Եթե քաղաքական ուժերը համախմբվեն, իհարկե, ես օգտակար կլինեմ, բայց, եթե չեն համախմբվում, իմաստ չունի քաղաքականությամբ զբաղվել: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, հավելելով, որ համախմբելու, միավորելու ցանկություն չունի, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում:
Հարցին` այս ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկումներ եղե՞լ են, նա նշեց. «Ընդհանուր քննարկումներ լինում են: Իհարկե հանդիպում ենք, ընդհանուր հարցերի շուրջ խոսում ենք, բայց կոնկրետ քաղաքական ուժերի համախմբում կամ այլ նման բան չկա»:
Մեր այն հարցին` Ձեր վերադարձից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ ունեցել եք, Բաբայանը պատասխանեց. «Այս ընթացքում ոչ: Եթե չեմ սխալվում օգոստոս ամսին եմ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել և ընդհանուր սկզբունքների շուրջ խոսել: Իսկ Սերժ Սարգսյանի հետ ես ընդհանրապես չեմ հանդիպում: 2007 թվականից չեմ տեսել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան