ԵՍ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ. ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բնականաբար ընտրություններին ակտիվորեն պետք է մասնակցեմ որպես դաշնակցական, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ», – անդրադառնալով 2017 թվականի իր ծրագրերին՝ «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: ԱԺ նախկին պատգամավորը, ով, ի դեպ, ճանաչվել էր ամենաակտիվներից մեկը, խոստովանեց, որ կարոտում է պառլամենտը:

-Պարո՛ն Մինասյան, հայտնի է, որ ՀՅԴ-ում կուսակցական որոշումներն անքննելիորեն կատարվում են: Դուք կուսակցության որոշման ադյունքում նախ՝ դարձաք Էկոնոմիկայի նախարար, ապա՝ նույն որոշմամբ՝ բնապահպանության նախարար: Արդյո՞ք իսկապես ունեք ունիվերսալ այդ հնարավորությունները` բոլոր նախարարություններում աշխատելու համար:
-Բնականաբար, ես այդպիսի եզրակացության չեմ կարող գալ: Նախ Էկոնոմիկայի նախարարություն անվանումով կառույց այսօր չկա: Ասեմ, որ ես պառլամենտը կարոտում եմ մի քանի պատճառով: Առաջին հերթին դա ազատության մեծ հնարավորությունն է, որ պառլամենտը տալիս է, մյուս կողմից` կա ավելի ստեղծագործաբար եւ բարձրաձայն մտածելու լիարժեք հնարավորություն: Ի տարբերություն պառլամենտի՝ գործադիրը մի քիչ այլ կարգավիճակ է. այստեղ դու պարտավոր ես ոչ միայն քո մտածածը չբարձրաձայնել, այլեւ մանրամասն քննության առարկա դարձնել բոլորի հետ: Քո գործողություններում դու պետք է իմանաս, որ ամեն մի քայլ իր հետեւանքն է ունենում կոնկրետ ֆինանսական եւ նյութական տեսքով: Մյուս կողմից՝ գործադիրն իրական հնարավորություն է այն խոսքերը, որ դու բարձրաձայնում էիր, այդ կեցվածքով ապրելու: Ես փորձում եմ այդպես անել, եւ հավատացեք, ուզում եմ անկեղծանալ, որ հաճախ դժվար է: Պառլամենտում բարձրաձայնում ես, այստեղ տեսնում ես` դժվար է իրագործելը, որովհետեւ կա նաեւ այնպիսի սահմանափակում, որը նաեւ քո երկրից դուրս էլ է գտնվում, եւ դու պետք է հաշվի առնես այդ սահմանափակումները:
-Եթե կուսակցությունը որոշի, որ այսուհետ պետք է այլ ոլորտ ղեկավարեք, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:
-Ես չեմ մտածել դրա մասին, որովհետեւ նախ՝ սա այն պաշտոնն է, որտեղ ոչ այնքան քո որոշելու հարցն է, որքան որ այդ նշանակման իրավասություն ունեցող անձի եւ համակարգի: Երկրորդը՝ կարեւոր չէ, թե դու ինչ դիրքում ես, կարեւոր է, թե այն արժեքները, որոնք դու հայտարարել ես հրապարակային, պաշտպանում ես, թե ոչ: Իսկ այդպիսի արժեքների մեջ ինձ համար սկզբունքային նշանակություն ունի գործառույթ-լիազորություն-պատասխանատվություն հստակ մեխանիզմի գոյությունը: Եթե ստանձնել ես այդ բեռը, ուրեմն պարտավոր ես արժանապատիվ տանել, չհրաժավել եւ չխուսափել պատասխանատվությունից: Լինելով մասնագիտությամբ տնտեսագետ եւ իրավաբան, իմ ցանկացած գործողության հիմքում երկրի տնտեսական զարգացման եւ իրավական ապահովման հարցը պետք է լինի: Դա շատերի մոտ տարակուսանք կարող է առաջացնել, եւ առաջին օրերին էլ փորձում էին ներկայացնել այդ մեղադրանքը, որ ոնց կարող է տնտեսագետը գնալ, բնապահպանության նախարար լինել: Սակայն ես գտնում եմ, որ տնտեսության զարգացման հիմքը շրջակա միջավայրն է: Ես հույս ունեմ, որ մեր երիտասարդները, որոնք գալիս են նաեւ պետական կառավարման համակագ, կձգտեն ավելի լավ պետական համակարգ կառուցել: Իմ ձգտումը, ցանկությունն այդպիսի օրինակ ծառայելն է:
-Նշեցիք, որ կարոտել եք պառլամենտը: 2017 թվականին Ձեր քաղաքական ապագան որտե՞ղ եք տեսնում` գործադիրո՞ւմ, թե՞ օրենսդիրում:
-Նախ առաջինը՝ նախարարը քաղաքական պաշտոն է, ես ներկայացնում եմ կոնկրետ քաղաքական ուժ` ՀՅԴ-ն եւ, բնականաբար, ընտրություններին ակտիվորեն պետք է մասնակցեմ որպես դաշնակցական, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ: Եվ պարզ է, որ կուսակցության ծրագրերը, որոնք ես այստեղ փորձում եմ կյանքի կոչել, պետք է հասանելի դարձնել մեր քաղաքացիներին: Իսկ թե ինչպիսի կարգավիճակ կլինի, դա առաջին հերթին կախված է մեր սիրելի ընտրողների մոտեցումներից: Եթե իրենք ուզում են այդ ծրագրերը կյանքի կոչել, ապա դրան համապատասխան էլ կորոշվի այն կարգավիճակը, որը սպասելու է ինձ:
-Պարո՛ն Մինասյան, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ձեր աշխատանքը սկզբում կարծես թե չէր ստացվում: Համենայնդեպս, կառավարության նիստերի ժամանակ հաճախ բախումների ենք ականատես եղել: Ո՞րն էր պատճառը, իրե՞նք են անհիմն պահանջներ ներկայացրել, թե՞ Դուք եք կոնֆլիկտային:
-Ցանկացած անձ իր մոտեցումները բարձրաձայնելու իրավունք եւ հնարավորություն պետք է ունենա: Բացառություն չէ նաեւ կառավարության կազմում գործունեությունը: Անշուշտ, կա նաեւ փորձառության որոշակի խնդիր: Կան հարցեր, որոնք կարող եք չբարձրաձայնել կառավարության նիստում, այլ նիստից դուրս ձեր գործընկերների հետ քննարկել եւ լուծել: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ հանրությունը դրա մասին իմանա: Բայց, երբ մի իրավիճակ է, որ սկզբունքորեն չես ընդունում, ես ինձ չեմ սահմանափակել դա բարձրաձայնելու հնարավորությունից եւ ավելին՝ գտնում եմ, որ դա ճիշտ մոտեցում է` առանց որեւէ ավելորդ շոուի տարրերի: Այդպես եղել է թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարության ժամանակ, եւ կարծում եմ՝ նաեւ շարունակվելու է: Դա նաեւ իրական հնարավորություն է, որ կառավարության նիստերը չվերածվեն լուռումունջ համակարգի:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Նոյեմբերի 1-ին՝ Ազգային ժողովում ՀՀ մարզպետները հայտնել էին, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ մինչեւ դեկտեմբերի 20-ը յուրաքանչյուրն իր մարզի համար պետք է ներկայացներ զարգացման ռազմավարական ծրագիր: Վարչապետի հանձնարարականի վերջնաժամկետը լրացել է: «Ժողովուրդը» փորձեց մարզպետներից պարզել, թե ինչպիսի ռազմավարական ծրագրեր են ներկայացրել, եւ արդյո՞ք դրանք արժանացել են վարչապետի հավանությանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
-Պարո՛ն Նալբանդյան, մարզերի զարգացման ռազմավարական ծրագրերի ներկայացման շուրջ վարչապետի հանձնարարականի վերջնաժամկետը լրացավ: Արդեն ներկայացրե՞լ եք Լոռու մարզի ծրագիրը:
-Ուրեմն, այն դեռ քննարկման փուլում է, եթե ուշադիր եք, վարչապետը բոլոր մարզերով աշխատանքային այցելություններ է կատարում: Ամսի 23-ին վարչապետը կլինի Լոռու մարզում, եւ արդեն մեր հանդիպման ձեւաչափը պատրաստ է: Հանդիպելու ենք համայնքների ղեկավարների եւ տնտեսվարողների հետ:
-Խնդրում եմ՝ նշեք երեք հիմնական առաջնահերթությունները, որոնք ներառել եք Լոռու մարզի զարգացման ռազմավարական ծրագրում:
-Ամենակարեւորը՝ հանքարդյունաբերությունը, տնտեսական գերակա ուղղություններից մեկը՝ գյուղատնտեսությունը, տուրիզմը եւ ՏՏ ոլորտը: Ես նշեցի հիմնական 4 ուղղությունները: Նշեմ նաեւ, որ վարչապետի այցի ժամանակ կքննարկենք խոշոր համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:

Արգածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյան
-Պարո՛ն Գյոզալյան, մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շուրջ վարչապետի հանձնարարականի ժամկետը լրացավ: Ի՞նչպիսի ծրագիր եք ներկայացրել եւ, առհասարակ, ներկայացրե՞լ եք, թե՞ ոչ:
-Մենք արդեն ներկայացրել ենք:
-Կոնկրետ Արագածոտնի մարզի զարգացման համար որո՞նք են այն հիմնական երեք ուղղությունները, որոնք առավել կարեւորել եւ նշել եք ծրագրում:
-Դա արդեն շատ ծավալուն բան եք հարցնում, հիմա չեմ կարող նշել, շատ եմ ներկայացրել, երեքը չի:
-Ամենառաջնայինը կնշե՞ք:
-Աշտարակի կամուրջի հատվածում տուրիստական բազա ստեղծել, երեւի հավանության արժանանա:
-Վարչապետի հետ քննարկե՞լ եք:
-Երեւի ամսի 27-ին:
-Իսկ տեղյա՞կ եք՝ նա գո՞հ է Ձեր ներկայացրած ծրագրից:
-Դեռ չգիտենք, դեռ չգիտենք, դա դեռ տարածքայինում պետք է քննարկվի, այնտեղից նոր գնա կառավարություն՝ վարչապետի մոտ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ՍԵՂԱՆԻ ՏԱԿԻՑ` ՊԵԿ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կադրային փոփոխություններ է վարում ոչ միայն ՊԵԿ-ում եւ տարածքային տեսչություններում, այլեւ կոմիտեի ենթակայության տակ գտնվող կառույցներում: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հարկային եւ մաքսային ծառայողների վերապատրաստմամբ զբաղվող «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ն այլեւս նոր տնօրեն ունի` ի դեմս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանի: Վերջինս փոխարինել է Մհեր Սահակյանին:
Լ. Բարխուդարյանն այն նախարարն էր, որը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից պատասխանում էր պատգամավոր Ֆրունզե Խառատյանի հարցին, երբ ներս խուժեց ոճրագործ Նաիրի Հունանյանը` իր հանցախմբի հետ, ու կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի, ապա մյուս պաշտոնյաների ու պատգամավորների ուղղությամբ: Բարխուդարյանը կրակահերթերի ժամանակ հասցրեց պառկել ԱԺ դահլիճի՝ քարտուղարության աշխատողներին հատկացված անկյունում եւ այդտեղից հետեւեց ոճրագործության ընթացքին:

 

 

 

ՀՈԳՍԱՇԱՏ
Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից հետո տարբեր տեղեկություններ սկսվեցին տարածվել երկու անչափահաս երեխաներին խեղդամահ անելու մեջ մեղադրվող, ինքնասպանություն գործած 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի հոգեկան առողջության մասին: Սպիտակի հոգեբուժական կլինիկայի տնօրենը եւս հաստատել էր կնոջ` բուժում ստանալու հանգամանքը: Եվ ահա, օրեր անց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քիմիայի ուսուցչուհի Մարինե Հովհաննիսյանն իրականում սոցիալապես ծանր վիճակում էր ապրում: Նա մոտ 35 հազար դրամ աշխատավարձով գոյատեւում եւ պահում էր երեխաներին: Ավելին՝ վարձով էր բնակվում: Իսկ ամուսինը մոտ չորս տարի առաջ ամուսնալուծվելուց հետո, կարելի է ասել, երեխաներին չէր այցելում, խնամքին չէր աջակցում: Ուստի չի բացառվում, որ կատարվածը նաեւ սոցիալական խնդիրների պատճառով է եղել:

 

 

 

1 ՄԼՆ ԴՐԱՄԱՆՈՑ ՀԱՐԴԱՐԱՆՔ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 980 հազար ՀՀ դրամ է հատկացրել մի ընկերության` սենյակները հարդարելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Խոյանք» ՍՊԸ-ի հետ Կադաստրի կոմիտեն կնքել է պայմանագիր` «մարզերի միավորված ստորաբաժանման վարչական շենքում արխիվի եւ արխիվի բաժնի օպերատորների համար նախատեսված սենյակներում հարդարանքներ իրականացնելու համար»: Այս աշխատանքների համար մոտ 1 մլն դրամ է հատկացվել: Թե ինչպես են հարդարել, ում ճաշակով, պայմանագրից հասկանալի չի դառնում:




Լրահոս