Ապրանքաշուկաներում տոնական օրերին գնային ինչ փոփոխություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական կարեւորության ապրանքների գները Ամանորին կայուն են եղել: Նման եզրակացության է եղել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որի դեռեւս Ամանորից առաջ ստեղծված աշխատանքային խումբը իր գործառույթներն իրականացրել է նաեւ տոնական օրերին՝ գերիշխող ապրանքային շուկաներում գների արհեստական բարձրացումները, ինչպես նաեւ հնարավոր հակամրցակցային գործողությունները կանխարգելելու նպատակով:

ՏՄՊՊՀ-ից  հայտնում են, որ Հանձնաժողովի դիտակետում են հիմնականում առաջնային սպառման եւ սոցիալական կարեւորության խոշոր շուկաները Հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խումբը ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնել Երեւան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ հսկողության տակ պահելով ավելի քան 150 ապրանքատեսակների գնային փոփոխությունները: Դրանք լայն սպառման այն ապրանքատեսակներն են, որոնք սպառողների համար ունեն կարեւոր սոցիալական նշանակություն:

Իրականացված դիտանցումները արձանագրել են, որ մինչեւ 2016-ի դեկտեմբերի վերջ նշված ապրանքատեսակների գները նախորդ ամիսների համեմատ էական փոփոխությունների չեն ենթարկվել: 2017 թվականի առաջին տասնօրյակի մոնիթորինգի տվյալներով, Երեւան քաղաքի խոշոր մանրածախ վաճառակետերում տոնական օրերից հետո եւս գնային փոփոխություններ չեն նկատվում, հիմնականում դիտարկվող ապրանքատեսակների գները անփոփոխ են:

Որոշ ապրանքատեսակների գներ ունեցել են նվազման միտում: Որպես օրինակ, նշենք, որ եթե 2016 թվականի դեկտեմբերի վերջին ձեթի մանրածախ վաճառքի գինը կազմել է 715-720 դրամ, ապա 2017 թվականի հունվարին նույն ձեթի վաճառքը իրականացվել է 685-690 դրամով: ՏՄՊՊՀ մոնիթորինգի համաձայն, հացամթերքի, կաթնամթերքի, նպարեղենի, երշիկեղենի, նրբերշիկեղենի, սուրճի, թեյի, մանրածախ վաճառքի գները մնացել են նույն մակարդակի վրա:

Ինչ վերաբերում է գնային բարձրացումներին, ապա նշենք, որ նախատոնական օրերին փոփոխություններ են դիտարկվել մրգեղենի որոշ տեսակների գծով, սակայն դրանք կրել են կարճաժամկետ բնույթ եւ հետագա օրերին վաճառքի գները վերադարձել են նախկին մակարդակին:

Մասնավորապես 2016 թվականի դեկտեմբերին բանանի միջին մանրածախ գինը կազմել է 760 դրամ, միայն դեկտեմբերի վերջին օրերին այս ապրանքատեսակի գինը 1 կիլոգրամի հաշվով բարձրացել է մինչեւ 30 դրամով՝ կապված պահանջարկի ավելացման հետ: Սակայն 2017 թվականի հունվարի առաջին օրերին արդեն բանանի գինը ոչ միայն վերադարձել է նախկին մակարդակին, այլ ներկայումս այն վաճառվում է ավելի ցածր գնով 720 դրամով:

Ամփոփելով, նշենք, որ Հանձնաժողովի ամենօրյա դիտանցումների արդյունքներով ներկա պահին սոցիալական կարեւորության ապրանքների գծով գնային էական տատանումներ չեն դիտարկվել: ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը խոշոր խանութներում կշարունակի դիտանցումներ իրականացնել, իսկ գնային չհիմնավորված փոփոխություններ արձանագրելու դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:




Լրահոս