Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորվածների հարազատները ՔԿՀ-ի դիմաց տեսակցություն են պահանջում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը, ով դեկտեմբերի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել, մինչ օրս չի դադարեցրել այն:

ArmLur.am-ի հետ զրույցում Ներսես Պողոսյանի մայրը` Սաթենիկ Պողոսյանը հայտարարեց, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել եւ իր ընտանիքը կդիմի բոլոր քայլերին իր որդուն ազատ արձակելու համար:

«Վերջին անգամ որդուս տեսել եմ դեկտեմբերի 28-ին, շատ վատ վիճակում էր եւ մինչ օրս այլեւս հնարավորություն չեմ ունեցել տեսնել նրան:

Հունվարի 5-ին գնացել եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ ասել են, թե տոների հետ կապված որեւէ մեկը չկա, որ կարող է թույլ տալ տեսնել որդուս: Այլընտրանք չունենալով` քրեակատարողական հիմնարկում գտնվող խանութից գնել եմ հեռախոսային քարտ եւ այն ուղարկել որդուս, որ գոնե նա զանգահարի տեղեկանամ նրա որպիսության մասին, բայց մինչ օրս տեղեկություն չունեմ, թե ինչ վիճակում է տղաս: Այսօր կրկին եկել եմ ՔԿՀ եւ դեռեւս թույլ չեն տալիս տեսնեմ նրան ՝նշելով , թե նրա մոտ այս պահին մեկ այլ անձ է գտնվում»,-ասաց Սաթենիկ Պողոսյանը:

Տիկին Սաթենիկի խոսքով` որեւէ դուռ փակ չի թողնելու եւ այսօրվանից իր որդու ազատ արձակման հարցով ստորագրահավաք է սկսելու:

Նշենք, որ Ներսես Պողոսյանն իր պաշտպանին հայտնել էր, որ հացադուլը չի դադարեցրել և դադարեցնելու մտադրություն չունի: Ասում է՝ մինչև վերջ շարունակելու եմ, անգամ ասում է, որ առաջիկայում նաև ջրադուլ կհայտարարի:

Պաշտպան Արայիկ Պապիկյանի խոքով Ներսես Պողոսյանը հայտնել է, որ ճնշումն 90­­/60 է, նաև դժվարանում է խոսել, հյուծված է:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը:




Լրահոս