ՄԵԾ ԴԱՇԻՆՔԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ «Երրորդ հանրապետություն» կուսակցության 7-րդ արտահերթ համագումարը: Կուսակցության վարչությունը փակ քննարկումից հետո հայտարարեց, որ կուսակցության նախագահ է ընտրվել կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը:

Մինչ համագումարի մեկնարկը, հայտարարվեց, որ այն նվիրված է ներկուսակցական հարցերի քննարկմանը, ուստի այլ քաղաքական ուժեր չեն հրավիրվել, ինչպես նաեւ չեն հնչելու ողջույնի խոսքեր այս կամ այն քաղաքական ուժի անունից: Համագումարին չէր մասնակցում նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինիս մասին Դալլաքյանը, սակայն, արդեն հայտարարել էր, որ դաշնակիցներ են լինելու:
Իսկ ինչո՞վ է զբաղված Սեյրան Օհանյանը: Նա Վահագնի թաղամասում առանձնատուն է վարձակալել, որտեղից հետեւում է նույն թաղամասում կառուցվող իր առանձնատան շինարարական աշխատանքներին, միաժամանակ «ժուչոկներից հեռու» հանդիպումներ է ունենում: Երեկ «Ժողովուրդ»-ը այդ հանդիպումերից մեկի մասին մանրամասներ էր հայտնել: Ըստ այդմ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը միակը չէ: Այժմ խնդիր է դրված լայն դաշինքային ճակատ սարքել, որը կլինի ընդդիմադիր «շարժիչով», անխնա կքննադատի գործող ռեժիմին, այնտեղ պետք է տեղավորվեն հին ու նոր պաշտոնյաներ, ազատամարտիկներ: Ուշագրավն այն է, որ ազատամարտիկների հետ ակտիվորեն լոբիստական աշխատանք է տանում նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, որի հետ ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, մեղմ ասած, թշնամական հարաբերություններ ուներ: Բայց ինչպես ասում են՝ քաղաքականության մեջ երբեք չեն լինում հավերժ թշնամիներ կամ բարեկամներ, այլ լինում են հավերժական շահեր:
Եւ այսպես՝ սպասվելիք երկրորդ ընդդիմադիրոտ ճակատի անդամները պարբերաբար հանդիպում են Օհանյանի առանձնատանը: Այդ բանակցություններին մասնակցում է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Միասնական Արմենիա» շարժման հիմնադիր Արթուր Ալեքսանյանը, ով արդեն իր հրապարակային աջակությունն է հայտնել Օհանյանին, եւ այլ ազատամարտիկներ:
Այդ բանակցությունների մասին տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Արամ Գ. Սարգսյանը՝ չմանրամասնելով, թե ինչ են պայմանավորվել կամ պայմանավորվում: «Բանակցությունները գնում են կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, իսկ ինչ վերաբերում է, թե երբ հայտարարություն կլինի, դա առաջիկայում պարզ կլինի, մեր բանակցությունները ավարտված չեն, երբ կավարտվեն, կասենք»:
Հմայակ Հովհաննիսյանի պատասխանն էլ, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունները. «Այդ բոլոր մարդկանց ես հարգում եմ, բոլոր մարդկանց հետ համագործակցում եմ, բոլորի հետ հաճախ հանդիպում եմ: Երբ որ լուրջ քաղաքական գործընթացը կհասունա, դա կլինի բաց, եթե իմ մասնակցությամբ լինի, հասարակության աչքի առջեւ հրապարակային քննարկումների ընթացքում բյուրեղացված որոշումների եղանակով կլինի»,-բացատրեց Հովհաննիսյանը:
«Համախմբում» կուսակցության դիրքորոշումն ու եզրակացություններն այդ բանակցությունների վերաբերյալ փորձեցինք պարզել կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանից: Թեեւ Բոզոյանը տեղյակ չէր կոնկրետ մեր մատնանշած հանդիպումից, բայց նշեց, որ նման հանդիպումներ պարբերաբար են տեղի ունենում. «Անկեղծ ասած` ես նման տեղեկությունների մասին չեմ քննարկել, բայց որ շփումներ կան տարբեր շրջանակների հետ, եւ ընդհանուր առմամբ քննարկվում են միասնական որոշակի խնդիրներ, դա միանշանակ է: Այսինքն` շփումներ շատ շրջանակների հետ կան, այդ թվում նաեւ Ձեր նշած շրջանակների: Բոլորի մոտ ցանկություն կա մեկ դաշինքով հանդես գալ, որովհետեւ հասկանալի է, որ մեծ դաշինքն է երաշխավորում հաջողությունը ընտրությունների ժամանակ»,- նշեց Բոզոյանը:
Իհարկե, դաշինքով գնալը միշտ քաղաքականապես ավելի ձեռնտու է, քանի որ հաղթանակի շանսերը մեծանում են, չնայած որ անցողիկ 5 տոկոսանոց շեմը 7 է դառնում: Բայց կոնկրետ այս դաշինքին անասելի խանգարում է Գագիկ Ծառուկյանը: Նրա վերադարձը խառնում է բոլորի խաղաքարտերը: Այդ իսկ պատճառով հնարավոր դաշինքի բոլոր անդամները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին, տեղական հեղինակություններին ու նույնիսկ պատգամավորներին համոզում, բացատրում են, որ Ծառուկյանը չի վերադառնալու քաղաքականություն, քանի որ դեռեւս այդ թույլտվությունը չի ստացել, ուստի լավ կլինի միավորվել Սեյրան Օհանյանի շուրջ: Վերջինս դեռ չի կողմնորոշվել, թե հնարավոր դաշինքի անդամ կուսակցություններից որի անդամ կդառնա, որպեսզի պատգամավորության թեկնածու գրանցվի: Հավելենք, որ այս ճակատին էլի մի քանի «մանր-մունր» կուսակցություններ կմիանան:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ պայմանականորեն ասած՝ «Օհանյան դաշինքի» միասնական հուշագրի տեքստը գրեթե պատրաստ է, որը նախատեսվում է հրապարակել տոներից հետո:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ քաղաքական դաշտում դեռեւս ուրվագծված իրական ընդդիմությունը, ըստ էության, մնում է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություների «Ելք» անունով դաշինքը, քանի որ Օհանյանի շուրջ համախմբվողներին հասարակությունը վերապահումներով է մոտենում:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ժիրայր Սէֆիլյանի գործի շրջանակներում կալանավորված Ներսես Պողոսյանը դեկտեմբերի 15-ից գտնվում է հացադուլի մեջ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Ներսես Պողոսյանի մայրը` Սաթենիկ Պողոսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ որդին առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն համապատասխան բուժօգնություն չի ստանում:
Ի դեպ, մեր զրուցակիցը հայտնեց, որ այդ մասին տեղեկացել է երեկ, մոտ երկու շաբաթ նրանից գաղտնի է պահվել: Հիշեցնենք՝ այս տարվա հունիսի 1-ին կալանավորվել է Ավան համայնքի բնակիչ Ներսես Պողոսյանը: Մայիսի 20-ին Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

 

ՇՏԱՊ ՓՈՂԻ ԽՆԴԻՐԸ
Երեկ Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց միջազգային երկու վարկային պայմանագրի վավերացման հարցերը: ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, 24 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այս համաձայնագրով Հայաստանը 40 միլիոն եվրո վարկ է վերցնում: ՀՀ-ի եւ Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված զարգացման քաղաքականության 4-րդ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, 23 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Համաձայնագրով վարկը կազմելու է 50 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է Հայաստանի բյուջետային աջակցությանը:
Փաստորեն, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին կանխատեսել էր՝ ՀՀ կառավարությանը շտապ գումար է պետք: Եվ չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այլեւս ոչ մի վարկ չեն վերցնելու, այդուհանդերձ, արագացված կարգով նոր վարկային համաձայնագրեր կնքվեցին:

 

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարությունների, գերատեսչությունների եւ մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը: Վարչապետը նշել է, որ գնահատման հայտանիշերի թվում կարեւորագույններից մեկը լինելու է ներդրումային ցուցանիշը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: «Դուք պետք է մինչեւ տարեվերջ ներկայացնեք կոնկրետ հայտանիշերով առաջարկություններ՝ գնահատելու գերատեսչության աշխատանքը, որոնց մեջ պետք է սահմանված լինի նաեւ տարեկան ներդրումային ծրագիրը»,- ասել է Կարապետյանը:

 

 

ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ
Հայ-ռուսական երկաթուղու գործարկմամբ պետք է հետաքրքրված լինեն ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը, այլեւ Վրաստանը՝ «Գրուզիա Օնլայն»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Եթե խոսքը վերաբերում է աբխազական երկաթուղու գործարկմանը, որպեսզի կազմակերպվի Հայաստանից ու Վրաստանից բեռների տեղափոխումը դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ, ապա կարծում եմ, որ շահագրգռված պետք է լինեն ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը, այլեւ Վրաստանը»,-ասել է պաշտպանության նախարարը:

 

 

ՍԿՍՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երբ «Սու-24»-ը խոցվեց, վստահ էր, որ դա տեղի ունեցավ առանց թուրքական իշխանության հրամանի, սակայն դեսպանի սպանությունից հետո փոխել է կարծիքը: «Ես թերահավատորեն էի մոտենում այն խոսքերին, որ մեր ինքնաթիռը խոցել են թուրքական ղեկավարության հրամանով, սակայն այժմ, դեսպանի սպանությունից հետո, սկսել եմ հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Պուտինը` պատասխանելով «Սպուտնիկ Թուրքիա»-ի թղթակցի հարցին: «Դա ողբերգություն էր (դեսպանի սպանությունը), որն առաջին հերթին մահափորձ էր Ռուսաստանի վրա, եւ, անկասկած, ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,-նշել է Պուտինը:

 

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԽԱԽՏԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան /Ակնա/ եւ հարավարեւելյան /Մարտունի/ պաշտպանական հատվածներում: Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների եւ նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից:




Լրահոս