«Արդարությունը միշտ չէ, որ օրինականության հետ, այսպես ասենք, թեւանցուկ է քայլում»,- կարծում է մեր երկրում արդարության եւ օրինականության ապահովման կարեւորագույն ինստիտուտներից մեկի՝ արդարադատության նախարարության ղեկավարը: Տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել է ինչպես արդարադատության համակարգում առկա խնդիրների, այնպես էլ նախարարի հետագա քաղաքական ծրագրերի մասին:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, որպես արդարադատության նախարար, պատասխանեք խնդրեմ մեկ պարզ հարցի. Ձեր կարծիքով՝ Հայաստանում արդարություն կա՞:
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել այո կամ ոչ: Ես գուցե կպատասխանեի ե՛ւ այո, ե՛ւ ոչ, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Արդարությունը ձգտում է, արդարությունը երեւույթ է, փիլիսոփայական կատեգորիա, շոշափելի, առարկայական երեւույթ, որը յուրաքանչյուրն իր հանդեպ զգում է, բայց միեւնույն ժամանակ չափում է իր ներքին չափանիշներով եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում յուրաքանչյուր մարդ իր նկատմամբ առկայության կամ բացակայության մասին դատողություններ անում է ինքը: Որպես արդարադատության նախարար` կարող եմ ասել, որ մենք այս առումով դեռեւս քայլեր ունենք անելու:
-Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ շատ հաճախ ՀՀ քաղաքացիները կամ նրանց պաշտպանները դեռ դատական գործընթացը չմեկնարկած՝ հայտարարում են, որ իրենց իրավունքների համար պայքարում գնալու են մինչեւ վերջ՝ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ այդպիսով, փաստորեն, ընդգծելով, որ ՀՀ եռաստիճան դատական համակարգից սպասելիքներ չունեն եւ արդարությունը փնտրում են ՄԻԵԴ-ում:
-Նախ սկսեմ նրանից, որ ոչ միշտ են ՄԻԵԴ-ում հասնում հաջողության: Ճնշող մեծամասնությամբ, եթե նույնիսկ նայենք հարաբերակցությանը, կտեսնենք, որ շատ հաճախ այն բողոքները, դիմումները, որ ներկայացնում են ՀՀ քաղաքացիները, ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվում են անընդունելի, մեծ տոկոս է դա կազմում: Նայեք, խնդրում եմ, վիճակագրությունը եւ կտեսնեք` արդյո՞ք ՀՀ քաղաքացիներն են ավելի շատ դիմում ՄԻԵԴ, թե այլ երկրների քաղաքացիներ, արդյո՞ք ՀՀ-ի դեմ են ավելի շատ վճիռներ, թե այլ պետությունների: Ի դեպ, որեւէ պարագայում ես չեմ ցանկանա, որ իմ այս խոսքերը թե՛ Ձեր եւ թե՛ ընթերցողի կողմից որեւէ կերպ ընկալվեն, որ արդարադատության նախարարն ուղղակի ասում է, որ ամեն ինչ նորմալ է, եւ խնդիր չկա, մտածելու առիթ չկա: Մտածելու առիթ կա յուրաքանչյուր կոնկրետ դեպքով: Եվ յուրաքանչյուր այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին բավարարված չէ, եւ որ ավելի վատ է, երբ նա իր բողոքը հիմնում է խիստ օբյեկտիվ փաստերի վրա: Ես ասացի, որ արդարադատությունը կամ արդարությունը շատ հետաքրքիր կատեգորիաներ են: Շատ հաճախ մենք մեր հանդեպ արդարության բացակայությունից բողոքում ենք այն դեպքում, երբ մենք պարզապես բավարարված չենք մեր նկատմամբ կայացված որոշումից, եթե անգամ այդ որոշումը ձեւական եւ բովանդակային առումներով համապատասխանում է օրենքի տարրին: Արդարությունը միշտ չէ, որ օրինականության հետ, այսպես ասենք, թեւանցուկ է քայլում:
-Տիկի՛ն նախարար, շարունակում է խնդրահարույց մնալ ԱՆ ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկների վիճակը: Կալանավորների պահման պայմանների՝ խցերի գերծանրաբեռնվածության, սննդի որակի, բժշկական ծառայությունների եւ նաեւ կալանավորների այլ իրավունքների սահմանափակման կամ խախտման մասին ահազանգերը Ձեր պաշտոնավարման ընթացքում եթե չեն ավելացել, ապա չեն էլ պակասել: Ինչո՞ւ:
-Քրեակատարողական համակարգը բավական խնդրահարույց է իր միջավայրով, եւ, բնականաբար, այսպես ասեմ, դերակատարներով, որոնք այնտեղ կան: Այդ համակարգը տարիների ընթացքում որոշակի բարեփոխումների է ենթարկվում: Կա՞ն խնդիրներ. արդարադատության ոլորտում որպես արդարադատության նախարար համարո՞ւմ եմ խնդրահարույց ոլորտներից մեկը, այո՛: Քայլեր այդտեղ ձեռնարկվո՞ւմ են, էլի՛ այո: Այդ քայլերն արա՞գ արդյունք են տալու, ո՛չ, որովհետեւ սա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է գեղեցիկ բառերով, մի քանի հատվածային գործողություններով խնդիր լուծել: Ես շատ հաճախ դատապարտյալների հետ զրուցելիս ավելի ականատես եմ եղել, որ թե՛ ցմահ, թե՛ այլ երկարաժամկետ ազատազրկվածներին ավելի շատ հուզում է ոչ այնքան նյութատեխնիկականը, որքան պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պատշաճ աշխատանքը, որի հետ կապված մենք ունենք խնդիրներ, բայց ունենք մեր պատկերացումները եւ արդեն թղթին հանձնված լուծումները:
-Անդրադառնանք Ձեր քաղաքական ապագային: Վերջերս դարձաք ՀՀԿ ԳՄ անդամ: Ի՞նչ կտա Ձեզ այս կուսակցական առաջխաղացումը: Հայտնի է, որ ԱԺ նոր կանոնակարգով եւս մեկ փոխնախագահ է լինելու: Հնարավո՞ր է, որ այդ պաշտոնը Դուք զբաղեցնեք:
-ԳՄ անդամ դառնալը նշանակում է բացառապես պատասխանատվություն ներկուսակցական որոշումների կայացման հարցում, ուրիշ ոչինչ: Որեւէ նմանատիպ հարց չի քննարկվել եւ չի կարող դառնալ քննարկման առարկա:
-Այնուամենայնիվ, Ձեր քաղաքական ապագան որտե՞ղ եք տեսնում` գործադիրո՞ւմ, թե՞ օրենսդիր մարմնում:
-Քաղաքական ապագան ես չէ, որ պետք է տեսնեմ: Թիմի ներսում կայացվում են որոշումներ, եւ երբ որ համապատասխան որոշումները կլինեն, ոչ միայն ես, այլեւ հանրությունը կիմանա:
-Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը մի առիթով ասաց, որ եթե ՀՅԴ-ն որոշի, որ Գեղամ Մանուկյանը պետք է դառնա լողի չեմպիոն, ապա նա կդառնա լողի չեմպիոն: Հիմա եթե Հանրապետականը որոշի, որ Դուք պետք է զբաղեցնեք կամ այլեւս չզբաղեցնեք այս կամ այն պաշտոնը, Դուք աներկբա կընդունեք այդ որոշումը, անգամ եթե այն Ձեր սրտով չլինի:
-Երբ այդպիսի որոշում կայացվի, ինձ առաջարկություն արվի, ես հնարավորություն կունենամ իմ տեսակետը արտահայտելու:
-Դուք համարվում եք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պրոտեժեն: Կարեն Կարապետյանի կառավարությունում Դուք Ձեզ հարմարավետ զգո՞ւմ եք:
-Ինչպես տեսնում եք՝ ես պատշաճ շարունակում եմ կատարել իմ պարտականությունները:
Մանրամասները՝ ArmLur.am կայքում:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ «ՆԵՐՈՂՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» Է ԳՈՐԾՈՒՄ
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին, երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, որը նախկինում «Գազպրոմ Արմենիայի» տնօրենն էր, լրագրողների հետ իր առաջին «բլից հանդիպման» ժամանակ հայտարարեց՝ համակարգում ինքն է խաղի կանոններ սահմանելու այսուհետ:
Այդ գործընթացը Հարությունյանն արել է ընդունված, բայց հաճախ չկիրառվող մեթոդով: «Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հարությունյանը համակարգում «աշխատանքային-դաստիարակչական» խորհրդակցություններ է անցկացրել, որոնց ընթացքում կտրուկ հայտարարել է փող վերցնելու սովորույթը համակարգից հանելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, դիմելով ՊԵԿ առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին` ասել է. «Բրուտյա՛ն, ես քեզնից փող ուզե՞լ եմ»: Հարցից շփոթված տեղակալը բացասական պատասխան է տվել, ապա ՊԵԿ նախագահը շարունակել է՝ ստորադասից փող վերցրած ցանկացած աշխատակից, ով կպատճառաբանի, թե «վերեւներից» են պահանջել, ստում է եւ խստագույնս կպատժվի:
Եւ այս պատկերին զուգահեռ տեղեկացանք, որ օրերս Արաբկիրի հարկային տեսչության վերահսկողական բաժնի երեք աշխատակից է հեռացվել համակարգից: Ըստ երեւույթին աշխատակիցները չեն անսացել վերադասի հրահանգները եւ խախտել են պայմանավորվածությունը:
Տեսչության պետը, ի դեպ, Արմեն Սաֆարյանն է` հայտնի «Օջախ» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռաֆիկ Եգանյանի փեսան: Երբ Արաբկիրի հարկայինում հավաքվել են՝ իրավիճակը քննարկելու, նույն տեսչության ներքին անվտանգության պետը՝ Արման Սարգսյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ, վաղամեռիկ Գրիշա Սարգսյանի ազգականն է, հայտարարել է, թե ինքը ներում է վարչության պետ Գառնիկ Քոշքոշյանին: Բայց նրա երեք աշխատակիցները պետք է լքեն համակարգը: Հանուն արդարության պետք է փաստել, որ տեսուչների՝ ավանդույթի վերածված փող հավաքելու երեւույթի դեմ պայքարը գովելի է, սակայն անհասկանալի է՝ ինչ ներման համակարգ եւ կանոններ են գործում ՊԵԿ-ում: Ո՞վ է սահմանում ներման կանոններն ու չափաբաժինը: Եւ հետաքրքիր է՝ ինչու ներման արժանացավ բաժնի պետը, իսկ աշխատակիցներն անգործ մնացին: Ի դեպ, «ներում շնորհածի» հարազատ եղբայրը՝ Ռուբեն Սարգսյանը, նույն տեսչությունում պետի տեղակալ է:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՈՀ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերում: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ նշված մարզերի համայնքների ղեկավարները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետը նախ եղել է Վայոց ձորի մարզում, որտեղ կայացած հանդիպումները բավականին ուշ են ավարտվել: Սակայն Արարատի մարզում մարզպետարանի աշխատակիցները շունչները պահած, սոված սպասել են վարչապետին: Կարապետյանը Արարատ է հասել երեկոյան 19.00-ին: «Ժողովուրդ»-ը Արարատի մարզի Խաչփառ համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ գո՞հ է վարչապետի հետ հանդիպումից, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասաց. «Ճիշտն ասած՝ հիացած եմ: Ինքը մեզ անընդհատ ասում էր՝ չնեղվեք, ինչով պետք է՝ կօգնենք: Հետաքրքրվում էր, թե ինչ խնդիր ունենք: Ես ինքս գյուղի ոռոգման ջրի հետ կապված խնդրի մասին եմ բարձրաձայնել. հանդիպումից անցել է մեկ օր, տեսնում եմ, որ դրական տեղաշարժ կա»:
ԵՐԻՑՅԱՆԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ
Երեկ հայտնի դարձավ, որ Ներսես Երիցյանը վեց տարի պաշտոնավարման ժամկետով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում: Ո՞րն է նրա հմայքը, պարզ չէ: Բայց նա հայտնի է 124 մլն դրամանոց գերթանկարժեք բիոզուգարանների գնման գործարքով: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք Հայաստան բերեցին երկու բիոզուգարան, որոնք այդպես էլ չաշխատեցին: Դրանք ձեռք էր բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Իսկ հոգաբարձուների խորհրդի անդամներն էին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Ու այս խայտառակ փոշիացումներից հետո փոխանակ կալանավորումներ լինեն, Ն. Երիցյանը վերանշանակվեց իր պաշտոնին:
ՎԱՐԿ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավստրիական «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի» եւ Հայաստանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի միջեւ նախատեսվում է ստորագրել 7 մլն եվրո գումարի չափով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիր: Նպատակն է ֆինանսավորել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի համար բժշկական սարքավորումների մատակարարումը, տեղադրումը եւ սպասարկումը, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքների կատարումը: Վերջինիս իրագործումը հնարավորություն կտա մինչեւ 2018 թվականի ավարտն իրականացնել ԲԿ-ի տեխնիկական վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Ըստ վարկային համաձայնագրի՝ վարկի մարման ժամկետը առավելագույնը 19.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը առավելագույնը 6.5 տարի է: