ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ կհրավիրի, որպեսզի վաղն էլ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Այլ կերպ ասած՝ գործադիրի նիստի միակ նպատակը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշում կայացնելն է: Իսկ այս շտապողականության պատճառն էլ այն է, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված չորս հարցերից երեքը վարկային համաձայնագրեր են: Իսկ միակ օրենսդրական նախաձեռնությամբ էլ նախատեսվում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչի արդյունքում բուքմեքերական ընկերությունները ներկայիս 100 մլն դրամի փոխարեն 500 մլն դրամի տուրք պետք է վճարեն: Այսինքն՝ այդ օրենսդրական նախագծով եւս կառավարությունը փող հայթայթելու հարց է լուծում:
Իսկ ինչ վերաբերում է վարկային համաձայնագրերին, ապա դրանից մեկով նախատեսվում է 40 մլն եվրոյի վարկ վերցնել, մյուս երկուսով էլ՝ 90 մլն եւ 50 մլն դոլարի վարկեր: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ երեք վարկային համաձայնագրերը օրերս են ստորագրվել՝ նոյեմբերի 11-ին, նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 9-ին: Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը հրատապ գումար հայթայթելով է զբաղված եղել, եւ երբ դրանք գտնվել են, րոպե անգամ չկորցնելով՝ փորձում է այդ փողերը բերել Հայաստան:
Նշենք, որ վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցը ՍԴ-ում քննարկելը սովորաբար մոտ երկու ամիս է տեւում: Բայց կառավարությունն արդեն հասցրել է բոլոր երեք համաձայնագրերն էլ ՍԴ «մուրճի տակով» արագ անցկացնել, եւ այժմ հերթը խորհրդարանինն է, որից եւս պահանջելու են, որ փաստաթղթերը բլից վավերացնեն: Այս փաստը ապացուցում է այն կանխատեսումները, որ Հայաստանի բյուջեում գումար չի մնացել, եւ իշխանությունները փորձում են պետբյուջեի ծախսերը պարտք վերցնելով հոգալ: Բայց մինչեւ ե՞րբ:
Հ.Գ. Ի դեպ, նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այլեւս արտերկրից վարկեր չեն վերցվի:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք 2017-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր փոխարեն մանդատ կստանա Ձեր որդին՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի վարչության պետ Արման Սահակյանը: «Իմ փոխարեն որեւէ մեկը չի կարող մանդատ ստանալ, որովհետեւ պետք է հաշվի առնեք, որ ՀՀԿ հիմնադիրներից եւ այդ ոգով դաստիարակված մարդկանցից մեկը ես եմ,- ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով,- եւ կուսակցությունն իր ամբողջական ծրագրերում նաեւ հնարավորություն է ստեղծել, որ ես պիտի մասնակից դառնամ կուսակցության գործունեությանը: Այնպես որ, որեւէ մեկը իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել: Ես կմտնեմ իմ փոխարեն»: Ընտրացուցակի ո՞ր համարում եք լինելու, հետաքրքրվեցինք Գալուստ Սահակյանից. «Այն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարեւորագույն համարներից մեկն է լինելու: Կլինի 4-րդ համարը, թե 55-րդը, միեւնույն է: Այն համարը, որտեղ ես եմ, դա ամենակարեւոր համարը կլինի»:
Նորք-Մարաշում բացահայտված «հանցախմբի» գործով մոտ 1 տարի առաջ կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բանտից բաց նամակ է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Նա նախ հիշեցրել է, որ «1995-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը եւ 21 տարում դարձրել ոչ միայն վերահսկելի, այլեւ օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1,5 մլն մարդ քո խղճի վրա է: Դատարկել ու ավերել ես 400 գյուղ եւ 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ»,- գրել է Շիրխանյանը: Նա իրավիճակից դուրս գալու 3 ելք է առաջարկել ՀՀԿ առաջնորդին. «Ափսոս՝ չես համաձայնի գալ իմ զնդանը: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետեւյալ 3 ճանապարհներից մեկը՝ 1. կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին, եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել», 2. հավաքում ես բոլորին եւ արտագաղթում, 3. շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է»:
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնեց՝ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած գործարարը անհայտ անձանց կողմից ՀՀ տարածքում խոչընդոտների է բախվել, ավելի ուշ օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ նրան հաջողվել է իրականացնել ներկրումը: Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս հստակ հայտնի չէ, գործով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Ժողովուրդ» օրաթերթին միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տնտեսվարողը հենց մաքսատանը «առեղծվածային» զանգ է ստացել, թե եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, բանանը չպիտի շուկա մտնի. ինքնարժեքով կվաճառես ինձ: Զանգը, ըստ լուրերի, ստացվել էր ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, բանանի ներկրման մոնոպոլիստ համարվող Միհրան Պողոսյանից: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով լուրերը, ասաց. «Ես, ճիշտն ասած, դրա մասով ճշտել եմ, եւ քաղաքացին հերքում է տվել: Դա փաստ է, իմ տեղեկությունները չեն»:
ԹԻԹԵՌ ՆԿԱՐԵԼՈՎ
Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում, համաձայն պաշտոնական հաղորդագրության, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգը կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների վրա: Ս. Սարգսյանը հանձնարարել է վարչապետին եւ ոլորտային նախարարներին՝ քննարկել եւ առաջարկություն ներկայացնել այս ռազմավարությունից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ:
Հաջորդիվ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. ՀՀ-ում անցկացնելու մասին հարցը: Եվ վերստին՝ Ս. Սարգսյանը հանձնարարել է կառավարությանը մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման գործողությունների ծրագրի մշակումը եւ ներկայացումը ՀՀ նախագահի հաստատմանը: Երեկ նաեւ լսվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած, ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության եւ ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի իրականացման արդյունքների եւ ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ:
Միով բանիվ՝ մինչ մեր երկրի շուրջ ընթանում են բավականին դրամատիկ զարգացումներ՝ լի մեր ազգային անվտանգությանը սպառնացող ամենավտանգավոր մարտահրավերներով, մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ անհասկանալի եւ մտահոգիչ հայտարարություններ են հնչում, մինչ նիստի հաջորդ իսկ օրը սպասվում է մեր կարեւորագույն հարեւանի՝ Իրանի նախագահի այցը, ՀՀ-ի ԱԱԽ-ում զբաղված են «թիթեռ նկարելով»: Ի վերջո, մեր երկրի ազգային անվտանգության ամենահրատապ հարցը 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացո՞ւմն է: Տպավորություն է, որ Ս. Սարգսյանն ուղղակի ցանկանում է այս ֆորմատն օգտագործել վարչապետ Կարեն Կարապետյանին հանձնարարականներ տալու համար՝ այդպիսով ընդգծելով, թե ով է այս երկրում հանձնարարականներ տվողը: Անշուշտ, ԱԱԽ նիստերում քննարկված ոչ բոլոր հարցերի մասին է, որ պետք է տեղեկատվություն հրապարակվի, սակայն ոչինչ չի խանգարում, որ ընդհանուր ձեւակերպումներով նշվի, որ քննարկվել է, ենթադրենք, իրավիճակը Սիրիայի շուրջ, կամ հայ-իրանական հարաբերությունների հետ կապված հարցեր: Եթե, իհարկե, նման հարցեր առհասարակ քննարկվում են: