Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու հատկանիշներով քրեական գործ:
Դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին:
Այսպես, կնոջ եղբոր սպանության դեպքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով Արթուր Խաչատրյանը սպանվածի կնոջ տանը գաղտնալսող սարք է տեղադրել:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Խաչատրյանը, նպատակ ունենալով տեղեկություններ հավաքել իր կնոջ եղբոր` Սամվել Շահվերդյանի սպանության դեպքի վերաբերյալ, վերջինիս կնոջ բնակարանի խոհանոցում գտնվող գազի անվտանգության ձայնաազդանշանային սարքի մեջ 2016 թվականի փետրվարի 2-ին տեղադրել է «N9» տեսակի «GSM» թրեքեր, որը շահագործելով առանց Լիանա Հարությունյանի համաձայնության՝ օրենքով չնախատեսված եղանակով մինչև սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը գաղտնալսելու միջոցով հավաքել է նրա և նրա ընտանիքի անդամների անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ:
Արթուր Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: