ArmLur.am-ն արդեն գրել էր, որ Գեղարքունիքի մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցվել հոկտեմբերի 2-ին Վարդենիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների մասով: Բանն այն է, որ Վարդենիսի բնակիչներից շատերը բողոքել են, թե այդ օրը գնացել են ընտրությունների, սակայն իրենց անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ:
–Պարո´ն Խլոյան, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ընտրակեղծարարություն է եղել և իրավապահները քննություն են սկսել: Տեղեկություններ տարածվեցին, որ Դուք բավականին անհանգստացած եք:
-Որևիցե մտավախություն չունենք, մեր ընտրությունները կայացել են ժողովրդավարական: Ընդդիմադիրները, եթե զեղծարարություն են արել թող գնան իրենց… Մենք որևիցե զեղծարարություն չենք արել: Իրավական, օրենքով սահմանված կարգով մարդիկ արել են, իսկ այն ինչ-որ կա աբսուրդ է:
– Ձեզ իրավապահները կանչե՞լ են հարցաքննության:
-Այդպիսի բան գոյություն չունի, եթե կանչեն` երևի հանձնաժողովներին կամ անձնագրային բաժիններին: Ես ի՞նչ կապ ունեմ:
–Այսինքն՝ Դուք վստահ եք, որ այդ կեղծարարություններն իրականացրել են հանձնաժողովի անդամները և Դուք որևէ բանից տեղյակ չե՞ք:
-Նման կեղծարարություն, ընդհանրապես, գոյություն չունի:
-Այդ դեպքում, հիմա դատախազությունն ի՞նչ է քննում, եթե կեղծարարություն չի եղել:
-Ես չգիտեմ ինչ են քննում, եթե իրավական է եղել ամեն ինչ, օրենքով սահմանված կարգով որևիցե խախտում չի եղել: Այսօր ցավը գիտեք ինչումն է, որ բանսարկուներին եք լսում:
–Փաստ է մեկ բան, որ դատախազությունը քննություն է սկսել, Դուք չե՞ք վախենում այնպիսի բացահայտումներ անեն, որ լքեք Ձեր նոր ստանձնած աթոռը:
-Ես որևիցե մտավախություն չունեմ: Եթե մենք որևիցե սխալմունք ունենայինք հիմա հրդեհել էին: Իմ ժողովուրդը գնացել է իրավական ձևով ընտրությունը կատարել է: Այդպիսի ընտրություն աշխարհում գոյություն չունի, մաքուր ընտրություն է եղել:
Լիդա Եղիազարյան