ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Դավթյանն ավելի քան չորս ամիս է՝ զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն մինչ օրս իր գործունեության արդյունքների եւ անելիքների վերաբերյալ հանրությանն իրազեկվելու հնարավորություն չի ընձեռել: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այն ըստ երեւույթին տարվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն էր, որը, սակայն, «գաղտագողի» է իրականացվել՝ լրատվամիջոցների աչքից, տեսախցիկներից հեռու:

Դատախազությունում հրավիրված նիստի օրակարգում, ըստ պաշտոնական տեղեկության, ընդգրկված էր 2015 թվականի ընթացքում դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառների վերաբերյալ հարցը: Նիստի ընթացքում Արթուր Դավթյանն ասել է, թե մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների արդյունքում արդարացման դատավճիռ կայացվելու յուրաքանչյուր դեպքում պարտադիր քննարկման առարկա կդառնա ե՛ւ դատախազի, ե՛ւ նախաքննական մարմնի վարքագիծը: «Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ, նպատակը անձին դատի տալու հարցում օբյեկտիվության եւ անշեղ օրինականության միասնականություն ապահովելն է»,- ընդգծել է գլխավոր դատախազը:
Եվ այստեղ ակամայից վերհիշում ենք դեռեւս 2012 թվականին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավիրած կոլեգիայի նիստը, որում հնչեցված ելույթը, կարծես, երեկվա սցենարի կրկնությունն է:
Այսպես՝ այդ ժամանակ Ա. Հովսեփյանը նախազգուշացրել էր, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա: Քրեական գործի նյութերի խեղաթյուրման ցանկացած փաստի արձանագրվելու դեպքում քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի, թե՛ քննիչի, թե՛ դատախազների նկատմամբ՝ քննությունը հանձնարարելով հատուկ քննչական ծառայությանը: Միաժամանակ պահանջ էր դրվել բոլոր դատախազների եւ նախաքննական մարմինների առջեւ՝ խստագույնս պահպանել նախաքննության ժամկետները, խուսափել անհարկի եւ չպատճառաբանված ձգձգումներից:
Ինչ ունենք այսօր այս հանձնարարականից հետո… Փաստն այն է, որ ոչինչ չի փոխվել: Նախաքննության արհեստական ձգձգումների, արդարացման դատավճիռների եւ վերը նշված մյուս հանգամանքների պարագայում իրավապահ մարմնի որեւէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել:
Իսկ ո՞ւմ մեղավորության, ո՞ր կառույցի թերացման կամ անգործության հետեւանքն է արդարացման դատավճիռների կայացումը՝ գործը հսկող դատախազի՞, թե՞ քննիչների:
«Ժողովուրդ» օրաթերթը ոլորտի մասնագետների հետ մասնավոր զրույցներում, լսելով մտահոգությունները, եկավ եզրահանգման, որ ավելի լավ եւ հեշտ տարբերակ է կանխարգելելը, քան բուժելը:
Բանն այն է, որ մեղադրող կողմը գործի նախաքննության ավարտից հետո դատարանում պարտավոր է պաշտպանել մեղադրանքը, ներկայացնել այն ապացուցող փաստեր: Իսկ եթե դատարանն արդարացնում է մեղադրյալին, հետեւաբար նախաքննությամբ նրա մեղքը չի ապացուցվել:
Եվ սա լրջագույն խնդիր է, քանի որ հայաստանյան իրականությունում երկարատեւ նախաքննության ընթացքում, որպես կանոն, մեղադրյալների նկատմամբ կալանքն է ընտրվում որպես խափանման միջոց: Իսկ ամիսներ, անգամ տարի տեւող նախաքննությունից հետո արդարացված անձին, փորձը ցույց է տալիս, որ նյութական, առավել եւս բարոյական փոխհատուցում չի տրվում: Թեեւ, հիշեցնենք, օրենքով հարցը հստակ կարգավորված է:
Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի անձին անհիմն անազատության մեջ պահելու համար: Ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում քրեական գործերով կայացված եւ հրապարակված բոլոր դատավճիռներից ու որոշումներից (թվով 42) 36-ը կայացվել են Կոմիտեի, 2-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, 3-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարության, 1-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունների վարույթում քննված քրեական գործերով: Նշված 36 արդարացման դատական ակտերից 28-ը կայացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից, 3-ը՝ վերաքննիչ դատարանի կողմից: 28-ի դեպքում ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները բողոքարկվել են վերաքննիչ դատարան, որից 20-ի դեպքում դատավճիռները թողնվել են օրինական ուժի մեջ, 9-ի դեպքում ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվել է, 2-ի դեպքում վերաքննիչ դատարանում գործի քննությունը շարունակվում է: Ուսումնասիրության շրջանակներում ամփոփվել են միայն այն դատական ակտերը, որոնցով դատական ատյանների կողմից արդարացման դատավճիռներ ու որոշումներ կայացնելը պայմանավորված է եղել քննչական սխալներով, այլ ոչ թե հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելու, ապացույցների բավարարությունը որոշելու հետ կապված «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով:
Մինչդեռ գոնե պաշտոնապես չի նշվում՝ քննչական սխալների հետեւանքով պատասխանատվության ենթարկվողներ եղե՞լ են արդյոք: Այսօր ունենք միայն այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած դատավճիռներն օր օրի ավելանում են, ինչը եւս հայաստանյան արդարադատության ոլորտի բացերի հետեւանքն է:
Սրան զուգահեռ՝ փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատում է՝ դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմինները պետք է զերծ մնան քաղաքական հրահանգներ կատարելուց եւ թերությունները փորձեն շտկել ոչ թե դատավճիռներից հետո, այլ քննության ընթացքում:
Որպես օրինակ փաստաբանը բերում է հուլիսյան դեպքերի ժամանակ քաղաքացիական ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները: Նկատում է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դատախազությունում լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործեր է հարուցում ընդդեմ ոստիկանների: Իսկ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն է քրեական գործեր հարուցում ընդդեմ քաղաքացիական ակտիվիստների՝ ցույց ցրող ոստիկանների ցուցմունքների եւ հաղորդումների հիման վրա: Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է լինի մի մեղադրվող կողմ, մի տուժող: Սակայն այս օրինակներում երկու կողմն էլ ե՛ւ տուժող է, ե՛ւ մեղադրյալ. «Գլխավոր դատախազը չի՞ տեսնում դա: Դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքներին: Այսօր կալանքի տակ գտնվող մարդիկ փաստացի անմեղ են: Մեղադրող կողմը որեւէ կերպ չի կարողանում ապացուցել նրանց մեղադրանքը: Սակայն քաղաքացիները քաղաքական հետապնդումների հետեւանքով շարունակում են կալանքի տակ մնալ: Ո՞վ պետք է սրա համար պատասխան տա: Ա՛յ, այս հանգամանքի վրա է պետք ուշադրություն դարձնել»:
Այնպես որ, հայտնի ճշմարտություն է, որ այսօր հանրության մեջ ձեւավորված անվստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ է: Իսկ ի՞նչն է պատճառը: Թող այս հարցի շուրջ խորհեն պատասխանատու կառույցները:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՉԿԱ
Արդեն մի քանի տարի է՝ խոսվում է, որ Հայաստանի լրատվական դաշտի ամենաառանցքային խնդիրը դարձել է գովազդի բաշխումը: Բազում բարձրաձայնումներ են եղել այն մասին, որ հեռուստաընկերությունների գովազդի շուկայի առյուծի բաժինը տնօրինում են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին դե ֆակտո պատկանող լրատվամիջոցները՝ «Սելս հաուս» ընկերության հովանու ներքո: Սակայն, ինչպես հայտնի է, իշխանական կուսակցությունները եւս իրենց հեռուստաալիքներն ունեն, որոնք գովազդի բացակայության պատճառով փաստացի չեն կարողանում իրենց ֆինանսական խնդիրները լուծել: Բայց որպես կանոն լռում են՝ ավելորդ խնդիրների մեջ չընկնելու համար: Եվ զարմանալի էր, որ այս տարվա սեպտեմբերի 15-ին «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խորհրդարանում բարձրաձայնեց հեռուստաընկերությունների գովազդային շուկայի կենտրոնացված լինելու մասին` զգուշավոր, առանց անուններ նշելու:
Հիշեցնենք, որ Հ3 հեռուստաընկերությունը պատկանում է նախկին ՕԵԿ, այժմ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ի դեպ, կարող է թյուր կարծիք ստեղծվել, թե Միքայել Մինասյանի թիմը հեռուստաընկերությունների եւ կայքերի գովազդային շուկան վերահսկում է եկամուտ ստանալու նպատակով: Մինչդեռ իրականում այդ մենաշնորհի միջոցով ֆինանսավորվում են իշխանական լրատվամիջոցները, իսկ ազատ մամուլը կայուն եւ բավարար ֆինանսավորումից զրկվելու պատճառով չի կարողանում զարգանալ: Հենց այս համակարգի շնորհիվ է, որ իշխանություններին հաջողվում է Հայաստանի լրատվական դաշտի մեծամասնությանը վերահսկողության տակ պահել: Լրատվական կայքերի, տպագիր մամուլի գովազդի շուկան եւս մեծ մասամբ գտնվում է նույն թիմի վերահսկողության տակ: Այսպիսով՝ ինչպես տնտեսությունում, լրատվական դաշտում եւս բոլոր խնդիրների պատճառը մենաշնորհն է, որի դեմ պայքարի նույնիսկ իմիտացիա չի արվում:
«Ժողովուրդ» օրաթերթը պատգամավոր Մհեր Շահգելդյանի հայտարարությունից հետո դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ հասկանալու համար՝ ինչ քայլեր են ձեռնարկվել գովազդի շուկան վերահսկելու եւ մենաշնորհի դեմ պայքարելու ուղղությամբ: Ի պատասխան մեր հարցի՝ այդ ժամանակ հայտնել էին, որ պատգամավորի ելույթին հետեւած մեր հրապարակման հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվում՝ ըստ ընթացակարգի: Ավելի ուշ, երբ կրկին դիմեցինք ՏՄՊՊՀ՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկանալու համար, պարզվեց՝ հանձնաժողովը դիմում է ուղարկել ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանին, ով պատասխանում էր ԱԺ-ում մենաշնորհի հետ կապված Մհեր Շահգելդյանի հարցին: Տ. Հակոբյանը հանձնաժողովին պատասխանել է, որ խնդրին տեղյակ չէ, փաստեր չունի: Եվ այսքանով ուսումնասիրությունները փաստորեն ավարտվել են:
Իհարկե, Արտակ Շաբոյանի հանձնաժողովի ուժը միայն գարեջրի, ծայրահեղ դեպքում մանր-մունր բիզնեսների վրա է պատում, որոնց տուգանելու համար որոշումներ կայացնելուց հետո նա խնդիրներ չի ունենա: Իսկ փեսայական մենաշնորհը օրհնություն է ընկալվում:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԱՄԱՆՈՐԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՁՄԵՌ ՊԱՊԻ ԵՎ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻ ՀԵՏ

Վերջին շրջանում նորաձեւ է դարձել հայկական ընտանիքներում Ամանորի գիշերն անցկացնել Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ընկերակցությամբ: Սակայն պարզվում է, որ դա բավականին «թանկարժեք հաճույք» է, որը իրականացնում են թե՛ տարբեր կազմակեպություններ, թե՛ անհատներ: «Ժողովուրդ»-ը զանգահարեց մի քանի կազմակերպություններ՝ ծառայության գներին ծանոթանալու համար:

Այսպես՝ «Երազանք» մանկական շոու-ծրագրերի կազմակերպման ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար պատվիրատուն դեկտեմբերի 31-ին՝ երեկոյան ժամը 23:00-ին, պետք է վճարի 20.000 դրամ, ժամը 23:30-ին՝ 30.000, իսկ ահա կեսգիշերին՝ 24:00-ին, ծառայության գինը կազմելու է 40.000 դրամ:
«Յոր հոլիդեյ» միջոցառումների կազմակերպման ընկերության կողմից ամանորյա ծառությունների գները նույնպես տարբեր են: Դեկտեմբերի 31-ի կեսօրին մինչեւ 15:00-ին Ձմեռ պապիկի եւ Ձյունանուշի ծառայությունների գները կազմում են 20.000 դրամ: Ժամը 17:00-19:00՝ 25.000 դրամ, 19:00-20:00՝ 30.000 դրամ, 20:00-21:30՝ 35.000 դրամ, 21:30-22:30՝ 40.000 դրամ, 22:00-23:00՝ 45.000 դրամ: Իսկ արդեն 24:00 մինչեւ ժամը 1-ը ծառայության արժեքը կազմում է 50.000 դրամ: Ի դեպ, ծառայության գների մեջ նվերներ ներառված չեն:
«Բում-բումիկ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գները սահմանված են հետեւյալ կերպ. դեկտեմբերի 31-ին՝ մինչեւ ժամը 23:00, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կողմից կազմակերպած մանկական ծրագրի գումարը կազմում է 20.000 դրամ, ժամը 23:00-ին՝ 30.000, իսկ 24:00-ին՝ 50.000 դրամ: Ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտություն, նվերներ՝ նախատեսված 2 երեխաների համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս