Վանաձորի քաղաքապետի ընտրություններից օրեր անց քաղաքապետարանում աշխատանքից ազատման մի շարք դիմումներ գրվեցին: Հոկտեմբերի 9-ից մինչ օրս աշխատանքից սեփական դիմումների համաձայն ազատվել են քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը, համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը, գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Ազատ Իսպիրյանը, ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը:
Քաղաքապետի փոփոխությունից հետո քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեցին նաև աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, ինչպես նաև հայեցողական պաշտոններ զբաղեցնող մի շարք աշխատակիցներ: Աշխատանքից ազատվածների մեծ մասը նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի մտերիմներն էին, ովքեր Դարբինյանի ընտրվելուց ի վեր այդ պաշտոնում էին:
Բաժնի պետի իրենց պաշտոնին հրաժեշտ չտվեցին ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը, քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը, աուդիտի բաժնի պետ Մարինե Չատինյանը և ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: Վերջիններս ևս Դարբինյանի մտերիմ շրջապատից են: Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ է նշանակվել Սուրեն Աբովյանը, ֆինանսական բաժնի պետ՝ նախկինում բաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանը, իրավաբանական բաժնի պետ է նշանակվել Արևհատ Հովհաննիսյանը:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ՝ աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Օհանյանը, ով ընտրվել էր ավագանու անդամ ՀՀԿ ցուցակով, տեղակալի պաշտոնին նշանակվել է Արման Բերնեցյանը: Քաղաքապետի վերջին որոշմամբ մամուլի խոսնակի պաշտոնը ստանձնել է Դինարա Մխոյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ աշխատանքից ազատման դիմումների պատճառ է հանդիսացել քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի՝ «բարենպաստ» պայմաններ ստեղծելը բաժիննների պետերի համար:
Մինչդեռ լրատվամիջոցների հետ զրույցում Ասլանյանը հերքել է, թե բաժինների պետերը ազատման դիմումներ են գրել «կամավոր-պարտադիր» սկզբունքից ելնելով, նշելով, թե իրականում ազատման դիմումները շատ են եղել, փոխարենը 5-6 դիմում է մակագրվել:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր