«ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ՉԵՄ ԶՈՀԱԲԵՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հայկական երգարվեստում ստանձնած իր առաքելության, բեմական եւ անձնական կյանքը համատեղելու դժվարության, ամանորյա հրաշքին հավատալու եւ այլ թեմաների շուրջ զրուցել է երգիչ Անդրեի հետ:

-Անդրե՛, հիմա, երբ հայրենիքում եւ դրանից դուրս ճանաչում, երկրպագուների բանակ ունեք, մի շարք մրցանակների դափնեկիր եք, ինչի՞ եք ձգտում հասնել հայկական շոու-բիզնեսում:
-Այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսիք են «Սուպեր-սթարը», «Իքս ֆակտորը» եւ իմ կողմից ստեղծված «Անդրենալինը», ես այսօր ի հայտ եմ բերում նոր սերունդ: Այդ նախագծերի շրջանակներում ներկայանում են հանդիսատեսի եւ հեռուստադիտողի առջեւ հայտնվելու կարիք ունեցողները: Իհարկե, արդյունքը լավն է լինում այն դեպքում, երբ նրանք շարունակում են իրենց սկսած գործը եւ ունենում են ձգտում, երբ նախագծի ավարտից հետո չեն կորչում:
-«Իքս ֆակտորում» ձեւավորվում է այն սերունդը, որը գալիս է Ձեզ փոխարինելու: Այդ սերնդի ներկայացուցիչների շրջանում ի՞նչ ուրախացնող եւ ի՞նչ մտահոգող միտումներ եք տեսնում:
-«Իքս ֆակտորում», օրինակ, ամեն բան արվում է մասնակիցների համար: Երբ մեր սերունդն էր սկսում քայլեր անել, մեզ համար որեւէ բան չէր արվում: Մենք ինքներս ստեղծեցինք դաշտ, որն այսօր համարվում է հայկական շոու-բիզնես: Այսօր մասնակիցներին հրամցվում է պատրաստի բեմ, լույսեր, հագուստներ, նրանք հնարավորություն ունեն աշխատելու պրոդյուսերների հետ: Ամեն բան իրենց փոխարեն արվում է:
-Այդ դեպքում ինչո՞ւ են նրանցից շատերը հետագայում կորչում դաշտից:
-Հենց դա է ցավալին: Փորձը ցույց է տալիս, որ երբեմն մասնակիցը, որը մրցույթում չի հաղթում, այլ հայտնվում է, օրինակ, լավագույն հնգյակում, հետագայում առաջ գնալու ավելի մեծ ձգտում է ունենում, քան հաղթողը: Առհասարակ, երեւի թե հեռուստաընկերությունն էլ պետք է մտածի մասնակցի ապագայի մասին: Իսկ դա ժամանակի խնդիր է: Ես, օրինակ, «Անդրենալին» նախագծի շրջանակում պայմանագիր եմ կնքել հաղթողի հետ եւ երկու տարի զբաղվելու եմ նրա պրոդյուսինգով: Պետք է նկատել, որ շատ տաղանդավոր տղաներ, աղջիկներ, երիտասարդ խմբեր են հայտնվում մրցույթներում: Նրանց, սովորաբար, հորդորում եմ շարունակել իրենց սկսածը: Որովհետեւ մրցույթը տրամպլին է, որից հետո մասնակիցն իրավունք չունի անհետանալու: Բայց այդ ձգտումը պետք է մարդու միջից լինի: Ձգտումն է այժմյան սերնդի ներկայացուցիչների մոտ պակասել: Պետք է ի սկզբանե հասկանալ, որ եթե միայն բիզնես անելն է քո նպատակը, անունդ ոսկե տառերով չի գրվելու, անելիքդ կարճ է տեւելու: Երգը պահանջում է հոգի: Պետք է ստեղծագործես հոգով, ոչ թե ուղեղով: Այն, ինչ բխում է հոգուց, միանգամից ընդունվում է:
-Անդրե՛, համաձա՞յն եք, որ արվեստի մարդը միշտ պետք է սիրահարված լինի:
-Իհարկե, այդ երեւույթը ստիպում է միշտ լինել անկեղծ քո երգերում: Անհնար է ստեղծագործել` չսիրելով (թեկուզ հիասթափված): Սիրո բոլոր դրսեւորումները ստիպում են տարբեր կերպարներով եւ մաքսիմալ անկեղծ ներկայանալ հանդիսատեսի առջեւ, նույն երգը կատարել նորովի: Կա ժամանակ, երբ սիրահարվածությունը ծաղկելու փուլում է, կա թոշնելու, կա տերեւաթափի:
