«ԽԵԼԱՑԻ ԿԻՆԸ ԳԵՐՍԵՔՍՈՒԱԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Հակիրճ հարցուպատասխանի նպատակը զրուցակցին նոր լույսի ներքո բացահայտելն է: Այս անգամ մեր դիտակետում հայտնվել է «Փեսացուն կրկեսից», «Սահմանին», «Վերջին աղոթք» ֆիլմերից, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ռոզի Ավետիսովան:

-Ռոզի՛, Ձեզ համար ամենաթանկ ռեսուրսը ո՞րն է:
-Ժամանակը:
-Եթե տնտեսել գումար, ապա ի՞նչ նպատակով:
-Ճամփորդության:
-Ուրախության դրսեւորում, որ ոչնչի հետ չեք փոխի:
-Ինքս ինձ գոհացնելը: Ասեմ, որ դա հազվադեպ է պատահում:
-Երբեք չեք համաձայնի վտանգի տակ դնել Ձեր…
-Խիղճը:
-Սիրելի հեքիաթը:
-Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը»:
-Եթե զվարճանալ, ապա ի՞նչ ֆորմատով:
-Ակումբային, փաբային կյանքով: Սիրում եմ լինել աղմկոտ վայրերում, ունենալ գինովցած լինելու հնարավորություն:
-Ո՞ր դեպքում եք պատրաստ խորհուրդ տալ դիմացինին:
-Երբ գիտեմ, որ նա կլսի ինձ:
-Կենցաղում տանել չեք կարողանում…
-Կենցաղը դժվար տանելի երեւույթ է, բայց խելոքները կարողանում են հետաքրքիր դարձնել նույնիսկ դա:
-Ձեր առաջին սիրո խոստովանությունը:
-Երեւի թե այդ ժամանակ պատանի եմ եղել: Աղոտ ինչ-որ բաներ հիշում եմ (ծիծաղում է): Հիշում եմ, օրինակ, թե ում էի սիրահարված, կարծեմ` դասարանցիս էր: Այդ զգացողությունների մեջ ինչ-որ շատ սիրուն ու մաքուր բան կա:
-Կարող եք դաժան լինել այն դեպքում, երբ…
-Երբ շահագործվում եմ: Խոսքը վերաբերում է թե՛ մասնագիտական հարցերին, թե՛, առհասարակ, մարդկային փոխհարաբերություններին:
-Հակառակ սեռը Ձեր մեջ մշտապես գնահատում է…
-Դժվար է խոսել հակառակ սեռի անունից, բայց կարծում եմ` անկանխատեսելի լինելը: Դա վտանգավոր է, բայց հետաքրքիր:
-Որակ, որը վանում է Ձեզ:
-Քաղքենիությունը, մեծամտությունը:
-Ե՞րբ եք զգացել նախանձ կոլեգաների կողմից:
-Շատ եմ զգացել, առանց դրա չի լինում, դա էլ է մարդկային որակ, որը շատ բնորոշ է մեր մասնագիտության տեր մարդկանց: Իմ հանդեպ նախանձը ես անմիջապես եմ զգում, առանց որեւէ խոսքի: Եղել է, որ այդ զգացումի պատճառով մտերիմների եմ կորցրել, այսինքն` հրաժարվել եմ նրանց հետ շփումից:
-Ձեր քայլերը, եթե հայտնվեիք քաղաքական դաշտում:
-Ես կնեղացնեի շրջանակս եւ կզբաղվեի զուտ մշակութային հարցերով: Կարճ ժամանակում կվերադարձնեի ցենզուրա հասկացությունը. դրա միջոցով շատ գործեր պարզապես կմաղվեին, եւ մեր արտադրանքը կունենար որակ: Եվ հետո` ամեն բան կանեի, որ մշակույթի ոլորտում մեծ գումարներ ներդրվեին, ու դրանք արդյունավետ ծախսվեին:
-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, երբ խախտում են Ձեր քաղաքացիական իրավունքները:
-Հայաստանում այնպիսի համակարգ է գործում, որի պայմաններում շատ իրավունքներ կարող են խախտվել, եւ ամեն անգամ չէ, որ ստացվում է խախտողին պատասխանատվության ենթարկել: Ուստի հաճախ բավարարվում ենք էմոցիոնալ պոռթկումներով:
-Աշխարհիկ մի երեւույթ, որի հետ երբեք չեք համակերպվի:
-Գլոբալ առումով` երեխաների մահը: Ճիշտ է` մահը տարիք չի հարցնում, բայց փոքրիկների դեպքում ուրիշ է: Իսկ եթե Ձեր հարցին պատասխանեմ` նկատի ունենալով հայ իրականության շրջանակը, չեմ համակերպվում մարդկանց` ուրիշների կյանքով ապրելու միտումի հետ:
-«Սեր» բառի «հոմանիշը» (հարաբերական իմաստով)` ըստ Ձեզ:
-Շատ կան: Ես կառանձնացնեի հոգատարություն, ինչ-որ բան կիսելու ունակություն: Մարդիկ հաճախ ասում են, թե սիրում են, բայց այն, ինչ իրենց համար թանկ է, չեն կարողանում կիսել դիմացինի հետ:
-Ո՞ր կինն է գրավիչ:
-Ամենագրավիչը խելացին է: Խելացի կինը գերսեքսուալ է:
-Ամանորը առաջինը ասոցացվում է…
-Մանկության հետ:
-Շարունակե՛ք միտքս. «Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ…»
-Այլ չապրելուց:

 

 

 
ԿՐԿԵՍԱՅԻՆ Ի՞ՆՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԱՄԱՆՈՐԻՆ

Տոները մոտենում են, իսկ ամանորյա հրաշքի սպասումն օրեցօր կրկնապատկվում է: Նրանք, ովքեր ցանկանում են ջերմ եւ հետաքրքիր մթնոլորտում անցկացնել Նոր տարին, արդեն փորձում են տեղեկանալ, թե ինչ միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում եւ մարզերում:

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ գրել էր մայրաքաղաքում կայանալիք ամանորյա ներկայացումների պրեմիերաների, մեծ էկրանին ցուցադրվելիք ֆիլմերի մասին: Այժմ արդեն հետաքրքրվել ենք, թե ամանորյա թեմայով կրկեսային ինչ ներկայացումներ են սպասվում Երեւանում եւ մարզերում: «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 24-ից 29-ը կրկեսի կոլեկտիվն ու Լ. Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի սաները մեկնելու են Հայաստանի մարզեր եւ հանդես են գալու ամանորյա բարեգործական ներկայացումներով: «Նրանք մարզերի հանդիսատեսին կներկայանան հետաքրքիր համարներով, կփորձեն անել այնպես, որ մարդիկ ներգրավվեն միջոցառումներում, դառնան դրանց մասնակիցը»,-մեկնաբանեց պարոն Պետրոսյանը:
Իսկ ինքը` գեղարվեստական ղեկավարը, այդ օրերին կմնա Երեւանում, քանի որ մայրաքաղաքում էլ սպասվում են այլ միջոցառումներ: Դեկտեմբերի 24-ից հունվարի 15-ը «Մոսկովյան կրկես» շապիտոն կհյուրընկալվի Հայաստանում եւ Կոմիտասի այգում (նախկին դելֆինարիայի տարածքում) երեւանցիների համար հանդես կգա ամանորյա ելույթներով. «Հրավիրվել են մոսկովյան կրկեսի լավագույն դերասաններ, եւ հայ արտիստ Գագիկ Ավետիսյանը` Գերմանիայից, նույն ինքը` ծաղրածու Չարլին: Հանդիսատեսի համար պատրաստել ենք բավական հարուստ համարներ` տարբեր կենդանիների, այդ թվում` արջերի, կապիկների, ձիերի, շնիկների մասնակցությամբ»,-մանրամասնեց Ս.Պետրոսյանը:
Հարցին, թե ինչպես է Երեւանյան կրկեսը հոգում արտերկրի արտիստներին այստեղ հրավիրելու համար անհրաժեշտ ծախսերը, նա պատասխանեց. «Կոնկրետ այս նախաձեռնության համար մենք ոչ մի հովանավոր չունենք. մենք ֆոկուսնիկներ ենք (ծիծաղում է): Մեր համատեղ ուժերով ենք հոգում այդ ամենը: Իհարկե, շնորհակալ ենք Երեւանի քաղաքապետարանին` Կոմիտասի այգու համապատասխան տարածքն անվճար տրամադրելու համար»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Անվանի գրականագետ, Հովհաննես Թումանյանի ժամանակակից եւ ընկեր Գրիգոր Վանցյանի` Ամենայն հայոց բանաստեղծին հասցեագրված 19 նամակներն ամփոփվել են «Ուսումնասիրություններ եւ հրապարակումներ» վերնագիրը կրող հատորյակում, որը լույս է տեսել օրերս` ընթերցողին ներկայացնելով նաեւ գրականագետի կենսագրական դրվագները: Վանցյանի աշխատությունների երրորդ հատորի կազմողը` պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը, «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ գրքի տպագրությունը երաշխավորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտխորհուրդը, եւ այն լույս է ընծայվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից։

 

 

«ԱՆՈՐՍԱԼԻՆԵՐԸ-4»-Ը` 2018-ԻՆ
«Անորսալիները» (Expendables) ֆիլմի նոր` 4-րդ մասը մեծ էկրանին կհայտնվի 2018-ին. դա կլինի վերջին, եզրափակիչ ֆիլմը: Այս մասին տեղեկացնում է movieweb.com-ը: Դեռեւս հայտնի չէ` արդյոք 1980-1990-ական թվականների հայտնի աստղերը կնկարահանվեն «Անորսալիները-4» կինոնկարում: Չեն հրապարակվել նաեւ ռեժիսորի ու սցենարիստի անունները:
Հիշեցնենք, որ էքշն ժանրի ֆիլմի առաջին մասը, որը ներկայացվել էր 2010-ին` իր շուրջ համախմբելով դերասաններ Սիլվեստր Ստալոնեին, Ջեյսոն Սթեթհեմին, Դոլֆ Լունդգրենին, ամերիկյան կինովարձույթում հավաքել էր 171.4, իսկ համաշխարհային կինովարձույթում` 274.4 մլն դոլար այն դեպքում, երբ ֆիլմի նկարահանման բյուջեն 80 մլն դոլար էր: «Անորսալիներ»-ի 2-րդ եւ 3-րդ մասերը ներկայացվել են 2012-ին եւ 2014-ին:

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ
Միջազգային մամուլում սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ամերիկացի հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ է սկսել կանադացի ռեփեր Դրեյքի հետ: TMZ-ի աղբյուրների փոխանցմամբ` Լոպեսն ու երաժիշտը նոր երգ եւ տեսահոլովակ են պատրաստում: Բայց աղբյուրը վկայում է, որ համատեղ աշխատանքի ընթացքում աստղերը մտերմացել են եւ նույնիսկ շուտով ժամադրության կգնան:
«Դրեյքն արդեն երկու անգամ Լոս Անջելեսում եղել է Ջեյ Լոյի համերգին, այնուհետեւ նրանց միասին տեսել են գիշերային հաստատություններից մեկում»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:




Լրահոս