Արդեն հայտնել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված 2016թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ: Նրանք հայտարարության մեջ հայկական կողմին նաև կոչ են անում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին: Հայտարարության շուրջ զրուցեցինք քաղաքագետ Ստյոպա Աաֆարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ գնահատական չկա, թե ինչ է տեղի ունեցել, հավելելով, որ այս կերպ նաև կարծես հավասարության նշան է դրվում հայկական և ադրբեջանական կողմերի միջև:
«Հավասարության նշան է դրվում այն առոմով, որ չի ասվում, թե ով է հարձակման փորձ կատարել: Նշվում է, որ սահմանի վրա հարձակման փորձ է տեղի ունեցել և մեղավորին մատնացույց չի արվում, ինչը խնդիր է և բնորոշ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, որոնք եղել են նախկինում: Որևէ ձեռագրի փոփոխություն չկա», – նշեց նա:
Աաֆարյանի խոսքով` այս հայտարարությունն անելու համար երեք պատճառ է եղել: Քաղաքագետը նշեց, թե առաջինն այն է, որ կողմերը շարունակում են միմյանց մեղադրել, թե ով է հարձակման փորձը կատարել: «Այս կտրվածքով Մինսկի խումբն ուզում է առիթն օգտագործել հետաքննական մեխանիզմների ներդրման համար, որը չափազանց տեսանելի է հայտարարության տեքստում: Սա միանգամայն սպասելի է, քանի որ վերջին ամիսներին որևէ շոշափելի արդյունք չի եղել Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ», – ընդգծեց նա:
Սաֆարյանն անդրադարձավ նաև հայկական կողմին արված կոչին, որով Մինսկի խումբն առաջարկում է հետևել Աստրախանի պայմանագրին և վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին: «Քանի որ վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր այն վերադարձնելու ուղղությամբ, բայց հայկական կողմը դեռևս չի շտապում այն հանձնել, նրանք դիմել են Մինսկի խմբին: Սակայն այստեղ էլ Մինսկի խումբը մոռանում է, որ նույն Աստրախանի պայմանավորվածություններից հետո Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծին տեղի ունեցավ ուղղաթիռի միջադեպը, որտեղ Ադրբեջանը բացահայտ չկատարեց այդ պայմանավորվածությունները», – հիշեցրեց նա:
Քաղաքագետը ընդգծեց, որ Մինսկի խմբում շատ լուրջ խնդիր կա, և խոսքը վերաբերում է անհետևողականությանը, երբ այդ իրավիճակում ԵԱՀԿ-ն անզոր գտնվեց պարտադրել Ադրբեջանին: «Հիմա ԵԱՀԿ-ն հայկական կողմի վրա սրտնեղելու ոչ մի առիթ չունի: Իրենք շարունակում են գնահատական չտալ տեղի ունեցածին», – հավելեց նա:
Նաիրա Հովհաննիսյան