Թուրքիան Եվրոպայից հետ է ընդունել 801 անօրինական փախստականի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 4-ից ուժի մեջ էր մտել փախստականների անօրինական ներհոսքի կանխարգելման նպատակով Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված պայմանագիրը: Թուրքական «Hürriyet» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայմանագրի շրջանակներում մինչ օրս Թուրքիան հետ է ընդունել 801 անօրինական փախստականի, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան էին անցել 2016թ. մարտի 20-ից հետո:

Դրա դիմաց ԵՄ երկրներն իրենց հերթին օրինական ճանապարհով Թուրքիայից ընդունել են 2672 սիրիացի գաղթականի: Ընդ որում, մասնավորապես Գերմանիան ընդունել է 1.060, Ֆրանսիան՝ 438, Նիդերլանդները՝ 409 փախստական:

Նշենք, որ վերոնշյալ պայմանագրով Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել 2016թ. մարտի 20-ից հետո իր տարածքով Եվրոպա մուտք գործած բոլոր անօրինական գաղթականներին: Իսկ ԵՄ երկրները պարտավորվել են օրինական ճանապարհով ընդունել ճիշտ նույնքան փախստականների, որքան անօրինական փախստականներ կարտահանձնվեն Թուրքիային: Նրանց թիվը, սակայն, սկզբնական շրջանում չպետք է գերազանցի 72.000-ը: Ընդ որում, արտահանձնվող փախստականների ճանապարհային բոլոր ծախսերը պետք է հոգա Եվրամիությունը:




Լրահոս