ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա կառավարության առաջին նիստում գործադիրը որոշում է կայացնելու լուծարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը:
Ընկերության լուծարումը պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացման նպատակով, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով: Քանի որ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից չունի այլ գործառույթներ:
Ներկայումս գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռասիա» ՖԶԷ ընկերության հետ բանակցություններն անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է համարվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել: Կառավարության մեկ այլ որոշմամբ կլուծարվի նաև «Վարչա-տնտեսական» փակ բաժնետիրական ընկերությունը: