«Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից։ Այդ մասին հայտնում է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես «Հաց բերող»»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաև դատախազությունը.

«Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 30-ին կայացված որոշմամբ հանցագործությունների կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է:

Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նույն օրը կայացված որոշման պատճենն ուղարկվել է նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով»:

Նշենք, որ Արթուր Սարգսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, նրա փաստաբանները բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ Արթուր Սարգսյանին ազատելու միջնորդությամբ, իսկ որոշ ժամանակ առաջ էլ հայց էին ներկայացրել ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ սկզբում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:




Լրահոս