2016 թվականը Հայաստանի համար դարձավ 2008թ. հետո թերեւս ամենածանր տարին` հաշվի առնելով մեր երկիրը փոթորկած այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք էին ապրիլյան պատերազմը եւ ՊՊԾ գնդի գրավումը: Արտաքին եւ ներքին քաղաքական անորոշությունների ու հակասականությունների շարքը ամբողջացավ կառավարության փոփոխությամբ եւ քաղաքական դաշտի քաոսային բնույթով: Միով բանիվ` 2016թ. դրսեւորվեց իր գերբացասական առանձնահատկությունների ամբողջական համալիրով` 2017թ. համար թողնելով ծանր ժառանգություն:
Ապրիլյան մղձավանջը
Այս տարվա փետրվարի 12-ին ելույթ ունենալով իր իշխանավարությունը եւս մի քանի տարով ապահոված սահմանադրական փոփոխությունների կենսագործման առթիվ կազմակերպված հավաքում` Սերժ Սարգսյանն այլեւս որեւէ խոչընդոտ չէր տեսնում իր ծրագրերի հարցում: Դրա վառ վկայությունն էր նրա պնդումը, թե Հայաստանի արեւելյան ու արեւմտյան հարեւանները երբեւէ չէին կարող լինել Հայաստանի գործընկերները: Ընտելացած շրջափակումներին ու ստատուս-քվոյին` Սերժ Սարգսյանը, լիրիկական զեղումներին տուրք տալով, Ադրբեջանն ու Թուրքիան համեմատում էր «անանցանելի ու անհատակ» ճահիճների հետ: Ընդամենը երկու ամիս անց տեղի ունեցած քառօրյա պատերազմը կատարյալ ֆիասկոյի մատնեց իշխանության, մասնավորապես դրա միակ տիրոջ` Սերժ Սարգսյանի այս գաղափարախոսությունը: Պարզվեց` ճահիճները կրակում են եւ ի վիճակի են պատերազմ պարտադրել ստատուս-քվոյի շղարշի տակ Հայաստանը ավերումի մատնած իշխանություններին ու այդ անտանելի բեռից ազատվելու անընդունակ հայ հասարակությանը: 2016թ. ապրիլը ցույց տվեց, որ արեւելքում մեզ սպասում է ոչ թե ճահիճը, այլ դաժան հակառակորդը: Քառօրյա պատերազմը ոչ միայն արժեցավ ավելի քան 100 զինվորի կյանք, այլեւ իր հետ բերեց դառնության մեծագույն զգացում` ցույց տալով հասարակությանը, որ բանակը նույնպես ենթակա է համատարած կոռուպցիայի չարիքին: Դժբախտաբար, ապաշնորհ քաղաքականության արդյունքում ոչ միայն որեւէ քայլ չարվեց ԼՂՀ-ը բանակցային գործընթացի մաս դարձնելու ուղղությամբ, այլեւ ՀՀ Գերագույն շտաբի պետը ուղարկվեց Ադրբեջանի ԳՇ-ի հետ ուղղակի բանակցությունների, որոնց ընթացքում ռուսական ցուցումով դադարեցվեց սանձազերծված պատերազմը` զինադադարից հետո տարածքային ավելի քան 800 հա կորուստներով հանդերձ: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց իշխանության գաղափարախոսության սնանկությունը, միաժամանակ ցցուն դարձրեց Հայաստանի պետական ինստիտուտների թուլությունը, երբ միակ հույսը դրված է բացառապես շարքային զինվորների անձնուրացության վրա:
«Սասնա ծռերի» խենթությունը
Ապրիլյան պատերազմի ծանր հետեւանքները ներքաղաքական ասպարեզում ուրվագծվեցին «Սասնա ծռեր» խմբի սկսած «ապստամբությամբ»: Այն, վերջնական նպատակ հռչակելով պատերազմում փաստացի տարածքային կորուստներ տված իշխանությունների հեռացումը, ոչ միայն չկարողացավ հասնել իր նպատակին, այլեւ նոր ներհասարակական բաժանարար գծեր առաջացրեց: Հուլիսյան իրադարձությունները թուլացրին թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը, սակայն շահեց բացառապես իշխանությունը: Որքան էլ պարադոքսալ հնչի, ապստամբությունը ձեռնտու էր միմիայն Սերժ Սարգսյանին: Նա նախ հնարավորություն ունեցավ արտաքին աշխարհին բացատրելու ԼՂ հարցում խիստ հավանական թվացող զիջումների չգնալու իր քայլը: Երկրորդ` Սարգսյանը ստացավ հիմնական քաղաքական ուժերի աջակցությունը ներքին լեգիտիմության բարդույթի հաղթահարման համատեքստում: Վերջապես, իշխանությունը ցույց տվեց, որ նույնիսկ զինված ապստամբությամբ իրեն հաղթել հնարավոր չէ: Սա բավականին ցավոտ ազդակ էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ապրիլյան պատերազմի փաստացի կորուստներից հետո պետք է ուղարկեր հասարակությանը: Եթե ընտրությունների ու խաղաղ հեղափոխության միջոցով իշխանափոխության տարբերակները վաղուց արժեզրկվել էին, ապա զինված պայքարի դուռը դեռ բաց էր մնացել: «Սասնա ծռերի» անխուսափելի ձախողումը ակներեւաբար կարծրացրեց Սերժ Սարգսյանի դիրքերը թե՛ երկրում, թե՛ առաջնահերթորեն իշխանական բուրգի ներսում:
Ներքաղաքական ճատրակը
Երբ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակեց վարչապետ, ակնհայտ էր, որ խնդիր է դրված անխուսափելի տնտեսական թշվառությունը բարդել նրա վրա ու քաղաքականապես թուլացնելով` ուղարկել թոշակի: Այս տարի Սարգսյանը իրականացրեց իր ծրագիրը` վարչապետի պաշտոնը հանձնելով Կարեն Կարապետյանին: Հատկանշական է, որ Կ. Կարապետյանը վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանի լավագույն ընտրությունն էր: Նա Հայաստանում հենարան չունի, նոր Սահմանադրությամբ՝ 2018թ. ապրիլից չի կարող մնալ վարչապետի պաշտոնում եւ լավագույնս ապահովում է մինչ ընտրություններ կենսական համարվող «հաց եւ տեսարաններ» բանաձեւի առանցքային վերջին բաղադրիչը: Ասպարեզից հեռացնելով սահմանադրական հանրաքվեի շրջանում 2018թ. հետո վարչապետի աթոռը պահպանելու հույսեր ունեցող Հ. Աբրահամյանին` Սերժ Սարգսյանը վերացրեց հետնախագահական վարչապետացման իր ծրագրի վերջին հնարավոր խոչընդոտը: Իսկ Կարեն Կարապետյանը գոնե Սահմանադրությամբ զրկված է 2018թ. վարչապետ մնալու հնարավորությունից, ինչը փայլուն նվեր է Սարգսյանի համար: Այդպիսով՝ վարչապետի փոփոխությամբ Սարգսյանը սոսկ շարունակեց իր շախմատային պարտիան` Հայաստանում մենիշխանության ամրապնդման մղումով:
Մի քանի օրից իր իրավունքների մեջ կմտնի 2017թ.` նախորդից ժառանգած մտահոգիչ տագնապներով, որոնցից խուսափելու եզակի ուղին իշխանության ձեւավորումն է ազատ ու արդար ընտրությունների միջոցով: 2017թ. ապրիլի 2-ին պատեհ առիթ է ստեղծվում Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու համար: Թե՛ ապրիլյան պատերազմը, թե՛ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այսպես շարունակելն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Ուստի գալիք տարին ներկայիս տրամադրություններով ճանապարհելուն կարող է միայն դրականորեն խանգարել քաղաքական կամքի ու պետականության առաջ պատասխանատվության զգացումի առկայությունը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԸ ԼԾՎԵԼ Է ԱՐՍԵՆՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ
ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ սկսել են նախընտրական գործընթացների նախապատրաստումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գորիսի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ արդեն նախկին նախագահ Արմեն Ստեփանյանը մեկ տարի շուտ (վերջինիս պաշտոնավարման ժամկետը կազմում է 6 տարի) ազատվել է նախագահի պաշտոնից, ապա զբաղեցրել թիվ 34 ԸԸՀ-ի փոխնախագահի պաշտոնը: Իսկ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակվել նախկին քննիչ, ԲՀԿ-ական Սարմիկ Հարությունյանը, որը տարիներ շարունակ եղել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոխերիմ թշնամին: Այժմ մարզպետի եւ քաղաքապետերի առաջ գերխնդիր է դրված՝ մարզում ձեւավորել ընտրական այնպիսի մթնոլորտ, որտեղ Սուրիկ Խաչատրյանը որեւէ դերակատարություն չկարողանա ունենալ:
Ի՞նչն է իրենց նպատակը. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանին («Ջերմուկի» Արսենյան) Վայոց ձորի մարզից ռեյտինգային ընտրացուցակով պատգամավոր դարձնել: Բանն այն է, որ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզի մի մասը, ըստ էության, մեկ տարածք են դարձել: Այսինքն՝ մարզպետ Հակոբյանը «աշխատում է» Սյունիքի մարզից Աշոտ Արսենյանի համար հնարավորինս շատ ձայներ հավաքել: Իսկ Աշոտ Արսենյանն էլ խոստացել է շռայլորեն բացել իր գրպանները եւ տարբեր ծրագրեր ֆինանսավորելու խոստումներ տվել: Կարելի է ասել, որ Սյունիքի մարզում նախընտրական քարոզչությունն արդեն մեկնարկել է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սիսիանում Աշոտ Արսենյանի դեմ պայքարելու է Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս ԲՀԿ ցուցակով է առաջադրվելու պատգամավորի ռեյտինգային թեկնածու: Բայց սա դեռ ամենը չէ: Գլխավոր ինտրիգն այն է, որ ՀՀԿ ցուցակով առաջադրվելու է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Դրա համար էլ մարզպետ Վահե Հակոբյանը «խուճապահար» սկսել է լիսկայազերծ անել մարզպետարանը. աշխատանքից ազատել է խորհրդական Միշա Հովհաննիսյանին, օգնականներ Զարզանդ Նիկողոսյանին, Վիկա Դավթյանին, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին: Մարզպետի թիրախում է հայտնվել նաեւ կրթության վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, որին մտադիր է փոխարինել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի Կապանի մասնաճյուղի նախկին տնօրենով:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ խնդի՞ր եք դրել ազատվել նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի կադրերից, Վահե Հակոբյանը վրդովված պատասխանեց. «Ազի՛զ ջան, բոլորն ազատվել են համաձայն իրենց դիմումների»: «Ժողովուրդ»-ի մյուս հարցը՝ արդյո՞ք Աշոտ Արսենյանի համար եք աշխատում, մարզպետը լսեց ու անջատեց հեռախոսը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ 14 ՏԱՐԵԿԱՆԻ ՀԵՏ
Տավուշի մարզի հեռավոր գյուղերում քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդը փաստացի ամուսնանում է անչափահաս աղջկա հետ: Նման դեպքերի մի մասի կապակցությամբ քրեական գործ է հարուցվում, ուղարկվում դատարան: Դատավորները սովորաբար վճռում են պայմանական ազատազրկման դատապարտել անչափահասի հետ ամուսնացածին: Ահավասիկ նման եւս մի դեպք: Տավուշի մարզի բնակիչ Արման Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով 20 տարեկան, 2015թ. սեպտեմբերի 23-ին փաստացի ամուսնական կապերի մեջ է մտել 16 տարին չլրացած, Նավուր գյուղի բնակչուհու հետ: Այդ պահին աղջիկը 14 տարեկան էր: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ 2016թ. հունվարի 23-ին, լրացել է Ա. Մարդանյանի 21 տարին, որից հետո էլ նա շարունակել է պարբերաբար սեռական հարաբերություն ունենալ անչափահաս աղջկա հետ: Նախկինում չդատված Ա. Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է նույն անձի նկատմամբ պարբերաբար): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում: Այդ քրգործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի դեկտեմբերի 28-ին:
«ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»՝ ԱՀԱՎՈՐ ՎԻՃԱԿՈՒՄ
2001-2003թթ. Լինսի հիմնադրամի միջոցներով «Դորոժնիկ» ՍՊԸ կողմից կառուցվեց սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Շինարարության համար ծախսվեց մոտ 7 միլիոն դոլար: Ճանապարհը, սակայն, կառուցվել է ճանապարհաշինական կանոնների բազմաթիվ խախտումներով, ասֆալտի ծածկի հողե հենքը լավ չի ամրացվել: Նախկինում Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան էին հասնում Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհով: 2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակվել է միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Ավելի քան 3 ամիս 40 տոննանոց ֆուռերը երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այդ ճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածի ասֆալտի բարակ շերտը չի դիմացել ծանրաքարշ մեքենաների ճնշմանը: 13 տարի առաջ անորակ կառուցված ճանապարհի շատ տեղերում ասֆալտի ծածկը քանդվել, դեֆորմացիայի է ենթարկվել: Վարորդները փորձելով խուսափել փոսերից՝ հայտնվում են հանդիպակած գոտում՝ վթարային իրավիճակներ ստեղծելով: Հայաստանի համար խիստ կարեւոր այս ճանապարհի վիճակը վատթար է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