Նվազեցվել է ԱԱՀ վերադարձի շեմը՝ 100 հազար դրամից դառնալով 50 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը սահմանվել է 50.000 դրամ՝ 100.000 դրամի փոխարեն: Հստակեցվել է նաև, որ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը տառասխալներով լրացնելը չի կարող ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձի մերժման հիմք հանդիսանալ, եթե գումարի վերադարձման համար անհրաժեշտ մյուս վավերապայմանները պահպանված են: Փոփոխություններն ուժի մեջ են 2017 թվականի հունվարի 1-ից:

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը մեկնարկել է 2014 թվականի մարտից: Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս: Այն գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է «Tax free invoice» կամ ՀԴՄ «Tax free» հաշիվ և կտրոն, միևնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 50 հազար դրամը (նախկինում՝ 100 հազար դրամը), ԱԱՀ-ն՝ 8 335 դրամը (նախկինում՝ 16 670 դրամը), և, եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը:

Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչև 90 օրվա ընթացքում: «Tax free» համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը: Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Օտարերկրյա քաղաքացիները վերադարձման ենթակա գումարը կարող են ստանալ բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս