Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Արարատի մարզի Քաղցրաշեն եւ Այգեզարդ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, անդրադառնալով այս աննախադեպ երեւույթին, երեկ ասաց, թե այս քայլը զսպաշապիկ կհանդիսանա անբարեխիղճ աշխատող մյուս ընկերությունների համար: Ինչ խոսք, գովելի է անբարեխղճության դեմ քայլեր ձեռնարկելու նախաձեռնությունը, սակայն հարց է առաջանում` ով է այս պարագայում առավել անբարեխիղճ գտնվել` ՀՀ գյուղատնտեսության նախարարությո՞ւնը, թե՞ ընկերությունը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ նույն նախարարությունն էր մի շարք ընկերությունների հորդորում, առաջարկում նախ՝ մթերում կազմակերպել, ապա՝ ամեն գնով մարել գյուղացիների պարտքերը` խոստանալով հետագայում օգնել ծագած խնդիրներում: Եւ ահա նշված ընկերությունը կազմակերպեց մթերումը ու «սնանկացավ»: Այսպիսով՝ ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը նախադեպ ստեղծեց, թե ինչպես կարելի է պետական լծակներն օգտագործելով՝ մասնավոր ընկերությանը պարտադրանք ներկայացնել, ապա հետագայում պատժել այդ «հրամանը կատարելու» համար: Իսկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության նիստում բացատրում էր, որ «պետությունը պետք է գործարարի ձեռքը բռնած ման գա»:
Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն աղմուկով էր լինելու, կասկածից վեր էր: Ի վերջո, նա 8 տարի լինելով պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ վստահաբար հասցրել է իր համար ռեսուրսներ կուտակել: Խոսքը ե՛ւ ֆինանսական, ե՛ւ մարդկային ռեսուրսների մասին է, որոնք շատ կարեւոր են քաղաքական դաշտ մուտք գործելու համար: Իսկ հիմա նա քաղաքական դաշտում կգործի իրական ընդդիմադի՞ր, իշխանակա՞ն, թե՞ վերահսկելի ընդդիմադիր դաշտում, ապագան ցույց կտա: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար լուրեր են հասնում այն մասին, որ Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի մասին՝ ընդգծելով, որ շատ ասելիք ունի: Իսկ թե ինչն է նրան զայրացրել, այդ աստիճան ագրեսիվացրել, թերեւս, դժվար չէ հասկանալ: Նա ինչ-որ պահից դարձավ նախագահական նստավայրի երիտթեւի թիրախը: Բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ:
Հոկտեմբերի 10-ին, երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, լրագրողների հետ իր առաջին «բլից հանդիպման» ժամանակ հայտարարեց, թե համակարգում ինքն է խաղի կանոններ սահմանելու այսուհետ: «Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «աշխատանքային-դաստիարակչական» մի քանի խորհրդակցություն է նա անցկացրել համակարգում, որի ընթացքում կտրուկ հայտարարել է փող վերցնելու սովորույթը համակարգից հանելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, դիմելով ՊԵԿ առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին` ասել է. «Բրուտյա՛ն, ես քեզնից փող ուզե՞լ եմ»: Հարցից շփոթված տեղակալը բացասական պատասխան է տվել, ապա ՊԵԿ նախագահը շարունակել է, թե ցանկացած աշխատակից, ով փող կվերցնի իր ստորադասից՝ պատճառաբանելով, թե «վերեւներից» են պահանջել, ստում է եւ խստագույնս կպատժվի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՊԵԿ Արաբկիրի բաժնի վերահսկող աշխատակիցներից 3 հոգի օրերս հեռացվել են, սակայն նրանց վերադասին ներքին անվտանգության պետը «ներել է»:
ՀՀ ֆինանսների նախարարությունը ընթացիկ ամսում եւս մտադիր է պետական նոր պարտատոմսեր դնել շրջանառության մեջ, ասել է, թե ավելացնել պետական պարտքը: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է տեղաբաշխել 26 միլիարդ դրամի երկարաժամկետ եւ 450 միլիոն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր: Միեւնույն ժամանակ ֆինանսների նախարարությունը մտադիր է ընթացիկ ամսում ետ գնել նախկինում տեղաբաշխված 1 մլրդ դրամի պարտատոմսեր: Այսինքն՝ ցանկացողները կարող են պետությունից պարտատոմսեր գնել, ստանալ պարտամուրհակներ, իսկ պետությունը պարտատերին պարտք կմնա՝ դրա փոխարեն վճարելով տոկոսներ: Այս գործընթացի արդյունքում ստացվում է, որ դեկտեմբերին միայն պետական պարտատոմսեր շրջանառության մեջ դնելու հաշվին Հայաստանի պետական պարտքը կավելանա շուրջ 25 մլրդ 450 մլն դրամով կամ 52.5 մլն դոլարով:
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ 4 տարի շարունակ նախապատրաստվող, սակայն այդպես էլ չիրականացող այցը Հայաստան վերջապես կայացավ: Ճիշտ է՝ այն կարճաժամկետ էր՝ ընդամենը մեկօրյա, եւ Հայաստանից էլ Ռոհանին անմիջապես ուղեւորվեց Ղազախստան, ապա Ղրղզստան: Եվ այնուհանդերձ դա նշանակալի այց էր՝ հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի համար: Հայ-իրանական օրակարգում դեռ մեկ տասնամյակի պատմություն ունեցող կարեւոր նախագծեր կան՝ սկսած հայ-իրանական երկաթուղու շինարարության, Արաքսի ափին ՀԷԿ-ի կառուցման, նավթավերամշակման գործարանի հիմնման եւ, վերջապես, հայ-իրանական նոր գազատարի անցկացման ծրագրերից, ավարտած արդեն ավելի նոր՝ ԵՏՄ շրջանակներում սերտ գործակցության եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տարանցիկ միջանցք ստեղծելու հնարավորություններով: Արդյոք երեկվա այցի ընթացքում այս հարցերից որեւէ մեկի շուրջ ստորագրվեցին համաձայնագրեր: Ցավոք, ոչ: Հնչեցին ընդհանրական ձեւակերպումներ՝ մտադրությունների եւ հեռանկարների մասին: Իսկ երեկ ստորագրված երկկողմ փաստաթղթերը հիմնականում վերաբերում էին սպորտի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության պահպանման հարցերում փոխգործակցությանը:
Արդյոք հայ-իրանական ավելի գլոբալ ծրագրերի իրականացման համար բացակայում է իրանական կողմի ցանկությունը, որը պատժամիջոցների վերացումից հետո այլեւս գործընկերների պակաս չի զգում: Անշուշտ այդ գործոնն իր դերակատարությունն ունի: Սակայն կասկածից դուրս է, որ անգամ ՀՀ-ի նման փոքր երկրում Իրանը կարող է ունենալ տնտեսական շահեր, որոնց նշանակությունը կրկնապատկվում է քաղաքական շահերի առկայությամբ: Եվ այս առումով հենց թեկուզ հայ-իրանական նոր գազատարի կառուցումը պետք է որ լիներ երեկ քննարկված առաջնային հարցը: Մինչդեռ Իրանի նախագահը խոսեց միայն դեպի Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացնելու մտադրության մասին: Ընդ որում, անգամ առկա խողովակաշարով ՀՀ ներմուծվող գազի օգտագործման հետ կապված որեւէ համաձայնագիր չստորագրվեց: Այն դեպքում, երբ շուրջ երկու ամիս առաջ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հայտարարել էր. «Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, եւ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին»: Հարցին, թե հնարավոր է՝ դա տեղի ունենա Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, դեսպանը ժամկետ չնշելով հանդերձ՝ պատասխանել էր. «Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, եւ որեւէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում»: Ի տարբերություն դեսպանի՝ իրանական կողմի համար այդ հանգամանքը, փաստորեն, տեսանելի է: Սերժ Սարգսյանն էլ երեկ ընդգծեց, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերության մեջ միշտ եղել է ու կա շիտակ եւ ազնիվ՝ ըստ ամենայնի, նկատի ունենալով հենց «խանգարող հանգամանքի» գործոնը: