«Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործելաոճի հետ կապված դժգոհություններ ստանալ: Նախօրեին նման հեռախոսազանգ «Ժողովուրդ»-ը ստացավ «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի կողմից:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը պետական միջոցներով հաշմանդամ քաղաքացիներին հատկացնում է վերին եւ ստորին վերջույթների պրոթեզներ, պրոթեզի եւ օրթոպեդ կոշիկներ, ձեռնափայտեր, սայլակներ, լսողական սարքեր եւ այլ պարագաներ:
Սակայն «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի խոսքերով՝ վերջին 2-3 տարիներին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող մրցույթները կազմակերպվում եւ տեղի են ունենում զգալի ուշացումներով: Այսինքն՝ տարվա առաջին չորս ամիսներին հաշմանդամները հնարավորություն չեն ունենում օգտվելու օրենքով իրենց հասանելիք ծառայություններից: Իսկ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատողները այդ չորս ամիսների ընթացքում անգործության են մատնվում:
Նշենք, որ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն մասնագիտացված է եւ զբաղված է միմիայն հաշմանդամների սպասարկմամբ: Նշված ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի ներկայացմամբ՝ սոցապ նախարարության «բարեփոխումների» արդյունքում իրենց ընկերության ֆինանսավորումը 93 մլն դրամով նվազել է: Այդ պատճառով լուծարվել է ընկերության պրոթեզի եւ օրթոպեդ կոշիկների, հենակների, ձեռնափայտերի եւ քայլակների պատրաստման արտադրամասը: Աշխատանքից ազատվել են մասնագիտական փորձ ունեցող 15 աշխատողներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել լսողական ապարատների եւ հաշմանդամների սայլակների մրցույթ, որին 3 կազմակերպություն է մասնակցել՝ «Պրոթեզաօրթոպեդիկ», «Ագաթ 777» ընկերությունները եւ «Սատար» ՀԿ-ն: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սատար» ՀԿ-ն: Իսկ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 106 չափաբաժնով պրոթեզաօրթոպեդիկ պարագաների արտադրության եւ սպասարկման ծառայությունների ձեռքբերման մրցույթ, որին մասնակցել են «Պրոթեզաօրթոպեդիկ», «Ինտեր օրթո», «Նոր որակ» ընկերությունները եւ «Սատար» ՀԿ-ն: Նշված ընկերությունները հաղթող են ճանաչվել, բայց «Ինտեր օրթո» ընկերությանը հասել է առյուծի բաժինը:
«Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի պնդմամբ՝ Արտեմ Ասատրյանը խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի իրենց ընկերությունը չմասնակցի պետգնումների մրցույթներին` տեղ բացելով յուրայինների համար: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, կոնկրետ ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը:
-Անցած տարի ես լսողական ապարատների մրցույթին մասնակցեցի, հաղթեցի, բայց նախարարը հեչ արեց դա ու պատճառաբանեց, որ պայմաններին չեմ բավարարում: Ասեց՝ վերջին երեք տարում պետք է լսողական ապարատ ներկրած լինեմ, որ հաղթող ճանաչվեմ: Այսինքն՝ այդ մրցույթը կայացավ մեկ ընկերության՝ «Ագաթ 777»-ի համար, որը շինարարական ընկերություն է: Անցած տարի լսողական ապարատի մրցույթը չորս անգամ չեղարկվել է, ամեն անգամ մի պատճառ էին բերում: Հետո ինձ նախարարությունից «զգուշացրին», որ ես այլեւս լսողական ապարտներ չբերեմ: Իսկ «Ագաթ 777»-ը լսողական ապարատներ բերում է ՌԴ-ից ու դրանք վաճառում պետությանը: Հիմա մեր պահեստում լսողական ապարատների մնացորդ կա, որոնց ձեռքը կրակն ենք ընկել:
Ուրեմն թեւի տակի հենակների ձեռքբերման մրցույթը հաղթել էր մեր ընկերությունը, բայց նախարարությունից եկան, հենակների վրայի անցքերը հաշվեցին ու հայտարարեցին, թե տեխնիկական պայմանի մեջ նշված է, որ դրանք պետք է լինեն 9 հատ, իսկ մեր ընկերությունը արտադրել էր 7 անցքով: Եւ պակաս երկու անցքի համար մեր ընկերությունը այս տարվա օգոստոսին 1 մլն դրամի չափով տուգանվեց: Պատճառը՝ տեխնիկական պայման էինք խախտել: Տուգանքին ես համաձայն չէի, բայց չնայած դրան՝ մուծեցինք, անցքերն էլ ավելացրինք:
-Իսկ դեկտեմբերի 14-ին, 21-ին կայացած մրցույթների մասով ի՞նչ դժգոհություններ ունեք:
-Ես ուղղակի չեմ հասկանում, ինչպե՞ս է ստացվում, որ մրցույթին մասնակցած մեկ այլ ընկերություն մեր առաջարկած գնից 50-300 դրամ ցածր գին է առաջարկում ու ինքն էլ հաղթող է ճանաչվում: Մեր ընկերությունը կրծքագեղձի պրոթեզը 31 հազար դրամ էր առաջարկել, իսկ մյուս ընկերությունը՝ 30 հազար 800 դրամ: Ու հաղթեց: Մենք այս տարի դրա գինն իջեցրինք 27 հազար 500 դրամ, բայց «Նոր որակ» ընկերությունը առաջարկեց 27 հազար 400 դրամով ու հաղթող ճանաչվեց: Նման բան հնարավո՞ր է: Մենք կասկածներ ունենք, որ մինչեւ մրցույթի կայանալը մեր առաջարկած գների մասին նախարարությունից հայտնում են մյուս ընկերություններին:
-Խոսքը ո՞ր ընկերությունների մասին է:
-«Սատար» ՀԿ-ի եւ «Նոր որակ» ընկերության մասին է, որոնց հիմնադիրն է Հունան Հունանյանը: «Նոր որակ»-ի տնօրենն է Հունան Հունանյանի եղբայրը: Երկուսն էլ մասնակցում են մրցույթներին: Նաեւ՝ «Ինտեր օրթո» գերմանական ընկերությունը, որի պրոթեզների գները ավելի քան երկու անգամ թանկ են, քան մեր ընկերության առաջարկած գները: Չնայած երկու ընկերություններն էլ պատրաստում են նույն պրոթեզները եւ որակական առումով իրար չեն զիջում: Սակայն գերմանական արտադրությանը հատկացվում է կրկնակի ավել գումար, քան հայրենական արտադրությանը, այն դեպքում, երբ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն սպասարկում է երկու անգամ ավելի հաշմանդամների: Նախարարության կողմից չկան հաստատված չափորոշիչներ, թե որ հաշմանդամը որ պրոթեզարանում պետք է սպասարկվի, այն թողնվել է հաշմանդամների ցանկությանը, նրանց ընտրությանը: Այդ պատճառով էլ տարեկան մի քանի հարյուր միլիոններ է հատկացվում «Ինտեր օրթո» ընկերությանը:
-Ի՞նչ կապ ունեն այդ ընկերությունները նախարար Արտեմ Ասատրյանի հետ:
-Չգիտեմ, այդ կապը Դուք որոշեք՝ ունի, թե չունի: Եթե որպես օգնություն եկած ապրանքները անվճար տալիս են մարդկանց, բայց դրա դիմաց պետությունից գումար են ստանում: Ապա, ի՞նչ եք կարծում՝ իրենք կապ ունե՞ն, թե՞ չունեն:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ՈՒ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
Մինչ տարին մոտենում է ավարտին, հանցագործությունների թիվը օր օրի աճում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Արմենակյան առաջին զանգվածում դանակահարվել է երեք անչափահաս: Իսկ ինչն է եղել միջադեպի պատճառը, եւ ովքեր էին կիզակետում:
«Ժողովուրդ»-ին կատարվածի շուրջ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տղայական «ռազբորկան» վերածվել է թեժ վիճաբանության, որն էլ արյունալի եզրահանգում է ունեցել: Դեռեւս անհայտ հարցի շուրջ վիճաբանել են իրենց թաղամասում վարձով բնակվող 22-ամյա մի երիտասարդի հետ:
Նրան շրջապատում Շեկո են ասում, եւ որոշ տեղեկությունների համաձայն` նա է եղել 16-ամյա տղաներին դանակահարողը:
Մալաթիա-Սեբաստիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երիտասարդն այս պահին հետախուզման մեջ է գտնվում, դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել: Անգամ խոսվում է այն մասին, որ նա հաջողացրել է երկրից դուրս գալ:
Ըստ որոշ լուրերի` Շեկոն շրջապատում հայտնի է որպես այդ տարածքում գործող շաուրմայանոցներից մեկի սեփականատիրոջ թոռ, ընտանիքի անդամները հարգված մարդիկ են:
«Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ դանակահարությունից տուժածներից մեկը, ով վնասվածք էր ստացել ձեռքի հատվածում, երեկ դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս երկուսը, որոնց անունները կարողացանք պարզել` Գեւորգը եւ Կարենը, դեռեւս բժիշկների հսկողության տակ են:
Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիայում խոսվում է, որ իրականում տուժածները չորսն են: Սակայն դեռեւս այս տեղեկությունը ճշտել չհաջողվեց: Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, դեռեւս հայտնի չէ: Շրջանառվող վարկածներ եւս չկան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունները փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից: Ի պատասխան մեր հարցի` ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ դեկտեմբերի 19-ին երեք հոգու մարմնական վնասվածք հասցնելու մասին ահազանգ է ստացվել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով: Ընթանում է նախաքննություն:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՇՐՋԱՓԱԿՎԱԾ
Ժիրայր Սէֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը դեկտեմբերի 21-ին «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարություն են տարածել Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի առթիվ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ռուսաստանը հայաստանյան գաղութային վարչակազմի միջոցով փաստացի շրջափակել է մեզ Իրանից եւ մեր երկիրը վերածել իր հարավային փակուղու եւ Իրանի դեմ արգելապատնեշի»:
ԿԴԻՄԵՆ ՄԻԵԴ
Տուլայում Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսի հայ վարորդ Գառնիկ Հարությունյանի գործը կարող է ուղարկվել Եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Հարությունյանը դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման: «Տուլայի շրջանի դատական ատյանը հերթական անգամ մերժեց վարորդի եւ տուժածների պահանջը՝ վթարի իրական պատճառները բացահայտելու համար»,-Rusarminfo-ի հետ հարցազրույցում ասել է վարորդի փաստաբան Կարեն Ներսիսյանը՝ նշելով, որ հաջորդ քայլը կարող է լինել Ռուսաստանի Գերագույն դատարանին դիմումը:
ԿՃԱՆԱՉՎԵՆ ԵՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Կառավարությունը երեկ ընդունել է «Պարենային եւ ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» որոշում, որի նպատակը այդ արտադրանքի գրանցում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների (ՀԳՄ) սահմանումն է: Հաշվի առնելով այն փաստը, որ գրանցումը ԵՏՄ երկրներում հանդիսանում է համապատասխանության գնահատման ձեւ, ՀՀ կառավարության կողմից ճանաչված գրանցում իրականացնող մարմինները կներառվեն ԵՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում, եւ նրանց կողմից տրված գրանցման վկայականները կճանաչվեն ԵՏՄ ողջ տարածքում: