13.6 մլն դրամ` չինական դպրոցի շինարարության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում չինական դպրոցի շինարարական աշխատանքների համար պետական միջոցներից կծախսվի մոտ 13.6 մլն դրամ: Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացվեց մոտ 13.6 մլն դրամ՝ Հայաստանում չինական դպրոցի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների եւ ծառայութունների գնման համար:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նշված գումարից 6 կիլովատ մալուխների տեղափոխման ու սնուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով կծախսվի 9.6 մլն դրամ: Իսկ 3 մլն 150 հազար 500 դրամը նախատեսված է ծախսել արտաքին ջրամատակարարման եւ կենցաղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների համար:

Նշենք, որ չինական աշխատակազմի ժամանակով բնակավայր եւ շինանյութի պահեստ կառուցելու համար այս տարվա մարտի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում 1000 քմ հողատարածքի վարձակալության ծախսերի փոխհատուցման նպատակով կհատկացվի 0.5 մլն դրամ: Իսկ մալուխների տեղափոխման եւ սնուցման, արտաքին ջրամատակարարման եւ կենցաղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների տեխնիկական եւ հեղինակային հսկողության իրականացման նպատակով հատկացվել է 315 հազար դրամ: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դեկտեմբերի 26-ին պայմանագիր է կնքել կապալառու «Էներգոսիսթեմս» ՍՊԸ-ի հետ:

Այս պայմանագրի ընդհանուր գինը կազմում է մոտ 9.6 մլն դրամ, որից 1.6 մլն դրամը՝ ԱԱՀ-ն է: Նշված ընկերությունը պետք է 6 կիլովատ մալուխների տեղափոխման ու սնուցման շինարարական աշխատանքներն իրականացնի: Իսկ արտաքին ջրամատակարարման եւ կենցաղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքներ իրականացնելու է «Շինմաստեր» ընկերությունը, որի հետ ԿԳՆ-ն պայմանագիր կնքել է դեկտեմբերի 23-ին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս