2016 թվականը` իր մատուցած անակնկալներով, փորձություններով, մտահոգիչ, ցավալի իրադարձություններով ու ոգեւորիչ պահերով, ընդամենը մի քանի օրից կմնա անցյալում: Տեղին կլինի, եթե փորձենք հետադարձ հայացք նետել եւ ամփոփել 2016-ը` համապատասխան դասեր քաղելով գալիք տարվա համար: «Ժողովուրդ»-ը զրուցել է մշակույթի գործիչներից մի քանիսի` երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի եւ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի հետ:
-Ո՞րն եք համարում Ձեր ոլորտի այս տարվա մեծագույն ձեռքբերումը:
Էդուարդ Զորիկյան-Հայ հեղինակային երգի ոլորտում նոր հեղինակ-կատարողների բացահայտումը: Շուտով հանրությանը կներկայացվի հեղինակային երգերի երրորդ ժողովածուն, որը նաեւ «Հուսո առագաստ» համահայկական փառատոնի ծնունդն է. ժողովածուում ընդգրկված են ավելի քան 40 հեղինակների գործեր:
Հովիկ Չարխչյան-Գրական ոլորտի տարվա ամենամեծ ձեռքբերումն առնչվում է ոչ թե անհատական կամ կոնկրետ ստեղծագործական խնդրի, այլ այն հանգամանքին, որ հնարավոր եղավ պահել գրական ընդհանուր լավ միջավայր եւ փոխանցել այն 2017-ին: Ցավոք, այդպես էլ չարժանացանք շատ լուրջ գրական ստեղծագործությունների, որոնց մասին կարելի է բարձր կարծիք արտահայտել, բայց ընդհանուր միջավայրը հուշում է, որ մոտ ապագայում դրա ականատեսը կլինենք:
Էդուարդ Թոփչյան-Մեր նվագախումբը ողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն աշխատեց, ունեցավ լավ համերգներ եւ հյուրախաղեր, արժանացավ բարձր գնահատականների, ընդհուպ մինչեւ Վալերի Գերգիեւի կողմից:
Երվանդ Երզնկյան-Արմեն Ամիրյանի` մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելը:
-Ձեր ոլորտի այս տարվա մեծագույն բացթողումը:
Էդուարդ Զորիկյան-Միշտ էլ կարելի է ավելին անել: Նույնիսկ չնչին մի բան որ անում ենք, ուրախանում ենք. դա կախված է երկրի ընդհանուր վիճակից: Մարսում չենք ապրում, չէ՞: Ցանկացած խնդիր անդրադառնում է մեր գործունեության վրա: Կարող եմ առանձնացնել մի բացթողում. այս տարի բարդերի մասնակցությամբ ծավալուն համերգներ չեղան:
Հովիկ Չարխչյան-Տարվա գրական բացթողումն այն էր, որ մեր ստեղծագործողները շարունակեցին դոփել նույն տեղում, մեծ բացահայտումներ այդպես էլ չեղան, որոնողական պրոցեսը մեռած վիճակում էր. ով որ կետի վրա կար, շարունակեց մնալ նույն տեղում:
Էդուարդ Թոփչյան-Չեմ կարծում, թե մեծ բացթողում ենք ունեցել. ինչ պլանավորված էր, իրականացրել ենք:
Երվանդ Երզնկյան-Տարվա բացթողումը համարում եմ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համեմատաբար քիչ զբաղվածությունը միջոցառումներին: Չգիտեմ` ինչով էր դա պայմանավորված, գուցե Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբերի հետ կոնֆրոնտացիայի արդյունք էր: Օրինակ` այս տարի Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ տեղի ունեցավ: Մենք, որ Բաբաջանյանի գործերի մասնագետներն ենք, բոլոր երգերը մենք ենք ձայնագրել, մասնակցություն չունեցանք դրան, փոխարենը ելույթ ունեցավ Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մի փոքր լավ չզգացի այդ իրավիճակում:
-Տարվա մշակութային իրադարձությունը:
Էդուարդ Զորիկյան-Չեմ մտաբերում:
Հովիկ Չարչյան-Ես ոչ թե կոնկրետ իրադարձություն կնշեմ, այլ կարձանագրեմ, որ աճել է մարդկանց, հատկապես` երիտասարդների հետաքրքրությունը գրքի նկատմամբ: Մի քանի առիթով նկատեցինք, որ դրական միտում կա: Դա ամբողջ տարվա ընթացքում եղել է միակ ոգեւորիչ հանգամանքը:
Էդուարդ Թոփչյան-Չեմ կարող ասել. եթե ասեմ, գուցե վերագրեմ մեր գործունեությանը եւ սուբյեկտիվ պատասխան ստացվի:
Երվանդ Երզնկյան-Ինձ համար դա մեր Կոմպոզիտորների միության եւ Ռուսաստանի հայերի միության կազմակերպած հայրենասիրական երգի մրցույթի շրջանակում որպես կոմպոզիտոր մրցույթի հաղթող ճանաչվելն էր, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ մրցույթի ընթացքում հանդես եկավ մեր նվագախումբը:
-Տարվա հակամշակութային իրադարձությունը:
Էդուարդ Զորիկյան-Հայաստանում ռուսերենը պետական երկրորդ լեզու ճանաչելու վերաբերյալ խոսակցությունների շրջանառությունը:
Հովիկ Չարխչյան-Մշակութային արժեքների ինտենսիվ ոչնչացումը: Այդ պրոցեսը կարծես ոչ մի կերպ դադար առնել չի պատրաստվում:
Էդուարդ Թոփչյան-Չեմ մտածել այդ ուղղությամբ:
Երվանդ Երզնկյան-Արտառոց բան չեմ նկատել:
-Ո՞վ է այս տարվա հերոսը:
Էդուարդ Զորիկյան- Ես այսպես կասեմ` տարվա մարդը «Սասնա ծռերին» հաց հասցնող Արթուր Սարգսյանն է, իսկ հերոսը` Յոժը (Սերգեյ Դանիելյան)` իր կուսակցության շուրջ հանած աղմուկով, իր պայթեցրած ռումբով:
Հովիկ Չարխչյան-Համբերող մարդը, դեռ իր վերջին ճիգերով ամեն ինչին դիմացող, հանդուրժող, հուսացող քաղաքացին, որը հասել է եզրագծին, եւ թվում է` պայթյունն ամեն պահի պետք է անխուսափելի լինի, բայց նա մի կերպ զսպում է իրեն:
Էդուարդ Թոփչյան-Բոլոր այն տղաները, որոնք ապրիլյան պատերազմի ընթացքում պայքարեցին` մեր հայրենիքի սահմանները պահելու համար:
Երվանդ Երզնկյան-Մեր օլիմպիական չեմպիոնները:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
ՀՀ կառավարության որոշմամբ` Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ որոշումը պայմանավորված է նորահայտ հուշարձանի եւ դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը կանխելու, պատմականորեն ձեւավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնման եւ նորոգման, գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական, զբոսաշրջային կամ նախնական գործառնական նպատակներով օգտագործման եւ հարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
5000 ՏԱՐՎԱ ԹՈՆԻՐ
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական արեւմտահայկական Մարդին (հայտնի է նաեւ Մարդա, Մարդիս, Մերտ պատմական անուններով) նահանգի Դարգեչիտ շրջանի Քոչթեփե գյուղում հնագիտական պեղումների ընթացքում 5000 տարվա թոնիր եւ կավագործության սարք է հայտնաբերվել։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, Մարդինի թանգարանի տնօրեն Նիհաթ Էրդողանը նշել է, որ կավագործության համար նախատեսված նույնանման սարքերով Մարդինում եւ շրջակա գյուղերում շարունակում են աշխատել մինչ օրս:
Հայտնի է նաեւ, որ գտնված թոնիրը շարժական չէ, ինչը վկայում է դրա` նստակյաց ժողովուրդների մշակույթին պատկանելու մասին:
Մարդին քաղաքը, որը ներկայում համանուն նահանգի կենտրոնն է, Վերին Միջագետքի հին բերդաքաղաքներից էր: Այն գտնվում էր Եդեսիա եւ Մծբին քաղաքների միջեւ, բարձր եւ ապառաժոտ լեռան զառիվայր լանջին։
5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ` ՇԵՐԻՑ
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերից (Շերլին Սարգսյան) 5 միլիոն դոլար են պահանջում` մեղադրելով նրան գողության մեջ: TMZ-ը տեղեկացնում է, որ աստղն օգտագործել է հայտնի գրաֆիկական դիզայներ Մոշիկ Նադավի մշակած Paris Logo տառատեսակը` 2012-ին թողարկված «Closer To The Truth» ալբոմի համար: Պարբերականը հայտնում է, որ նյույորքցի դիզայները բազմիցս կապ է հաստատել երգչուհու ներկայացուցիչների, դիզայներների հետ, սակայն որեւէ արձագանք չի ստացել. ալբոմը շարունակվում է վաճառվել նախկին տեսքով: Նադավն էլ որոշել է տեր կանգնել իր իրավունքներին: