Բնակիչներն ահազանգում են՝ շենքերի բակերը սառցակալած են. «Սանիթեքը» «մատը մատին» չի տալիս (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրությունն արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ ահազանգեր է ստանում Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներից  այն մասին, որ իրենց բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մայթերին առատ ձյան  պատճառով   գոյացել են սառցաբեկորներ, որի հետևանքով մարդիկ սայթաքել  են՝ ստանալով տարբեր աստիճանի կոտրվածքներ:

Ըստ նրանց՝ արդեն մի քանի օր է ինչ բնակիչները չեն նկատել ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ «Սանիթեք»-ի ներկայացուցիչներին մաքրման աշխատանքներ կատարելիս:

Այս խնդրի շուրջ  ArmLur.am- ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ  Երևանի բոլոր վարչական շրջաններին տրամադրվել են համապատասխան չափի աղի և ավազի խառնուրդներ.  «Առաջնահերթությունը դրվել է թեքային հատվածների վրա, քանի որ այնտեղ սահելու հավանականությունն ավելի մեծ է»:

Արթուր Գևորգյանի խոսքով՝  այն հատվածներում, որտեղ աղ ու ավազով մշակում չի արվել, տեղի պատասխանատուները կենթարկվեն համապատասխան տույժերի: Վերջինս նշեց նաև, որ բարձրացված  խնդրի շուրջ կկատարվեն համապատասխան  ուսումնասիրություններ:

ArmLur.am-ը զրուցեց նաև «ՍԱՆԻԹԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մամլո խոսնակ Էլեոնորա  Շխրդյանի հետ:

«Բողոքներ լինում են, որ ստանում ենք, դրանք միանգամից փոխանցվում են համայնքի պատասխանատուներին և ղեկավարներին և բողոքի հասցեներով գնում ենք: Բոլոր հասցեներում էլ մաքրման աշխատանքներ կատարվում են: Գրաֆիկ ունենք, դրանով աշխատում ենք»,-նշեց նա:

Ստացվում  է, որ  ArmLur.am-ը մինչև քաղաքացիների խնդրով չդիմեց «ՍԱՆԻԹԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, այն, թերևս, չէր պատրաստվում «մատը մատին տալ» :

Հավելենք, որ և՛ Երևանի քաղաքապետարանից և՛  «ՍԱՆԻԹԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից մեզ հավաստիացրին, որ անմիջապես կձեռնարկվեն համապատասխան գործողություններ: Իսկ մենք համակ ուշադրությամբ կհետևենք այդ աշխատանքներին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս