Դեռեւս հոկտեմբերի 21-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր քաղաքացի Նարինե Մանուկյանի՝ աղաղակող փաստերով լի հայտարարությունը, ըստ որի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում:
Մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հասկանալու համար` արդյո՞ք հայտարարությանն իրավական գնահատական տրվել է: Դատախազությունից խոստացել էին պատասխանել, սակայն մինչ օրս որեւէ մեկնաբանություն չկա:
Եվ, ահա, հերթական անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ Արտեմ Ասատրյանի գործունեության վերաբերյալ: «Պրոթեզաօրթոպետիկ» ՍՊԸ-ի 33 աշխատակիցներից 22-ը Ամանորի շեմին կկորցնեն իրենց աշխատանքը. ընկերությունը ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել: Պատճառը ՍՊԸ տնօրեն Գագիկ Բաբայանի հավաստիացմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է: Նրա թողտվության հետեւանքով անհայտ ծագմամբ ինչ-որ ընկերություններ են հաղթում մրցույթներում` ներկայացնելով իրենց կողմից նշված գումարից 100-500 դրամ պակաս գումար. «Երեւի նախարարությունից մեկը նախապես ասում է մյուս մրցակիցներին, թե մենք ինչքան գումար ենք առաջարկել մրցույթի համար: Ուզում են մեզ դուրս թողնել: Բայց այսօր նախարարությունում չկա մեկը, ով պրոթեզավորման ուղղությամբ մասնագիտացված կլինի, ինչպես ես»,- ներկայացրեց տնօրենը: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչպես է սոցապնախարարությունում շինարարական «Ագաթ-777» ընկերությունը հաշմանդամների սպասարկման մրցույթի մասնակցում:
Սյունիքի մարզում նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ ընթացքը տեղի է ունենում անձամբ մարզպետ Վահե Հակոբյանի կազմած սյուժեով: Որոշ տեղեկությունների համաձայն` Հակոբյանն ամեն կերպ փորձում է խաղից դուրս թողնել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով, ի դեպ, այս օրերին երկրում չէ: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Սյունիքի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «ոխերիմ թշնամի», նախկին քննիչ, ԲՀԿ ներկայացուցիչ Սարմիկ Հարությունյանը` 1 տարի շուտ վայր դնելով լիազորությունները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ռեյտինգային ցուցակով Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը` «Ջերմուկի» Արսենյանը: Իսկ Վահե Հակոբյանը շահագրգիռ է, որ Արսենյանը հաղթի հնարավոր մրցակցին, որը, ամենայն հավանականությամբ, կլինի նրա կուսակից, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ասել է թե` Լիսկան ու Քլոսը կմրցեն միմյանց հետ:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, որ ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նրա աշխատանքը սկզբում կարծես թե չէր ստացվում: Համենայնդեպս, կառավարության նիստերի ժամանակ հաճախ բախումների ենք ականատես եղել: Ո՞րն էր պատճառը, իրե՞նք են անհիմն պահանջներ ներկայացրել, թե՞ Դուք եք կոնֆլիկտային: «Կան հարցեր, որոնք կարող եք չբարձրաձայնել կառավարության նիստում, այլ նիստից դուրս ձեր գործընկերների հետ քննարկել եւ լուծել: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ հանրությունը դրա մասին իմանա: Բայց, երբ մի իրավիճակ է, որ սկզբունքորեն չես ընդունում, ես ինձ չեմ սահմանափակել դա բարձրաձայնելու հնարավորությունից եւ ավելին՝ գտնում եմ, որ դա ճիշտ մոտեցում է` առանց որեւէ ավելորդ շոուի տարրերի: Այդպես եղել է թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարության ժամանակ, եւ կարծում եմ՝ նաեւ շարունակվելու է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը անցած տարվա ընթացքում բնակարանի առքուվաճառքով է զբաղվել. նա 30 մլն 109 հազար դրամ արժեքով գնել է բնակարան, իսկ ավելի քան 27 մլն դրամով վաճառել մեկ այլ բնակարան: Թեեւ մեր երկրում աղքատությունը գնալով մեծանում է, բայց դրան զուգահեռ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան այրերի, այս դեպքում՝ փոխոստիկանապետի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում կրկնակի աճել են. այսպես՝ Հովհաննիսյանը 2014 թվականին ունեցել է 14 մլն դրամ, որը 2015 թվականին շեշտակի ավելացել է՝ կազմելով 25.8 մլն դրամ: Բացի այս՝ նա հայտարարագրել է, որ ունի 450 դոլար եւ 175 եվրո: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմում է ընդամենը 417 հազար դրամ: Գնած բնակարանն էլ գնդապետ Հովհաննիսյանը ձեւակերպել է որպես նվիրատվություն: Թե ով է նվիրել, պարզ չէ: Հուսանք՝ ոստիկանության պետի տեղակալն իր հայտարարագրած դրամական միջոցների զրոների քանակը չի շփոթել: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը անցած տարի ասուլիսի ժամանակ մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց. «…առավոտյան ժամը 20.00», «քաղաքացիների մուտքը Եղեռնի հուշահամալիր կսկսվի ժամը 13:000-ից» եւ այլն:
ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Վրաստան հաջորդեց բավականին ուշագրավ իրադարձությունների: Նախ՝ ՀՀ ՊՆ նախարարը եւ նրա ռուս գործընկերը Մոսկվայում ստորագրեցին հայ-ռուսական համատեղ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը: Ապա՝ Վրաստանի վարչապետը հայտարարեց ռուսական գազը ՀՀ առաքող գազատարի 25 տոկոս բաժնետոմսերը վաճառելու հնարավորության մասին: Դրանից հետո վրացական մամուլը գրեց, որ գազատարի բաժնետոմսերի պոտենցիալ գնորդների թվում է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը, որն արդեն իսկ բանակցություններ է սկսել վրացական կառավարության հետ:
Այս ամենի ֆոնին ՀՀ ՊՆ նախարարը Մոսկվայից հետո մեկնեց Թբիլիսի: Ըստ ամենայնի, այդ այցը պայմանավորված էր նաեւ վրաց իշխանություններին որոշակի պարզաբանումներ տրամադրելու անհրաժեշտությամբ: Բանն այն է, որ հայ-ռուսական համատեղ զորամիավորման ստեղծմամբ կողմերը պարտավորվում են երկրներից որեւէ մեկի սահմանների նկատմամբ ագրեսիայի դեպքում պաշտպանել վերջինիս: Ռուս-վրացական սահմաններին լարված իրավիճակների ոչ վաղ անցյալում մենք արդեն ականատես եղել ենք, եւ նման պոտենցիալ վտանգը, անշուշտ, առկա է նաեւ այսօր: Եթե 2008թ. պաշտոնական Երեւանը, չնայած հյուսիսից գործադրվող ճնշմանը, կարողացավ պահպանել չեզոքություն, ապա առաջիկայում նման իրավիճակների դեպքում Հայաստանն արդեն պարտավոր է ներգրավվել՝ ի պաշտպանություն դաշնակցի անվտանգության:
Հիշեցնենք, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմի օրերին տեղեկատվություն հրապարակվեց, որ Գյումրիի ռազմաբազայից օդ են հանվել եւ դեպի Վրաստան ուղղվել ռուսական ռազմական կործանիչներ, որոնց ընթացքը, սակայն, վերջին պահին կասեցվել է: Այս տեղեկատվությունը, որը հետագայում հերքվեց ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական կողմից, բավականին մեծ եւ մնայուն բացասական հետք թողեց հայ-վրացական հարաբերություններում: Եվ ուրեմն հիմա, երբ արդեն խոսք է գնում ՀՀ-ի կողմից ստանձնվող կոնկրետ պարտավորությունների մասին, Վրաստանի իշխանությունը շատ ավելի հստակ եւ կոնկրետ երաշխիքներ է պահանջելու ՀՀ-ից: Առավել եւս, որ ռուս փորձագետներն ու որոշ քաղաքական գործիչներ իրենց հայտարարություններով էլ ավելի մեծ մտահոգություններ են առաջացնում վրացական կողմի մոտ: Մասնավորապես պարբերաբար նշվում է, որ հայ-ռուսական համատեղ զորամիավորումն ուղղված է լինելու առավելապես ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ: Ինչպես գիտենք՝ մեր հարեւաններից ՆԱՏՕ-ի անդամ է միայն Թուրքիան, սակայն մյուս կողմից էլ Վրաստանը եւս ամբողջովին կողմնորոշված է դեպի ՆԱՏՕ եւ գտնվում է Դաշինքին անդամակցության շեմին: Այնպես որ, այս առումով շահերի աշխարհաքաղաքական հակասությունները բավականին ցցուն են դառնում:
Համոզիչ կթվան ՀՀ ՊՆ նախարարի կողմից վրացական կողմին տրված բացատրություններն ու երաշխիքները, թերեւս պարզ կդառնա նաեւ առաջիկայում գազատարի վաճառքի թեմայի արծարծումից: