«Ժողովուրդ»-ը տարեվերջին զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ` ամփոփելով 2016-ը, անդրադառնալով հանրությանը հուզող մշակութային եւ քաղաքական խնդիրների:
-Պարո՛ն Ամիրյան, արդեն երեք ամիս է, ինչ պաշտոնավարում եք որպես մշակույթի նախարար: Այս ընթացքում Ձեր կողմից հնչել են բազում խոստումներ, ներկայացվել են ծրագրեր, գաղափարներ: Կցանկանայի` խոսենք գործից: Կոնկրետ ի՞նչ եք արել այս ամիսների ընթացքում:
-Շատ կոնկրետանալու համար ժամանակ է անհրաժեշտ, բայց նշյալ ծրագրերի իրականացման գործընթացը սկսվել է: Դրանք, մասնավորապես, վերաբերում են նոր թանգարանների (այդ թվում` ստորջրյա սուզակների, տիկնիկների թանգարանների) եւ բջջային հավելվածների ստեղծմանը (դրանք թանգարանների համար պետք է ապահովեն աուդիոթարգմանություններ` տասը լեզվով), միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրմանը, նոր ներկայացումների բեմադրմանը եւ այլն: Բայց ոչ միայն պետք է նոր գաղափարներ լինեն, այլեւ գործող ՊՈԱԿ-ները պետք է նախապատրաստվեն կառուցվածքային, ֆինանսական առողջացման` դրանք կյանքի կոչելու համար: Դա տեսանելի չէ, բայց պետք է վստահեցնեմ Ձեզ, որ շատ արագ տեմպերով է առաջխաղացում ապահովվելու, որպեսզի 2017-ից սկսած` կարողանանք իրականացնել մեր ծրագրերը: Նաեւ մշակվել է 2017-ի մշակութային քաղաքականությունը, որի շրջանակում ունեցած լավագույն ձեռքբերումներից մեկը համարում եմ 400-ից ավելի մարզային թատերահամերգային շրջագայությունները եւ այցելությունները: Սա նշանակում է մարզային մշակութային կյանքի, չեմ վախենա ասել, նոր վերելք: Ինչպես նշեցի՝ մեծ թափով եւ լայն մասշտաբով մշակույթի դաշտ ենք ներգրավել ՏՏ ոլորտը: Ասեմ, որ հաջորդ շաբաթ վիրտուալ տարածքում «կենդանանալու են» մեր երկու մեծերի` Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները եւ իրենց վիրտուալ շնորհավորանքներն են հղելու մեր քաղաքացիներին: Հետագայում այդ նույն տեսակոնտենտը պահպանելով` մեր մեծերը մարդկանց պետք է հրավիրեն օպերային թատրոն` ներկայացումներ դիտելու:
Նոր քաղաքականություն է մշակվել համերգների (այս անգամ` մայրաքաղաքային) կազմակերպման, թատրոնների խաղացանկի ընտրության առումով, հսկայական աշխատանք է տարվել արտասահմանյան մշակույթի հանրահռչակման ուղղությամբ: Այնպես որ, 2017-ին Դուք ոչ միայն կսկսեք տեսնել արդյունքը, այլեւ շոշափել: Այս երեք ամսվա ընթացքում ստեղծվել են համակարգեր, որոնք պետք է ծառայեն նշյալ ծրագրերի իրականացմանը:
-Վերջերս հայտարարեցիք, որ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու հարցի շուրջ դեռ մտածելու ժամանակ ունեք: Այնինչ՝ ավելի վաղ պնդում էիք, որ սկզբունքորեն դեմ եք կուսակցական դառնալուն: Ի՞նչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչեւ ապրիլ, այնուամենայնիվ, անդամակցեք: Չե՞ք կարծում, որ այդ ոչ կայուն դիրքորոշումը կարող է հանրության շրջանում անվստահություն առաջացնել նաեւ Ձեր մյուս քայլերի նկատմամբ:
-Հնարավոր չէ բոլորին գոհացնել: Գիտեք` մեր երկրում, մեր իրականության մեջ կառավարման մոդել է փոխվել, եւ այս մոդելը ենթադրում է նաեւ կուսակցական պատասխանատվություն: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, անշուշտ, պետք է անդամակցել, եթե զգամ, որ, իսկապես, խիստ կարիք կա: Այս պահի դրությամբ ես դեռ կարիք չեմ զգում: Ժամանակը ցույց կտա, եւ ոչ միայն իմ մտածելու, այլեւ իրավիճակի, իրադրության խնդիրներ գոյություն ունեն: Այնուամենայնիվ, ես վատ բան չեմ տեսնում որեւէ կուսակցության անդամակցելու մեջ, մանավանդ, որ խոսքը վերաբերում է կոլեկտիվ եւ կուսակցական պատասխանատվությանը, այսինքն` սա ավելի է մեծացնելու պատասխանատվությունը:
