Գիտաշխատողները կզրկվե՞ն հավելավճարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ գիտական աստիճան ունեցող գիտնականներն այս տարվա հունվարից հավելավճարներ չեն ստանա: Նշենք, որ գիտաշխատողներին տրվող հավելավճարները ավելացնելու որոշում ՀՀ կառավարությունը կայացրել էր դեռեւս 2014 թվականին՝ գիտության թեկնածուի համար սահմանելով 25, իսկ դոկտորների համար՝ 50 հազար դրամ՝ նախկին 10-20 հազար դրամի փոխարեն: Սակայն հավելավճարների չափի ավելացման արդյունքում որոշ գիտական կազմակերպություններ եւ բուհեր սկսեցին պետական ծրագրերի իրականացման աշխատանքներում լրացուցիչ ներգրավել գիտական աստիճան ունեցող եւ նվազագույն աշխատավարձ ստացող անձանց: Արդյունքում նրանց մասնաբաժինն ավելացավ 20 տոկոսով, հետեւաբար ավելացավ նաեւ պետական հատկացումները:

Մասնագետների պնդմամբ՝ այս ճանապարհով պետական միջոցները վատնվել են: Արդյունքում՝ 2015 թվականին, կառավարությունը որոշեց խնայել պետական միջոցները եւ հավելավճար չտրամադրել այն գիտաշխատողներին, որոնք մեկ դրույքից պակաս զբաղվածություն ունեն: Այժմ ակտիվ քննարկվում է այն, որ այս տարվա հունվարից գիտական աստիճան ունեցող գիտնականներն այլեւս չեն ստանա իրենց հավելավճարները: Այս լուրերը խիստ մտահագություններ են առաջացրել գիտական աստիճան ունեցող անձանց շրջանակներում:

Այս առիթով Armlur.am-ը դիմեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա և  հետաքրքրվեց՝ այս տեղեկությունները արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից հայտնեցին, որ ներկայումս գիտական աստիճան ունեցող գիտնականներին հավելավճարից զրկելու մասին կառավարության որոշում չկա: Իսկ հավելավճարներից զրկելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին՝ հավելավճարների գումարները նախատեսված են 2017 թվականի պետական բյուջեով: Armlur.am-ը տեղեկացավ, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու համար նախատեսվել են 840.3 մլն դրամ: Մինչդեռ անցած տարվա պետական բյուջեով հատկացվել էր 941.7 մլն դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս