Ընդամենը մի քանի օրից Ամանորը կթակի մեր դռները` բերելով տոնական զվարթություն եւ բերկրանք: Բոլորս էլ ունենք Նոր տարվա հետ կապված մեր ինքնատիպ հուշերը, ու թերեւս ամենքս էլ Ամանորի գիշերը երբեւէ պահել ենք նվիրական երազանքներ: «Ժողովուրդ»-ը, տոներին ընդառաջ, զրուցել է հայ հայտնիներից մի քանիսի` երգչուհիներ Ալլա Լեւոնյանի, Նառայի եւ դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ:
-Ամանորն առաջին հերթին ինչի՞ հետ եք ասոցացնում:
Ալլա-Բնականաբար Ձմեռ պապիկի: Ասեմ, որ փոքր տարիքում բավական երկար ժամանակ հավատացել եմ Ձմեռ պապիկին, մեծ տարիքում, արդեն, նորից ստիպել եմ ինձ հավատալ նրան, մնալ մանուկ: Եթե ասոցիացիաներից առանձնացնենք ուտեստները, ես կնշեմ մանդարինը, չարազեղենն ու ամանորյա տորթը:
Ռաֆայել-Ժպիտի: Դա միակ տոնն է, որի ընթացքում բոլորը ժպտում են` անկախ բոլոր տեսակի հոգսերից: Տոնական օրերին քաղաքում գույներ կան, շուրջդ մաքուր է ու լուսավոր: Բոլորը սպասում են նոր նվաճումների ու զգացումների` ցավն ու չոռը թողնելով նախորդ տարում (ծիծաղում է): Ասեմ նաեւ, որ ամեն Ամանորի ծաղիկներ եմ տանում տուն: Ինչպես նաեւ մտերիմ ընկերներիս համար նվերներ եմ պատրաստում, բայց ավելի շատ սիրում եմ նվերներ ստանալ, քան տալ:
Նառա-Ամանորն ասոցացնում եմ թե՛ ուրախության, թե՛ տխրության հետ: Հաջորդ տարվա հետ ամեն մարդ ունենում է սպասումներ, սակայն, միեւնույն ժամանակ, շատ հրաշալի պահեր թողնում է անցյալում:
-Ո՞րն է Ամանորի հետ կապված Ձեր լավագույն հուշը:
Ալլա-Նորից պետք է տեղափոխվեմ մանկություն: Հիշում եմ բոլոր այն միջոցառումները, հանդեսները, որոնք ներկայացնում էինք Երեւանում: Իմ տոնածառն եմ հիշում` լույսերով: Պառկում էի դրա տակ, փոքրիկ բարձ ունեի, որին դնում էի գլուխս: Դա իմ աշխարհն էր: Այդ լույսերը, կարծեմ, պահել եմ իմ հայրական տանը: Հիշում եմ նաեւ այն սպիտակ Ձմեռ պապիկին, որից բոլորն իրենց տներում ունեին:
Ռաֆայել-Իմ կյանքի 35 տարիների ընթացքում Ամանորը հիանալի է անցել, որովհետեւ ես երբեք չեմ դադարել ուրախանալ այդ տոնով:
Նառա-Հիշում եմ, որ մանուկ տարիքում տոնածառի խաղալիքները ջարդում, թագեր էինք պատրաստում: Փոքր ժամանակ ամեն բան շատ պայծառ ու վառ էր երեւում:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
Ալլա-Այս տարի ապրիլյան պատերազմի պատճառով շատ վիշտ տեսանք, մարդկային կորուստները, այդ մեծ ցավը մոռանալ չի լինի: Մաղթում եմ, որ մեր երկրում երբեք պատերազմ չլինի:
Ռաֆայել-Ցանկանում եմ, որ հայը վերադառնա իր ավանդույթներին, մեկս մյուսիս հետ հարեւանություն, բարեկամություն անենք, հին երեւանցու տեսակը պահպանվի: Մաղթում եմ, որ մեր թասիբով միշտ տարբերվենք մյուս ազգերից:
Նառա-Մաղթում եմ, որ ամեն մեկս մեր չափով լավատես լինենք, իրար մեծ սեր տանք ու տվածի գոնե կեսը հետ ստանանք:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