-Վերջերս Արցախում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հանդիպումը մտավորականների հետ, որին մասնակցում էիք նաեւ Դուք եւ ԼՂՀ մշակույթի նախարարը: Հետաքրքիր է` այն մտավորականներին, որոնք ներկայացել էին հանդիպմանը, Դո՞ւք էիք ընտրել, թե՞ նախագահի աշխատակազմը: Ի՞նչ սկզբունքով էր որոշվել` ում հրավիրել եւ ում` ոչ:
-Ես էի ընտրել եւ կարծում եմ` լավ ընտրություն էր: Գիտեք` հաջորդ հանդիպմանը կարող են լրիվ այլ մարդիկ հրավիրվել, որովհետեւ ես ուզում եմ ներգրավել ամբողջ դաշտը` հասկանալով, թե ինչ խնդիրներ կան: Ես այս միտումով եմ կազմել այդ մարդկանց ցանկը: Որովհետեւ, եթե նկատեցիք, այնտեղ ներկա էին մարդիկ, որոնք ունեին հրատապ խնդիրներ, մտահոգություններ` մշակութային դաշտի հետ կապված: Այնպես որ, որեւէ միտում մի՛ փնտրեք այս ամենի մեջ: Դա միայն հանդիպում չէր հանրապետության նախագահի հետ: Հանդիպումը նաեւ առիթ դարձավ, որ մեր մտավորականները ծանոթանան Լեռնային Ղարաբաղում գործող մշակութային տարբեր կառույցների, հասկանան, թե ինչ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ տեղում ստեղծվեցին համագործակցության ծրագրեր, առնվազն 4 նոր նախագիծ, ինչի համար ես շատ ուրախ եմ:
-Հանրության մի ստվար զանգվածի մոտ այնպիսի տպավորություն էր, որ հանդիպմանը մեծավ մասամբ հրավիրվել էին իշխանամետ, կամ գոնե ոչ ընդդիմադիր կեցվածք ունեցող մշակութային գործիչներ (բացառությամբ` մեկ-երկուսի):
-Գիտեք` ես մշակույթում այնքան էլ չեմ ընդունում իշխանամետ եւ ընդդիմադիր կոչվածը: Քիչն ու շատը հարաբերական է: Նորից եմ կրկնում` հաջորդ այցելություններին կարող եք տեսնել լրիվ այլ մարդկանց: Այս ցանկը չի կազմվել մտայնությամբ` արվեստի գործիչը իշխանամետ է, թե ընդդիմադիր: Դա որեւէ կապ չունի: Մեր խնդիրը մշակույթի դաշտի մտահոգ մարդկանց կարծիքը բարձրաձայնելն է եւ կիսվելը մեր հանրապետության նախագահի հետ ոչ միայն մշակութային խնդիրներով: Եթե Դուք նկատեցիք, այդ հանդիպմանը կար նաեւ մտահոգություն Ղարաբաղի հարցի, այնտեղ ապրող քաղաքացիների ապագայի եւ մշակութային դաշտում ինտեգրում ապահովելու մեր անելիքների վերաբերյալ: Գերնպատակը դա էր:
-Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում դեկտեմբերի 24-ից /այսօր, հեղ./ կանցկացվի «Շնորհակալության շաբաթ»: Մեր երկրում արտագաղթի, աղքատության, կոռուպցիայի վերաբերյալ վիճակագրական եւ այլ բնույթի տվյալների ծանոթանալուց հետո դժվար չէ՞ շնորհակալ սիրտ ունենալ: Չե՞ք կարծում, որ ներողություն խնդրելու շաբաթ հայտարարելու կարիք կա:
-Դուք շատ ճիշտ եք: Ընդհանրապես, ես իմ զավակներին մեծացրել եմ երկու կախարդական խոսքերով` ներողություն եւ շնորհակալություն: Սրանք անպայման լուսավորում եւ գեղեցկացնում են մեր կյանքը: Հենց այս միտումով ենք հայտարարում շնորհակալության շաբաթ: Եթե Դուք չեք ուզում, մի՛ հայտնեք, ոչ ոք Ձեզ չի ստիպում, բայց, իմ խորին համոզմամբ, Ձեր նշած պրոբլեմների հիմքում ընկած է հենց շնորհակալ չլինելու փաստը: Դուք կարող եք հակադարձել տարբեր ձեւակերպումներով, ես էլ կարող եմ ասել` չեք ուզում, շնորհակալ մի՛ եղեք: Բայց կարծում ենք, որ նման ակցիաները կարող են մարդկանց գիտակցության մեջ ինչ-որ բան փոխել նաեւ լուծելու համար Ձեր նշած խնդիրները: Իսկ Ձեր առաջարկի շուրջ միասին կմտածենք: Բայց շնորհակալությունը, թերեւս, նաեւ ներողության զգացողություն է: Եթե մարդը չի գիտակցում իր մեղքը, շնորհակալ լինել չի կարող:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
240 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ անցած տարվա դեկտեմբերին «Ալյոտիգ» ընկերությունը, որը պետք է զբաղվեր ՀՀ-ում 3՝ Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ, ժամանակավորապես սնանկ է ճանաչվել, ապա կարճ ժամանակ անց առողջացել:
Պատճառը պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորություններն են, որոնք կազմել են 13 մլն 436 հազար դրամ: Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պարտքերը մարվել են, իսկ ընկերությունը արագ ոտքի է կանգնել: Հիշեցնենք, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն կոչված էր դառնալու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (ԶՊՄԿ) պատկանող Ողջիի եւ Փխրուտի կոնսերվացված, իսկ կոնսերվացումից հետո նաեւ Արծվանիկի պոչամբարների սեփականատերը եւ վերամշակել այդ պոչամբարների պոչերը: Այս մասին նշված է «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծում, որը դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Ի դեպ, հուշագիրը կնքվել է ՀՀ կառավարության, ԶՊՄԿ ՓԲԸ-ի 60 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության, ԶՊՄԿ ՓԲԸ-ի, VSEI ձեռնարկությունների խմբի եւ «Ալյոտիգ» ՍՊԸ-ի միջեւ: Իսկ «Ալյոտիգ» ընկերությունը նախնական փուլով պետք է կատարեր ներդրումներ 240 մլն դոլարի չափով: Ըստ այդ հուշագրի՝ բացվելու էր 1800 աշխատատեղ:
Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչպես է 240 մլն դոլար ներդրում անող ընկերությունը պարտքեր կուտակել, մի քանի օրով սնանկացել, ապա առողջացել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏԱՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ 8-ԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը բաց ընթացակարգով հայտարարության հրավեր է հրապարակել: Ըստ այդմ, քաղաքապետարանը մտադիր է ձեռք բերել 2017 թվականի մարտի 8-ի կանանց միջազգային օրվա կապակցությամբ նվեր-փաթեթներ:
Պարզվում է` դրանք նվիրվելու են սոցիալական խմբերում ընդգրկված 2000 կանանց համար: Քաղաքապետարանը մտադիր է նրանց համար ձեռք բերել խոհանոցային սպասք՝ չեխական, ֆրանսիական արտադրության գինու, գարեջրի, կոնյակի, հյութի բաժակներ՝ 6 հատով, նաեւ ապակյա տարաներ՝ մթերքը սառնարանում պահելու համար, գրաֆիններ, աղցանի ամաններ՝ 6 հատով: Պահանջվում է, որ բոլոր նշված ապրանքները պետք է լինեն չօգտագործված:
Այս իրավիճակն ուշագրավ է այնքանով, որ գարնանը Երեւանի ավագանու ընտրություններ եւս պետք է անցկացվեն: Ըստ ամենայնի, Տարոն Մարգարյանը եւս կառաջադրի իր թեկնածությունը եւ որոշել է այսօրվանից պատրաստվել նախընտրական քարոզչությանը եւ նվերներով փորձում է քվե «մուրալ»:
ԳՈՒՄԱՐ Է ՊԱՐՏՔ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտ» հիմնադրամը դեռեւս 2014 թվականի հունիսի 11-ից մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ռադիոհաճախականության օգտագործման գումար է պարտք: Այն կազմում է 400 հազար դրամ: Այս առիթով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 28-ի նիստում որոշում կկայացնի ընկերությանը նշված գումարը պետբյուջե վճարելու պարտավորեցնելու մասով:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016 թվականի նոյեմբերին պետական աշխատավարձերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2 տոկոսով նվազել են, փոխարենը նույնքան ավելացել են ոչ պետական աշխատավարձերը: Նշենք, որ այդ նվազումը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեի սղությամբ, եկամուտների նվազմամբ: Վերջերս ձեւավորված կառավարությունը ամեն կերպ փորձում է խնայողությունների հաշվին բյուջե «լցնել», բայց դեռ հուսադրող ցուցանիշներ չկան: