում ենք խոսքի ազատության, կարծիքի ազատության, սրա-նրա մասին, հետո էլ ասում ենք` ինչ իրավունք ունեն ասել, որ միասին են հանդես գալիս: -Իսկ Ձեր կարծիքով ԲՀԿ-ն ճի՞շտ արեց, որ ստորագրեց: -Երկրի  միասնականության  ապահովման  տեսակետից դա ճիշտ քայլ էր:-Եթե խոսում ենք միասնականության մասին, ապա ինչո՞ւ են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց հետ անվերջ կոնֆլիկտների, գզվռտոցի մեջ:  -Գզվռտոց չկա էդպես:  Տարբեր հարցերում առանձին հակասություններ լինում են, որովհետեւ ամեն կուսակցություն իր գաղափարախոսությունն ունի: Օրինակ` եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ԲՀԿ պատգամավորները չեն քվեարկել:Հիմա դա չի նշանակում, որ երկրի հիմնական հարցերում նրանք միասին չպետք է լինեն: – Որպես Աժ մարդու իրավունքների պաշտպանության հանձաժողովի փոխնախագահ`  առեւտրականների, վարորդների, հղիների դժգոհությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: -Հղիների հարցը լուծվեց: Մյուսների հետ կապված ասեմ, որ ամեն անգամ, երբ  իրավահարաբերությունների կարգավորման  եղանակները փոխվում են, միշտ էլ դժգոհություն է առաջանում: Բայց Հայաստանում կան բազմաթիվ հարաբերություններ, որոնք կարգավորված չեն կամ ոչ լրիվ են կարգավորված: Եւ այդ օրինակները վերաբերում են  նաեւ էդ  վրացական պետհամարանիշներով մեքենաներին, որոնք մաքսազերծված չեն, բայց տասնյակ տարիներով քշում են:  Հղիների նպաստների դեպքում այդ դժգոհության մեղավորը ոչ թե դժգոհողներն են, այլ պետությունը, քանի որ  չէր պահպանվել կանանց միջին աշխատավարձը: Խորհրդարանն այդ մեխանիկական սխալն արել էր կառավարության մեղքով: Բայց այդ սխալը հղիների  բողոքների հիման վրա շատ արագ ուղղվեց: -Իսկ փողոցային առեւտրականնե՞րը:-Ես կարծում եմ, որ փողոցային առեւտուրն իսկապես տգեղ  ու նաեւ վտանգավոր երեւույթ է, բայց մինչեւ դրա կտրուկ արգելումն անհրաժեշտ էր այսպես կոչված մոնիթորինգ անել, որոշել էն տեղերը, որտեղ այդ մարդիկ պետք է տեղափոխվեին եւ  շարունակեին իրենց առեւտուրը: Այսինքն` այն, ինչ արվեց, պետք է արվեր աստիճանաբար, ոչ թե միանգամից: -Սահմանադրության երկրորդ հոդվածը, եթե չեմ սխալվում, ասում է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է: Ձեր կարծիքով այսօր մարդիկ զրկված չե՞ն արժանապատիվ ապրելու իրավունքից:Նաեւ շատ է խոսվում, որ կան սոցիալական բունտի նախապայմաններ:-Բունտի համար չեմ կարծում, որ նախապայմաններ կան, բայց բողոքների համար հիմքեր, իհարկե, կան: Կարծում եմ` բողոքի դիմումներն  այսուհետ էլ կլինեն, մինչեւ որ սոցիալական հարցերում այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, մտցվի բովանդակություն: Առայժմ դա ոչ միայն իմ կարծիքով, այլեւ ռեալ իրականության մեջ  միս ու արյունով լուծված չէ: Ուղղակի Սահմանադրության մեջ գրված թեզ է, որը դեռեւս չի իրականացվել: Բայց պետությունն անպայման ձգտում ունի, եւ կառավարությունը նույնպես չարչարվում է, ձգտում, որ կարողանա ՀՀ-ում սոցիալական վիճակը փոխել: Իհարկե, դրան խանգարեցին ե՛ւ ճգնաժամը, ե՛ւ էս համաշխարհային գների բարձրացումը: Միշտ էլ այդ կարգի օբյեկտիվ պատճառներ են լինում: Դրանց դեմ պետք է պայքարել, այդ պատճառների կանխարգելման միջոցառումներ ձեռնարկել, ինչը  եւ անում է կառավարությունը: Թե որքանով է ճիշտ, որքանով սխալ, անկեղծ ասած որպես իրավաբան չեմ կարող ասել: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս