Ինչն է եղել Նորատուսում փոխմարզպետի որդու սպանության պատճառը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կրակոցներ են արձակվել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, Նորատուս համայնքի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է:

Սպանվածը Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալ, Նորատուսի նախկին համայնքապետ Անդրանիկ Հակոբյանի որդին է:

ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ` սպանության եւ ապօրինի կերպով զենք կրել, պահելու հատկանիշներով:

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նորատուսցի 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Նախաքննությունը շարունակվում է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ կասկածյալը Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի (առավել հայտնի է՝ Չոլի շուն անունով) որդին է:

ArmLur.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, Նորատուսում շրջանառվող լուրերի եւ վարկածների համաձայն՝ կատարվածը որակվում է որպես վենդետա: Ասել է, թե երիտասարդները չպարզաբանված խնդիրներ են ունեցել:

Ըստ այդմ՝ գյուղում խոսում են այն մասին, որ սպանվածը ինչ-որ տարաձայնություններ է ունեցել կասկածյալի հոր՝ Արտակ Հարությունյանի հետ, նրանց միջեւ օրեր առաջ թեժ վիճաբանություն է եղել, սակայն հարցերը վերջնականապես չեն պարզաբանվել:

Հոր եւ Հայկ Հակոբյանի միջեւ տեղի ունեցածի մասին տեղեկացել է տաքարյուն երիտասարդը եւ որոշել «սաստել» հոր ախոյանին: Եվ դեպքերը ողբերգական ընթացք են ունեցել:

Մեխակ Հարությունյանը ըստ նախնական տեղեկությունների՝ երկու կրակոց է արձակել Հակոբյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով 29-ամյա երիտասարդը մահացել է:

Ի դեպ, նորատուսցիները հիշում են, որ ժամանակին կատարվածի կիզակետում հայտնված երկու ընտանիքները շատ մտերիմ են եղել: Թե ինչ սեւ կատու է անցել, հայտնի չէ:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ սպանված Հ. Հակոբյանը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող նորատուսցի եղբայրներ Ալիկ  Արա Բանդուրյանների քեռու որդին էր: Նորատուսում որպես նախնական վարկած էր շրջանառվում այն մասին, որ տեղի ունեցածը նախորդ տարվա նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության շարունակությունն էր: Ասել է, թե հետքերը տարել են այնտեղ: Սակայն այս վարկածն իրավապահներն այնքան էլ արժանահավատ չեն համարում, քանի որ նոյեմբերի 13-ի դեպքի բոլոր հանգամանքները, ըստ ամենայնի, բացահայտված են:

Հիշեցնենք, որ այդ օրը գեղեցկության սրահում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից սպանվել էին Երեւանի բնակիչներ, 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը, եւս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում։ Սույն գործով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին, նրա ընկերոջը Բդոյին, Չարբախցի Գեղամին (Պետրոս Ղազարյանին) եւ նրա երկու ընկերներին։

Առաջադրված մեղադրանքը կալանավորված Ալիկ Բանդուրյանը չի ընդանել եւ հրաժարվել է ցուցմունք տալ։

Դե իսկ հիմա մնում է սպասել, ինչ կպատմի եւ կներկայացնի իրավապահներին ներկայացած 20-ամյա կասկածյալը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս