«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՉԵՆ ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփելով անցնող տարվա գործունեության արդյունքները՝ «Ժողովուրդ» օրաթերթը գոհունակությամբ իր ընթերցողներին է ներկայացնում այն բազմաթիվ խնդիրներից մի քանիսը, որոնք մասնակի կամ ամբողջությամբ լուծվել են մեր հրապարակումների արդյունքում:

«Զովունիում նախկին գյուղապետը հող է վաճառում» վերտառությամբ հոդվածում գրել էինք, որ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, որը նոյեմբերի 12-ին պետք է վայր դներ գյուղապետի լիազորությունները, աճուրդի էր հանել գյուղի համար կարեւոր նշանակություն ունեցող հողակտորներ: Դա խիստ մտահոգել էր հոկտեմբերի 2-ին Զովունիի գյուղապետի պաշտոնում ընտրված Վրույր Սիմոնյանին ու նրա կողմնակիցներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գործող գյուղապետ Ս. Ավետիսյանը աճուրդի էր հանել ոչ միայն գյուղի որոշ հողակտորներ, այլեւ գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենան: Մեր հրապարակումից օրեր անց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հողատարածքներն ու գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենան օտարելու մասին որոշումը չեղյալ է համարվել:
««Արմենիա Ինշուրանս»-ը «քցե՞լ է» քաղաքացուն» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք Հայաստանում ապահովագրական ընկերություններին: «Ժողովուրդ»-ին դիմել էր Երեւան քաղաքի բնակչուհի Գայանե Կիրակոսյանը, որը դժգոհում էր «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերությունից: Վերջինս պատմել էր, որ հուլիսի 14-ին ինքը ճամփորդության նպատակով մեկնել է Ավստրիա եւ երեւանյան տուրիստական գործակալություններից մեկի միջոցով բժշկական ապահովագրությունը ձեռք է բերել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերությունից: Սակայն օգոստոսի 3-ին Ավստրիայի Շտայր քաղաքում Գ. Կ.-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, եւ բուժման նպատակով նա պառկել էր տեղի հիվանդանոցներից մեկում: Քաղաքացին տեղեկացրել էր նաեւ, որ ավստրիական հիվանդանոցում գտնվելու ընթացքում ինքը տեւական ժամանակ փորձել է կապ հաստատել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ, որպեսզի տեղեկացնի հիվանդանոցում պառկելու մասին, սակայն իր բոլոր հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Ավստրիայից ստանալով ծախսերի վերաբերյալ ծանուցումը՝ Գայանեի ամուսինը (քանի որ Գայանեն երկրում չի եղել) այն ներկայացրել էր ապահովագրական ընկերություն, որտեղ աշխատակիցները պահանջել էին միայն Գայանեի ներկայությունը կամ նրա կողմից հարազատին տրված լիազորագիրը: Տիկին Գայանեն Հայաստան կարողացել էր վերադառնալ միայն օգոստոսի 31-ին, ինչից հետո անմիջապես այցելել էր ապահովագրական ընկերություն: Ընկերության աշխատակիցները, սակայն, ասել էին, որ այլեւս չեն կարող ո՛չ լսել, ո՛չ էլ առավել եւս օգնել նրան: Քաղաքացու բարձրացրած բողոքի վերաբերյալ մեր հրապարակումից հետո ապահովագրական ընկերությունը խոստացել է վերադարձնել նրա գումարի մի մասը:
«Հրաժարվո՞ւմ են հայբիզնեսբանկից» վերտառությամբ հոդվածում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ տարեսկզբից պետական մարմինների ղեկավարները «հրահանգ» են ստացել աշխատավարձերի վճարումը կատարել բացառապես «Հայբիզնեսբանկ»-ով: Ըստ շրջանառվող լուրերի՝ հրահանգ ստացողների թվում են եղել նաեւ Երեւանի մի շարք դպրոցներ եւ մանկապարտեզներ: Երեւանի մանկապարտեզներից մեկի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենց տնօրենը հիմա էլ փոխանցել է, որ գնան եւ մեկ այլ բանկից աշխատավարձի քարտ ստանան, քանի որ այլեւս հրաժարվում են «Հայբիզնեսբանկ»-ի ծառայությունից: «ժողովուրդ»-ի հրապարակումից հետո մանկապարտեզի տնօրենն աշխատակիցներին հայտնել է, որ կարող են իրենց նախընտրած բանկից օգտվել:
«Շաքիի ջրվեժը անհետացման եզրին է» վերտառությամբ հոդվածում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող Շաքիի ջրվեժի խնդիրը երկար տարիներ է՝ չի լուծվում, եւ նման տեմպերով անխնա ջրօգտագործման դեպքում՝ ջրվեժի գոյությունը կարող է վտանգվել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ հանձնաժողով է ստեղծվել: Ուսումնասիրվել են ընկերության ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջները:
«Հերթական «աղմուկը» «Նուբարաշեն» ՔԿՀ-ում» վերտառությամբ հոդվածում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներն իրենց ինքնավնասել են: Տեղեկությունների համաձայն` լարված իրավիճակը սկսվել էր այն բանից հետո, երբ դատապարտյալների մոտից հայտնաբերել եւ վերցրել են հոգեմետ դեղեր (լիրիկա): Նշենք, որ այդ դեղի օգտագործումն արգելվում է ՔԿՀ-ում, եւ ՔԿՀ ղեկավարությունը պետք է վերահսկեր, որ այն չհայտնվեր դատապարտյալների մոտ: «Ժողովուրդ»-ի հրապարկումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ էր իրականացրել: «Զոն նայող»-ին տեղափոխել էին այլ ՔԿՀ, իսկ որոշ պաշտոնատար անձանց՝ բոլորովին այլ աշխատավայր:
«ՀՔԾ-ն փորձում է փրկե՞լ Գորիսի ոստիկանապետին» վերտառությամբ հոդվածում գրել էինք, որ Արթուր Գրիգորյանը ընկերների հետ գնացել էր Գորիս քաղաքում գործող «Դիանա» հյուրանոցային համալիր, որտեղ պահակակետի ոստիկանության աշխատակիցն ասել է, թե հյուրանոցային համալիրը փակ է: Երիտասարդները նկատել են, որ համալիր է մտնում մեկ այլ մեքենա, որի առջեւ ոստիկանության աշխատակիցը բացել է տալիս հյուրանոցային համալիրի դարպասները: Պարզվել էր, որ եկողը ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանն է, որը առանց ներկայանալու մոտեցել էր տղաներին եւ փորձել կարգի հրավիրել: Առաջացել էր տղայական «ռազբորկա», եւ ոստիկանության Գորիսի բաժնի պետ, 6-րդ վարչության նախկին աշխատակից Գեւորգ Ազիզյանը, Նարեկի վզից բռնելով, տարել էր հյուրանոցային համալիր: Նա որոշել էր մինչեւ վերջ «դաս տալ» իրեն «տեղը չբերած» երիտասարդին՝ ենթականերին կանչելով եւ հրահանգելով ձերբակալել Արթուրին: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո քրեական գործի ընթացքը փոխվեց, եւ գործը Սյունիքի քննչականից ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննվեցին ոստիկանապետ Ազիզյանի արարքները: Շուրջ 4 ամիս տեւած քննությունից հետո ՀՔԾ-ն որոշեց արդարացնել Արթուր Գեւորգյանին եւ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճել:
«Երկու ամսական երեխան օրեր շարունակ սոված է մնացել» վերտառությամբ հոդվածում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վանաձորում՝ Աղբի գարաժներ կոչվող տարածքից ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունք է տեղափոխվել 2,5 ամսական Ալեն Կարապետյանը: Թաղամասային մանկաբույժը այցելություն է կատարել 2,5 ամսական երեխայի հերթական ստուգման համար եւ արդյունքում տղային հայտնաբերել է սոված ու գրեթե անգիտակից վիճակում, մարմինն էլ թարախային խոցերով պատված: Տեղամասային մանկաբույժը անմիջապես ահազանգել է իր ղեկավարությանն ու մարզպետարան՝ հայտնելով, որ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Հենց նույն օրը նա «Նարեկ» մանկական բաժանմունքում հոսպիտալացվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների բաժինը որոշում է կայացրել Ա. Կարապետյանի ոչ միայն առողջական վիճակի, այլ նաեւ հետագա ճակատագրի ու խնամքի հետ կապված: Երեխան հաշվառվել է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա: Ալեն Կարապետյանին տեղափոխել են Վանաձորի մանկատուն:
«Բազմազավակ մոր տան լույսը վեց օր է՝ անջատել են» վերտառությամբ հոդվածում գրել էինք, որ բազմազավակ մայր Մարինե Սահակյանի տանը 6 օր է, ինչ լույս չկա: Մ. Սահակյանը ապրում է ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղում, ունի 9 երեխա, հարս եւ թոռնիկ: Մարինեի տղաներից մեկն արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է Հայոց բանակում: Ընտանիքը ամսական ստանում է 90 հազար դրամ թոշակ, իսկ նպաստը կազմում է 60 հազար դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցը՝ էլեկտրիկը, անակնկալ գնացել է ու անջատել է լույսը: Այնուամենայնիվ, բազմազավակ կնոջ՝ Մարինեի խնդրով «Ժողովուրդ»-ը դիմեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, որտեղից խոստացան օգնել ընտանիքին: Մենք դիմեցինք նաեւ Ավշարի գյուղապետարան, որտեղից նունպես օգնության խոստում ստացանք: Մեր հրապարակումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն միացրել էր տիկին Մարինեի տան լույսը, իսկ Ավշարի գյուղապետարանն էլ իր հերթին էր աջակցություն ցուցաբերել նրանց պարտքը մարելու հարցում:
«Ապօրինություն՝ հայրենասիրության անվան տակ» վերտառության հոդվածում «Ժողովուրդ»-ը ներկայացրել էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա ենթակաների կողմից «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հաշվեհամարին Արցախին օգնելու պատրվակով գումար հավաքագրելու պատմությունը: Ինչպես հայտնի է՝ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի բոլոր համայնքներում սկսեցին Արցախի համար օգնության գումարներ եւ ապրանքներ հավաքել: Նույնը տեղի է ունեցել նաեւ Հրազդանում: Սակայն տեղի իշխանությունը, չգիտես ինչու, դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին որպես Արցախին օգնություն փոխանցելու հաշվեհամար տվել է իրենց` «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հաշվեհամարը: Սա այն դեպքում, երբ Արցախի կառավարությունը կոնկրետ հաշվեհամարներ էր հրապարակել` հատուկ օգնության գումարները փոխանցելու համար: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին արդեն հիմնադրամի անունից Արցախ փոխանցվեց 22 մլն դրամ:




Լրահոս