Ո՞Վ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԲԱՆԱՆԻ ՆԵՐԿՐՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանանի ներկրման թեման վերջին շրջանում դարձել է ամենաքննարկվող եւ ակտուալ հարցերից մեկը: Մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մի քանի տնտեսվարողներ արդեն իսկ պատվիրել են, իսկ մեկը օրեր առաջ տասը տոննա ներկրել է:

Իհարկե, այս զարգացումները խոստումնալից են, սակայն առաջիկայում հնարավոր խոչընդոտները բացառել պետք չէ: Համենայն դեպս, պաշտոնապես արձանագրված խոչընդոտների մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած նոր տեղեկություններն այլ բան են հուշում:
Նախ հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ եւ հետեւողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար եւ ազատ մրցակցային միջավայր: Իսկ արդեն նոյեմբերի 21-ին նման հայտարարությամբ հանդես եկավ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը: «ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել: ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես, ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, սակայն, որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է պետական եկամուտների կոմիտե: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Հայտնի է, որ բանանի ներկրման մենաշնորհը տարիներ ի վեր պատկանել է «Քեթրին Գրուպ» ընկերությանը, որի հետ առնչվում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը: Եւ այսպես՝ իրավական ի՞նչ հետեւանքներ է առաջացրել այս առերեւույթ հանցանք պարունակող գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունից փորձել էր պարզել՝ արդյոք քայլեր ձեռնարկվել են անհայտ անձանց հայտնաբերելու եւ կատարվածը բացահայտելու ուղղությամբ: Ի վերջո, ով է խոչընդոտել հայ գործարարին՝ բանան ներկրել Հայաստան: Ի պատասխան մեր հարցադրման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել էին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ներկայացված դեպքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են տեղեկություններ տվյալ դեպքի եւ այդ առնչությամբ իրականացված իրավական ընթացակարգերի մասին»:
Եվ ահա, անցել է ավելի քան տասը օր: «Ժողովուրդ»-ը փորձեց ՊԵԿ-ից պարզել` ինչ տեղեկություններ են տրամադրվել դատախազությանը: Մեր հարցերը, ցավոք, անպատասխան մնացին: Կրկին դիմեցինք գլխավոր դատախազությանը` հասկանալու համար` ստացվե՞լ են արդյոք պահանջված տեղեկությունները: Հանրային կապերի բաժնից ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցի` հայտնեցին, որ ՊԵԿ-ը փաստաթղթերի փաթեթ է պատրաստում, որը ձեւավորվելուն պես կհանձնի դատախազությանը:
Դե ինչ, մնում է սպասել առաջիկա իրավական զարգացումներին: Կստանա արդյո՞ք հանրությունը բոլոր հարցերի պատասխանները, վաղ է ասել:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հիշատակված խոչընդոտման դեպքի մասին:
Այսպես՝ մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ վարչապետի հայտարարությունից ոգեշնչված տնտեսվարողը բանան ներկրելու փորձ կատարելիս անսպասելի խոչընդոտների է բախվել: Ապա պետական եկամուտների կոմիտեում հանդիպման է հրավիրվել, որի ժամանակ անծանոթ տղամարդ է նրան մոտեցել եւ հեռախոս փոխանցել` ասելով, թե ցանկանում են խոսել հետը: «Առեղծվածային» ձայնը հեռախոսով տնտեսվարողին ասել է. «Եթե չես ուզում խնդիրներ ունենալ ինձ հետ, բանանը շուկա չպետք է մտնի: Կա՛մ ինքնարժեքով ես կգնեմ, կա՛մ ավելի ցածր գնով»:
Ապա հեռախոսի մյուս կողմում գտնվողը հարկ է համարել ներկայանալ, թե ինքը Միհրան Պողոսյանն է` ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետը:
Վերջինս, ինչպես արդեն նշվեց, հայտնի է որպես բանանի ներկրման մոնոպոլիստ, սակայն տարիներ շարունակ համառորեն հերքում է փաստերը եւ կռիվ տալիս դրանց դեմ: Ներկայացված տեղեկատվության շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց իրենից՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից:
Նա անկեղծացավ, որ հետաքրքրվել է տնտեսվարողի մասին, սակայն չմանրամասնեց՝ ինչ ձեւաչափով եւ ինչու, ապա նշեց, որ տնտեսվարողն ինքն է այդ տեղեկությունները հերքել. «Տեղեկությունները երեք շաբաթ առաջ են եղել, ես էլ, ճիշտն ասած, ճշտել եմ, եւ քաղաքացին ինքը հերքում է տվել դրա մասով: Դրանք իմ տեղեկությունները չեն, արձանագրված փաստ է»,- վստահեցրեց Մ. Պողոսյանը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՆԱՀԱՊԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
ԱԺ-ում մեծ թիվ են կազմում այնպիսի պատգամավորներ, ովքեր աչքի են ընկնում ոչ թե ելույթներով, առաջարկություններով կամ հարցերով, այլ իրենց «անթերի» վարքով: Այսպիսի պատգամավորների շարքին է դասվում նաեւ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը` Հոկտեմբերյանցի Նովո մականվամբ: Նահապետ Գեւորգյանը խորհրդարանում է 1999 թվականից: Սակայն այս ընթացքում նա խորհրդարանում ավելի շատ աչքի է ընկել լրագրողներին կոպիտ պատասխաններ տալով, քան որեւէ օրենսդրական գործունեությամբ: Պատգամավորն Արմավիրի մարզի ամենաազդեցիկ դեմքերից է, իսկ նրա որդին ժամանակ առ ժամանակ հայտնվում է այս կամ այն իրադարձության կենտրոնում: Մասնավորապես դեռեւս 2012 թվականին Արտակ Գեւորգյանը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից, ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել էր: Մի քանի ամիս կալանավայրում գտնվելուց հետո Արտակ Գեւորգյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Մեկ անգամ էլ պատգամավորի որդին եւ եղբորորդին ծեծել էին Արմավիր-Երեւան երթուղայինի մի վարորդի եւ պահանջել էին չաշխատել այդ գծում:
Հետաքրքիր է, որ ի տարբերություն շատ պատգամավորների՝ Նահապետ Գեւորգյանը մի անգամ խոստովանել էր, որ զբաղվում է բիզնեսով: Նա ունի ջերմոցներ, որտեղ բանջարեղեն է աճեցնում, ինչպես նաեւ, ըստ տեղեկությունների, նրան են պատկանում Արմավիրում գործող ավազի հանքերը: Նշենք նաեւ, որ Նահապետ Գեւորգյանը մշտապես աչքի է ընկնում իր սկանդալային վարքով եւ լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով: Նա բազմիցս ԱԺ-ում դրսեւորվել է իր «ողջ հմայքով»: Տեսնենք, թե ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալների՝ ինչ ունեցվածք ունի պատգամավորը:
2012 թվականի՝ ԱԺ պատգամավոր դառնալու տարում ներկայացված հայտարարագրում Գեւորգյանը հայտարարագրել էր 1 բնական եւ 1 անհատական բնակելի տուն: Բացի այդ՝ պատգամավորը հայտարարագրել է նաեւ GAZ 3102 եւ HYUNDAI AZERA 3.3 մակնիշի ավտոմեքենաներ: Նրա դրամական միջոցներն այդ տարում կազմել են 4 մլն 500 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում էլ կարողացել է վաստակել 3 մլն դրամից ավել գումար:
2013 թվականին ներկայացված հայտարարագրում նոր տվյալներ առկա չեն: Հայտարարագրից պարզ է դառնում, որ Գեւորգյանի դրամական միջոցներն ավելացել են 500 հազար դրամով, իսկ մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 3 մլն դրամից ավել գումար:
Նրա՝ 2014 թվականի հայտարարագրում դրամական միջոցների մասին առհասարակ ոչ մի տվյալ ներկայացված չէ: Այս անգամ էլ աշխատանքի վարձատրության շնորհիվ նա վաստակել է 4 մլն 500 հազար դրամ:
2015 թվականի հայտարարագրում եւս դրամական միջոցների մասին ոչ մի տվյալ չկա: Այնպիսի տպավորություն է, որ պատգամավորը ոչ մի դրամական միջոց չունի: Ըստ հայտարարագրի՝ նա այս անգամ մեկ տարվա ընթացքում վաստակել է 6 մլն դրամից ավել գումար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 
ՉԵՆ ՆԵՐԿՐՈՒՄ
Հայաստան ներկրվող թուրքական լոլիկների խնդիրը կարելի է այս պահի դրությամբ լուծված համարել, քանի որ մոտ երկու շաբաթ է՝ լոլիկի ներկրման տեմպը նվազել է: «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Պողոս Գեւորգյանն Armtimes.com-ին ասել է, որ վերջին 10 օրվա ընթացքում առանց մաքսազերծման թուրքական լոլիկի ներկրման մասին լուրեր չեն ստացել, միայն վարունգի ներկրման մասին է խոսքը: Պողոս Գեւորգյանի խոսքով՝ ՊԵԿ պաշտոնյաների հետ հանդիպումից հետո դեռ առանց մաքսազերծման լոլիկի ներկրման դեպքերի ականատես չեն եղել: «Դեռ պետք չէ ոգեւորվել: Դեկտեմբերի 20-ից 25-ին հնարավոր է՝ լոլիկ ներկրողներն ակտիվանան, Նոր տարվա տոներն են մոտենում»,- նշել է Գեւորգյանը:

 

 

ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին: Տեղեկությունների համար զանգահարել 010523482 հեռախոսահամարով:

 

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԹԻՎ
2016-ի տարեվերջին Հայաստանը կունենա ուղեւորափոխադրումների պատմական թիվ: Երեկ նման կանխատեսում է արել ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նա նշել է, որ 2016-ի հենց առաջին 3 ամիսների ընթացքում Հայաստանն ունեցել է ուղեւորահոսքի աճ, որն ապրիլյան դեպքերի ժամանակ գրանցել է կտրուկ անկում՝ շուրջ 15 տոկոսի չափով, այնուհետեւ իրավիճակը կարգավորվել է, եւ ներկա դրությամբ հատել ենք 2 միլիոնի շեմը: Ըստ որում, շուրջ մեկ միլիոն եղել է մեկնողների եւ մեկ միլիոն՝ ժամանած ուղեւորների թիվը:




Լրահոս