-Նշանավոր մարդկանցից մեկը մի առիթով ասել է, թե սիրային հարաբերությունների վատագույն հանգուցալուծումը ամուսնությունն է: Գուցե ա՞յդ է պատճառը, որ Ձեր կարգավիճակի փոփոխությունն ուշանում է:
-Չէ՛, ես չեմ շտապում եւ, առհասարակ, չեմ մտածում այդ մասին: Ժամանակս չի ներում, չի ստացվում, որ ժամանակ տրամադրեմ անձնական կյանքին: Բայց ամեն բան իր հունով ընթանում է: Ես ո՛չ շտապում եմ, ո՛չ էլ կարծում եմ, թե ուշացել եմ, որովհետեւ սերը երբեւէ չի ուշանում:
-Հաշվի առնելով, թե ինչպես է բեմական կյանքը ազդում արտիստի անձնական կյանքի վրա, նորից կընտրեի՞ք այս ոլորտը:
-Այո՛: Երգարվեստը, որը սիրել եմ մանկուց, երբեւէ չեմ զոհաբերել հանուն անձնականի: Այդպիսին եմ ես տեսակով: Այո՛, դժվար է լինել արտիստ եւ համատեղել դա անձնական կյանքի հետ: Այսօր շատերը կան ասպարեզում, բայց մատների վրա կարող ենք հաշվել արտիստների: Այդ հոգեվիճակում շատ քիչ մարդիկ են ապրում: Իսկ ես իսկապես զոհաբերել եմ շատ օրեր, երիտասարդ տարիներ` հանուն արվեստի, երգի ու բեմի: Բայց չեմ ափսոսում դրա համար. այն սերը, հարգանքը, որ վայելում եմ հանդիսատեսի շրջանում, չեմ կարող անտեսել: Ուղղակի ես չեմ կարողանում համատեղել բեմական եւ անձնական կյանքը. դա իմ խնդիրն է:
-Շուտով Ամանոր է: Հետաքրքիր է` տոնի հետ կապված ամենաջերմ հուշերը Ձեզ ո՞ւր են տանում:
-Դեպի մանկության տարիներ: Ամանորյա հուշերից շատ է տպավորվել նաեւ 1998-ին ինձ հետ պատահած դեպքը: Այդ տարի` դեկտեմբերի 31-ի առավոտյան, որոշեցի Երեւանից մեկնել Ղարաբաղ եւ անակնկալ մատուցել ծնողներիս: Երբ առավոտյան իկարուսով ճանապարհ ընկանք, ավտոբուսը որոշ ժամանակ անց փչացավ, եւ մենք` բոլոր այն մարդկանցով, որոնք արժանացել էին նույն ճակատագրին, Ամանորը դիմավորեցինք ցուրտ Սիսիանում: Ադպես, չհասցրեցի տոնական գիշերը ընտանիքիս հետ լինել, մյուս օրը հասա տուն, ողջունեցի մերոնց, մի քանի ժամ մնացի եւ հետ եկա Երեւան, որովհետեւ ներկայացումներ կային, որոնց պետք է մասնակցեի: Բայց այդ Նոր տարին, իսկապես, հիշվեց (ծիծաղում է): Սովորաբար Ամանորը դիմավորում եմ բեմում (դա էլ ուրիշ քաղցրություն ունի), սակայն այս տարի որոշել եմ ընտանիքիս հետ լինել, կարոտել եմ այդ միջավայրի եռուզեռին: Առհասարակ, շատ եմ սիրում այս տոնը եւ մանկան պես հավատում եմ հրաշքների, չեմ դադարում երազել եւ ցանկանալ հաջողություն իմ ազգին: Եթե նույնիսկ քեզ մոտ ամեն բան լավ է, բայց շուրջդ կան խնդիրներ, չես կարող լիարժեք երջանիկ լինել: Իսկ այսօր Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք հիմնավոր լուծումներ են պահանջում: Մենք ավելի դժվար տարիներ ենք ապրել, բայց ժամանակին, կարծես, մարդկանց մոտ հույս կար: Ես ուզում եմ, որ այդ հույսը վերադառնա, հույսն ու հավատը սեփական ուժերի, այլ ոչ թե կառավարության կամ այլ երկրների նկատմամբ: Այսօր շատ երկրներ ունեն իրենց ռեսուրսները, բրենդները, մենք էլ կարող ենք ունենալ մերը: Ասում են` Փարիզը սիրո քաղաք է: Ո՞վ է դա որոշել: Դա ուղղակի միֆ է: Իսկ ինչո՞ւ մեր երկիրը, որտեղ ապրում են առաջին քրիստոնյաները, չհամարվի սիրո երկիր, որ բոլորն ասեն. «Գիտեք` ես գնացի այդ երկիր եւ տեսա սեր»: Այդ սերը, որը փողով չես գնի, մենք կարող ենք օգտագործել որպես ռեսուրս: Դրա համար պետք է նախեւառաջ ինքներս մեզ գնահատենք: Իսկ մենք, միանշանակ, արժեք ունեցող ազգ ենք:

 

 

 
ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը առաջիկա տոնական օրերին անընդմեջ զբաղված է լինելու. նա նույն թատրոնի «Կարմիր գլխարկ» ներկայացման շրջանակում հանդես է գալու Ձյունանուշիկի կերպարում (բեմադրիչ` Նորա Գրիգորյան, ռեժիսոր` էրվին Ամիրյան):

Դերասանուհին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ վերջին շրջանում ստացել է նաեւ հեռուստանախագծերին մասնակցելու նոր հրավերներ, սակայն առաջարկները, նրա խոսքով, իրեն հարմար չեն եղել. «Ամեն դեպքում, եթե դրանք սրտովս լինեն, եւ ես էլ ժամանակ ունենամ, սիրով կհամաձայնեմ նորից երեւալ էկրաններին, ինչու ոչ նաեւ` կատակերգական դերերում»,-ասաց նախկինում «Դոմինո» սիթքոմում հանդես եկած դերասանուհին:
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ առաջիկայում անակնկալ կմատուցի իր երկրպագուներին: Ելենան, թեեւ մտադիր չէ երգչուհու կարիերա սկսել, այնուամենայնիվ, ինչպես ինքն է ասում՝ շուտով` հունվարի 6-ին, հաճույքի համար կթողարկի տեսահոլովակ «Թե հոգնել ես» երգի հիման վրա (երաժշտությունը` DJ EGO-ի, խոսքերը` Գոհար Հունանյանի, տեսահոլովակի ռեժիսոր` Արթուր Մարտիրոսյան): Նշենք, որ Ելենան վաղուց է զբաղվում երգեցողությամբ` ելույթ ունենալով իր հարազատ թատրոնի ներկայացումներում. «Ուրախ եմ, որ տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնվի տոնական օրերին, կարծում եմ` շատ գունեղ աշխատանք է ստացվել»,-եզրափակեց դերասանուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ մշակույթի նախարարության եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրինության որոշմամբ` նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը. «Հարգելով եւ գնահատելով մեծ վարպետի` Սոս Սարգսյանի հիշատակը՝ ցանկանում ենք թատրոնին նոր շնչառություն հաղորդել եւ այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ Չալդրանյանն իր փորձով, անցած ուղիով եւ մասնագիտական բարձր վարպետությամբ մեծ օգուտ կբերի թատրոնին»,- ասել է նա:
«Ես ոչ թե պաշտոն, այլ առաքելություն եմ ստանձնում: Այս ստեղծագործական խմբի հետ ցանկանում եմ ստեղծել առողջ ընտանիք եւ քայլել արվեստի ճանապարհով: Այդ առաքելությունը կարող եմ իրականացնել յուրաքանչյուրիդ աջակցությամբ»,- իր հերթին նշել է Չալդրանյանը:

 

 

ՍՏԱԼՈՆԵՆ ՄԵՐԺԵԼ Է
Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն հրաժարվել է ԱՄՆ արվեստի եւ հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամը գլխավորելու` ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից: Ինչպես տեղեկացնում է Variety-ն՝ դերասանը դրա փոխարեն նախընտրում է աշխատել վետերանների հետ: Ստալոնեն նշել է, որ շնորհակալ է Թրամփին առաջարկի համար, սակայն կարծում է, որ իր կարիքը կա քաղաքացիների ուշադրությունը վետերանների խնդիրների վրա բեւեռելու գործում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Ստալոնեին առաջարկել էր իր վարչակազմում զբաղեցնել արվեստի գծով ավագ մասնագետի պաշտոնը:
 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆ
Օրերս համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը բաժանվել է սիրելիից: Այժմ արդեն ամերիկացի երգիչ, երաժիշտ Մարկ Էնթոնին եւ մոդել Շենոն դե Լիման պաշտոնապես հաստատել են ամուսնալուծության լուրը: Us Weekly-ի հետ զրույցում աստղերի ներկայացուցիչները մասնավորապես նշել են. «Երկարատեւ մտորումներից հետո փոխադարձ համաձայնությամբ որոշեցինք ավարտել մեր երկամյա ամուսնությունը: Խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքն այս դժվարին ժամանակաշրջանում: Անձնական այս գործի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չեն լինի»:




Լրահոս