Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հաճախ ներկայացվող տնտեսական «վարդագույն» ցուցանիշներին, իրականությունը շատ ավելի մռայլ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամսեամիս երկրի տնտեսության համար կարեւոր ճյուղերից մեկը՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 10.9 տոկոսով նվազել են: Այսինքն՝ այդ ընթացքում իրականացվել է ավելի քան 320 մլրդ դրամի շինարարություն: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 32 մլրդ դրամի շինարարություն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 29.4 տոկոսով նվազել են: Ընդհանուր անկման տվյալների վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը: Իսկ, ահա, համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները, հակառակը, ավելացել են 22,9 տոկոսով: Միջազգային վարկերով իրականացված շինարարությունը նույնպես ավելացել է 26.5 տոկոսով, այդ թվում՝ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները, որոնք ավելացել են 25.5, եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքները, որոնց ծավալներն աճել են 46.1 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 9.1 տոկոսով նվազել են բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 30.3 տոկոսով, նվազել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Շինարարության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն կապված է արտաքին կամ ներքին, պետական կամ մասնավոր ներդրումների հետ:

Դրանից ելնելով է մակրոտնտեսական գնահատական կամ տնտեսական միջավայրի գնահատական տալու առումով շինարարությունն ինդիկատոր հանդիսանում: Տնտեսագետները հաճախ բարձրաձայնել են, որ եթե շինարարության աճ չկա, եթե նոր, հիմնական կառույցների գործարկում չկա, դա նշանակում է, որ երկրում ներդրումային վիճակը եւ կապիտալի կուտակման խնդիրները վտանգավոր սահմանների են հասել: Ի՞նչ է սա նշանակում. տնտեսագիտորեն ասած` ընդլայնված վերարտադրության կասեցում: Շինարարության ցուցանիշի նվազումը ևս մեկ ապացույց է, որ մարդիկ ուղղակի ապագայի նկատմամբ կասկածներ ունեն եւ իրենց միջոցները օգտագործում են ոչ թե ապագային միտված ծրագրեր իրականացնելու համար, այլ ընդամենը այդ գումարները ծառայեցնում են իրենց առօրյա խնդիրները լուծելուն: Այսինքն` այն գումարը, որ մարդիկ կարողանում են մի կերպ վաստակել իրենց ամենօրյա երկարատև աշխատանքի շնորհիվ բավարարում է ընդամենը ընտանիքի մինիմալ պահանջների համար, այդ գումարները հիմնականում ուղղվում են սննդամթերքի գնման կամ խիստ անհրաժեշտ կոմունալ ծախսերի վճարման համար:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ շինարարության ծավալների աճ մոտ ապագայում չի կանխատեսում:

«Այս բյուջեով արդեն երեւում է, որ շինարարության ծավալների նվազումը կշարունակվի: Եթե նայեք 2017 թվականի բյուջեն, այնտեղ ամենակարեւոր ցուցանիշներից մեկը ներդրումներ-համախառն ներքին արդյունք հարաբերությունն է, որը մեզ նման երկրների համար պետք է լիներ մոտ 35 տոկոս, եթե մենք ցանկանում ենք իսկապես զարգացում ապահովել եւ դուրս գալ այս իրավիճակից: Հիմա մեզ մոտ 19.1 տոկոս է նախատեսված, իսկ նվազագույնը պետք է լինի 25 տոկոս: Եկող տարվա համար երեւում է, որ շինարարության տեմպերի ակնկալվող ինչ-որ մեծացում չի նախատեսվում, որովհետեւ կապիտալ ներդրումների ծավալներն ավելի են պակասելու համախառն ներքին արդյունքում».-ասաց նա:

Վահագն Հակոբյան




Լրահոս