Հերթական ՊՈԱԿ-ի լուծարմամբ կտնտեսվի ավելի քան 9 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կլուծարվի: Նշենք, որ ՊՈԱԿ-ը գտնվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ենթակայության տակ: Լուծարումը պայմանավորված է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հոկտեմբերի 4-ի հանձնարարականով: Ըստ որի՝ վարչապետը հանձնարարել էր նախարարներին վերանայել նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարությունը:

«Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2033 թվականի որոշմամբ եւ գործում է ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության համակարգում: ՊՈԱԿ-ի լուծարման դեպքում ծառայությունը կենտրոնի փոխարեն կիրականացնի հետեւյալ աշխատանքները. համակարգչային ծառայությունների ձեռքբերում, որի շրջանակներում է ծառայության տեղեկատվական 7 բազաների, ընդհանուր թվով ինտերնետային 16 համակարգերի ծրագրային ապահովման սպասարկումը եւ զարգացումը եւ այլն:

Ի դեպ, կենտրոնում իրականացվում է նաեւ Ադրբեջանից բռնագաղթած անձանց, ՀՀ-ում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերի հաշվառումը եւ այլն: Ներկայումս կենտրոնում առկա են 106 հազար 700 անձնական գործեր: Դրանց թվային աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ եւ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է եւս 3 տարի: Այդ աշխատանքների իրականացումըը նախատեսվում է կազմակերպել կենտրոնի կողմից ներկայումս զբաղեցրած աշխատանքային տարածքների մի մասում, որտեղ գտնվում են թվայնացման ենթակա անձնական գործերը: Այն զբաղեցնում է շուրջ 100 քմ տարածք:

Ընդ որում այդ տարածքում են գտնվում անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 5 աշխատատեղեր: Այսինքն՝ վերը նշվածից բացի անհրաժեշտ է ծառայության աշխատակազմի թվաքանակը ավելացնել եւ 2 հաստիքային միավորով: Նշենք, որ առաջիկայում լուծարվող ՊՈԱԿ-ը ունի 145 աշխատող, ի դեպ 2017 թվականի պետական բյուջեից հատկացումների ծավալը կազմել է 38 մլն 812 հազար 800 դրամ: Ստացվում է, որ լուծարման արդյունքում առաջիկայում 100-ից ավել մարդ գործազուրկ կդառնա: Իսկ պետական միջոցներից կտնտեսվի 9 մլն 208 հազար 500 դրամ:




Լրահոս