ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի աքլորի տարին խոսել չսիրող խեցգետնի համաստեղության տակ ծնված Սերժ Սարգսյանի համար ծանր տարի է լինելու: Աքաղաղը շատ ագահ է, նա սիրում է ոսկի: Ուստի 2017-ին ֆինանսական հարցերին պետք է լուրջ վերաբերվել եւ սթափ գնահատել ռիսկերը: Եթե հնարավոր է, հենց տարվա սկզբից պետք է պաշտպանեք ինքներդ Ձեզ եւ Ձեր սիրելիներին ռիսկային գործարքներից, հակառակ դեպքում առաջին հայացքից շահավետ եւ ձեռնտու գործարքը կձախողվի: Աստղերը հուշում են, որ դժվարությունները հատկապես կլինեն տարվա առաջին կեսին, որի ընթացքում կբախվեք իրականության ծանր դրսեւորումներին, թվերի հարվածները գուցե վրիպեն, ունենաք ֆինանսական մեծ կորուստներ նպատակները հաջողությամբ պսակելու ճանապարհին: Բայց եթե կշռադատված գործեք, աստղերը Ձեզ համար տարեվերջին առավել հանգիստ կյանք են խոստանում: Գլխավորն այն է, որ առողջությունը պահպանելու համար պետք է ավելի շատ հանգստանաք եւ ամեն ինչ սրտին մոտ չընդունեք: Կրակե աքլորը վտանգներով լի է եւ միայն ծուղրուղուներով կարող է չբավարարվել:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւս աքաղաղի տարում հանգիստ օրեր չեն սպասվում: Ստիպված կլինեք պայքարել մի շարք ուղղություններով ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում, բայց միեւնույն է՝ կմնաք խոցելի: Նապաստակի համաստեղության Ձեր փափկությունը եւ առյուծային համարձակությունն ու համառությունը կօգնեն շատ հարցերում: Բայց իմիջային պատրանքները՝ թանկարժեք հագուստի ու աքսեսուարների առկայությունը, չեն կարող օգնել Ձեզ ծանր իրավիճակներից դուրս գալ: Անհրաժեշտ կլինի ֆինանսական լուրջ միջոցներ հայթայթել՝ ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական ապագան կառուցելու համար: Բայց սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու մտերիմների աջակցությունը կստիպեն Ձեզ հավատալ հաջողությանը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարին է 2017 թվականը. թեեւ ընդունված է ասել, որ երկու աքաղաղ նույն տեղում կտցահարում են իրար: Ամեն դեպքում աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս պահպանել սառնասրտությունը, կապիկի տարում գրանցած անհաջողություններից չվհատվել, քանի որ պայմանավորվածությունները ցանկացած իրավիճակում կարող են հաղթանակ ապահովել: Բայց ինչ-որ բան խոստանալիս լավ կլինի չմոռանալ սկզբունքների մասին, քանի որ միշտ չէ, որ «նպատակն արդարացնում է միջոցները» արտահայտությունը կենսունակ է:

Քաղաքական դաշտին «հեռադիտակով» հետեւող Ռոբերտ Քոչարյանի համար վայելքները կշարունակվեն: Որսը առատ կլինի նաեւ աքաղաղի տարում, բայց միայն որսադաշտում, քանի որ քաղաքականության մեջ այլեւս ոչ ոքի նրա գնդակները չեն դիպչում: Աստղերը խորհուրդ են տալիս Քոչարյանին պահպանել թվացյալ չեզոքությունը եւ ակտիվանալ միայն այն պահին, երբ կա հաղթանակը սկուտեղով ստանալու յուրօրինակ շանս:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի համար անցնող տարին ձեռքբերումներով լի էր: Նա համակարգային հակառակորդներից ազատվեց եւ շրջապատում տեղի ունեցող անցանկալի զարգացումները գեղեցիկ ձեւով շրջանցեց: Ինքնամփոփ Ձեր տեսակը կօգնի հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ նաեւ աքաղաղի տարում սպասվող լուրջ փորձություններից: Թեեւ օձի տարում ծնվածների համար եւս անխուսափելի կլինեն 2017-ի ցնցումները: Կարգավիճակի փոփոխության հարցը կարծես թե անխուսափելի կլինի: Աստղերը խորհուրդ են տալիս ապագա զբաղվածության ծրագրեր գծելիս նկատի ունենալ 5 տարվա նվազագույն պլան:

ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի համար 2016-ի կապիկի տարին բուռն վայրիվերումներ ապահովեց: 3 անգամ նա պաշտոն փոխեց. տարեսկզբին ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը լքեց՝ նշանակվելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, որից հետո նույն ամսում նշանակվեց ԱԱԾ տնօրեն: Այս պաշտոնում նա լուրջ փորձությունների միջով անցավ՝ չկարողանալով կանխել ՊՊԾ գնդի գրավման վտանգավոր օպերացիան: Աքաղաղի տարում ծնված երիտասարդ Կուտոյանի համար 2017-ը եւս անհանգիստ տարի է լինելու: Խորհուրդ է տրվում լինել առավել զգոն, սառնասիրտ եւ չհավատալ տարեկիցների հորդորներին: Աստղերը խորհուրդ են տալիս ականջալուր լինել այն մարդկանց, ում համար դուք իրոք թանկ եք: Պահանջկոտությունն ու առավել տեղեկացվածությունը կօգնեն աշխատանքում մոտենալ ցանկալի արդյունքների: Սահմանակից երկրները պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Կշեռքի համաստեղության տակ ծնված պաշտոնյաների համար 2017-ին եւս ընտանիքին հատկացված ժամանակի դեֆիցիտ կլինի:

Կապիկի տարին համակարգային առումով կորուստների ծանր տարի էր նաեւ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի համար: Իհարկե, անձնական կյանքում նա խոշոր ձեռքբերումներ ունեցավ, բայց երիցս սթափվելու հայտնի կոչերը շարունակում են արդիական մնալ Ձեր համակարգի յուրաքանչյուր աշխատողի համար: Շան համաստեղության տակ ծնված ոստիկանապետին աստղերը հուշում են լինել առավել զգոն, չկորցնել հավատարմության հատկությունները, հեռանալ ներպալատական խարդավանքներից, շիտակ լինել, քանի որ աքաղաղը կտցահարելու հատկություն ունի: 2017-ը եւս կլինի փորձություններով լի, որոնցից դուրս գալու գինը հնարավոր է՝ շատ թանկ արժենա: Պայքարը լինելու է ողջ տարվա Ձեր անշեղ ուղեկիցը. պայքար ներսում Ձեր եսի հետ, դրսում՝ անհասկացվածությունը հաղթահարելու գործում, համակարգում՝ արդարության պատրանքն ապահովելու համար եւ, ամենակարեւորը, պայքար՝ քաղաքացիների դեմ, որոնք կաշխուժանան մինչեւ ամռան ամիսները ներառյալ: Աստղերը խորհուրդ են տալիս առաջնորդվել խղճի մտոք եւ ականջալուր չլինել կողքի կարծիքներին, որոնք կտանեն Ձեզ դեպի մեկուսացման, ինչը կբերի իմիջի զգալի անկման: Աշնանը գուցե Ձեզ տրվի խաղաղվելու հնարավորություն, եթե մինչ այդ Ձեր խղճի հետ հաշտ գործեք:

Կապիկի տարին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար մեծ անակնկալ էր պատրաստել. նա գլխապտույտ առաջարկ ստացավ՝ ստանձնելով երկրի թիվ մեկ իրավապահի պաշտոնը: Աղեղնավորները աքաղաղի տարում կարող են հավատալ իրենց ուժերին, հաջողությանը, նպատակների իրականացմանը, եթե, իհարկե, բավականաչափ ուժ ու եռանդ ներդնեն: Ձիու տարում ծնվածների համար աստղերը 2017 թվականին անկայունություն կանխատեսում են, բայց Ձեր ոչ իմպուլսիվ կեցվածքը կօգնի պաշտպանել ինքներդ Ձեզ ու նահանջել ճիշտ ժամանակին: Աշխատե՛ք չմոռանալ ու շատ ժամանակ տրամադրել այն մարդկանց, որոնց միջոցով կարիերայի ընթացքում առաջխաղացումներ եք ունեցել:

Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի համար անցնող կապիկի տարին ազդեցության կորուստներ պարգեւեց: ՀՀ նախագահի նստավայրում եւ լրատվական դաշտում ունեցած դերակատարությունը տարվա երկրորդ կեսից հետո կտրուկ նվազեց: Օձի տարում ծնվածների համար աքաղաղի տարվա ընթացքում արմատապես կփոխվի վերաբերմունքը կատարվող իրադարձությունների նկատմամբ, առաջին հերթին՝ իրենց եւ իրենց շրջապատի: Մեծ դժվարություններ կառաջանան Ձեր շրջապատի առաջխաղացման հարցերում, եւ անգամ ներպալատական ինտրիգները գուցե չօգնեն հասնել ցանկալի արդյունքին: Աստղերը խորհուրդ են տալիս գործել չափավոր պահանջատիրության դաշտում եւ մի կողմ դնել մաքսիմալիստական, մոնոպոլ ձգտումները, որոնք կարող են ի վնաս Ձեզ օգտագործվել: 2017 թվականին Ձեր անձնական կյանքում ունեցած խաղաղությունը ձգտեք պահպանել, քանի որ տարին վայրիվերումներով լի է լինելու:

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, կապիկի տարում ծնված Արթուր Բաղդասարյանի համար անցնող տարին արժեւորվեց «ծառից ծառ թռչելով»: Նա համակիրներ փնտրեց ամենուր, ժպտաց տարբեր դիրքերով, գտավ իր նման շատերին, բայց կապիկի տարվան բնորոշ գործընթացները արդեն աքաղաղի տարում կվերափոխվեն: Եկել է լրջանալու ու խորհելու պահը: Աջակիցների փնտրտուքը, իհարկե, կշարունակվի: Աստղերը խորհուրդ են տալիս հին ավանդական քարոզչական հնարքներն ու մուրաբայի տուփերը գործի չդնել, քանի որ գարնանը կարող են դրանք խոր հիասթափություն պատճառել Ձեզ:
Գագիկ Ծառուկյանի համար կապիկի տարին, ի տարբերություն դրա նախորդի, առավել հանգիստ էր եւ նախապատրաստական փուլ էր ենթադրում: Ձեզ հաջողվեց անցնող տարվա ընթացքում բացահայտել մի շարք «կապիկների», որոնց հետ շփվել էիք տարիներ շարունակ: Բայց աքաղաղի տարին բարդ է լինելու Ձեզ համար, պետք է զտեք շրջապատը, զինվեք համբերությամբ, զգացմունքայնությունը մի կողմ դնեք ու կշռադատված վճիռներով առաջ շարժվեք: Աստղերը հուշում են, որ ոսկի սիրող աքաղաղի տարում Դուք ֆինանսական լուրջ ծախսերից չեք կարողանալու խուսափել, եւ հաջողությունը մեծապես կախված կլինի քսակի բացվածքի տրամաչափից: Աշխատեք չկրկնել անցյալի սխալները, չհավատալ Ձեզ մեծարողների խոսքերին Ձեր ամենակարողության մասին, քանի որ իրադարձությունները պտտվում են հետ:

Գեղեցկության գերի դարձած ՀՀ պաշտպանության նախկին վագր նախարար Սեյրան Օհանյանի համար կապիկի տարին դառն էր: Նրա պլանները ձախողվեցին, եւ կորուստներ եղան: Միակ հաղթանակը լրատվական դաշտի նկատմամբ էր, ինչը «ծանր նստեց» Օհանյան ընտանիքի վրա: Աստղերը հուշում են, որ աքաղաղի տարում անհանգստություն կլինի Ձեր կյանքում, կբախվեք դավաճանության տարբեր դրսեւորումների, կբանակցեք ու ճանապարհ կանցնեք այնպիսի մարդկանց հետ, ում ողջ կյանքում քննադատել ու ծաղրել եք: Հաղթանակի միակ ճանապարհը աքաղաղի տարում անցնում է ֆինանսական կորուստների ուղով: Խորհուրդ է տրվում քիչ խոսել, քիչ լսել թույլ սեռի ներկայացուցիչներին ու գործել համարձակ: Միեւնույնն է՝ հետդարձի ճանապարհ չկա: Միայն թե ռազմավարական գործընկերները տեր կանգնեն իրենց խոստումներին:

Առնետի տարում լույս աշխարհ եկած Գալուստ Սահակյանի համար աքաղաղի տարին դժվարություններով լի կլինի: Կտցահարվելու վտանգը ամեն պահի կա: Համաստեղության խոյի պոզերը գուցե այս անգամ չօգնեն՝ հաջողություն արձանագրելու հարցում: Աստղերը խորհուրդ են տաիս զսպել ամբիցիաները, զիջող լինել եւ, ամենակարեւորը, քիչ խոսել՝ գոնե հանուն ժառանգների:

Կապիկի տարում ծնված ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի համար ինչպես բոլոր տարիներին, աքաղաղն էլ լուռ կայունություն է խոստանում: Ձեր դիրքերը կպահպանվեն նաեւ աքաղաղաի շարժուն տարվա ընթացքում: Գործնական կյանքում առաջընթացի հնարավորությունը այս տարի գրեթե զրոյական է, իսկ, ահա, անձնական կյանքում սպասվում է համառ պայքար երջանկութան համար:
Պետական եւ քաղաքական
այրերի ապագան «գուշակեց»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս