Եվրախորհրդարանի պատգամավորին ներկայացվել են Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի հետեւանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ՀՀ ԱԳՆ-ում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, շարունակվող ոլորտային երկխոսությանը եւ այլ հարցերի: Պատգամավորի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ զարգացման հեռանկարները:

Ընդգծվել է նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի հետևողական իրականացման ու դրանց հանդեպ գործադիր եւ օրենսդիր մակարդակներում մշտական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը:

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետեւանքների վերացման ու բանակցային գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համատեքստում երկուստեք կարեւորվել է հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում եւ եվրոպական հանրային կարծիքում իրազեկվածության բարձրացումը:

Մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումների շուրջ:




Լրահոս